Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՏԵՍՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԸ



ԱՏԵՍՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԸԶինված ուժերում շարունակվում են ատեստավորման քննությունները: Սահմանված ժամանակացույցով սպաներն ու պայմանագրայինները հանձնում են ստուգարքներ տարբեր առարկաներից: Բարձր գնահատական չստանալու դեպքում զինծառայողը կարող է ուժերը կրկին փորձել կարճ ժամանակ անց: Այս գործընթացը դարձել է զինված ուժերի կենսագործունեության անբաժանելի բաղադրիչը: Պարբերաբար գնահատվում են անձնակազմի կարողությունները, և ըստ հավաքած միավորների՝ ավելանում է նրանց դրամական բավարարումը:

 

Ֆիզիկապես կոփված, իրենց ուժերին վստահ երիտասարդ սպաները մասնակցում են ատեստավորման քննություններին։ Առաջինը ֆիզիկական պատրաստության ստուգարքն է: Քննական այս առարկայի չափորոշիչները հստակ են, գնահատման ընթացակարգը՝ նույնպես: Որքան շատ ձգումներ պտտաձողի վրա, այնքան բարձր կլինի գնահատականն ու ատեստավորման վերջնարդյունքը։

-Զինված ուժերի քառամարտի չեմպիոն եմ: Ռազմական ակադեմիան ավարտել եմ գերազանցության դիպլոմով, տրամադրված եմ ատեստավորումը նույնպես հանձնել գերազանց,- ասում է Ռուբեն Շահնազարյանը: -Ծառայելն ինձ համար մեծ պատիվ է: Ես ձգտում եմ պարտականություններս լավ կատարել և լինել լավ սպա: Ուրեմն՝ գործընթացին պարտավոր եմ ներկայանալ շատ լավ մակարդակով, քննությունները հանձնել գերազանց և օրինակ ծառայել: Իհարկե, դժվարություններ կան, բայց եթե կամք և ցանկություն կա, բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են:

Հովհաննես Հակոբյանի մեկնարկն էլ ոգևորիչ է՝ 28 ձգում է կատարել:

-Ատեստավորման գործընթացը կարևորում եմ, որովհետև զինծառայողի մարտական ոգին, պատրաստականությունը միշտ բարձր մակարդակի է: Ֆինանսական աջակցությունն էլ գերազանց ներկայանալու լրացուցիչ խթան է: Մինչ այս պարապել եմ լավ մարզավիճակ ունենալու համար: Քննություններին նախապատրաստվելիս լրացուցիչ մարզվել եմ: Շարունակելու եմ հետևել իմ մարզավիճակին, մասնագիտական գիտելիքներս զարգացնել:

Սպաներից յուրաքանչյուրն է այս կարծիքին։ Երկար ժամանակ ինքնապատրաստվել են, ֆիզիկապես կոփվել ու մասնագիտորեն կատարելագործվել, և այժմ ժամանակն է քննական հանձնաժողովին ներկայանալ պատշաճ։

-Ցուցանիշներս բարելավել եմ, նոր արդյունքս 28 ձգումն էր պտտաձողի վրա: Շատ գոհ եմ, -պատմում է Վաչե Մխիթարյանը: -Ատեստավորումը մեր սպաների համար իրենց ֆիզիկական պատրաստությամբ և կրթությամբ ավելի շատ զբաղվելու լավ հնարավորություն է: Պարզապես հարկավոր է ունենալ ուժեղ կամք, նպատակին հասնելու ձգտում: Ծառայության ընթացքում նույն կերպ առաջնորդվելով՝ որպես սպա պետք է ավելի բարձր արդյունքներ ապահովենք: Բանակին լավ սպաներ միշտ պետք են:

Ատեստավորմանը մասնակցող երիտասարդ կին սպաներն էլ վստահեցնում են՝ զինվորական ծառայության ընթացքում ամեն դժվարություն հաղթահարելի է: Նրանց գնահատմամբ՝ գործընթացն ավելի մարտունակ դառնալու, ինքնակրթվելու և բանիմաց լինելու կարևոր նախադրյալ է։

Սուսաննա Գրիգորյանը հրետանավոր է, դասակի հրամանատար։ Իր օրինակով է փաստում՝ եթե կրում ես զինվորական համազգեստ, պետք է ծառայության ամեն մանրուքի վերաբերվես ամենայն պատասխանատվությամբ ու ձգտես ամենաբարձր նշաձողի։

-Ատեստավորումը սպային ստիպում է կոփվել, աշխատել, ինքնակրթվել: Եթե սպան մասնագիտական, ֆիզիկական լավ որակներ ունենա, դա օգուտ կլինի թե՛ իրեն, թե՛ ենթակա անձնակազմին: Ինչքան գրագետ, ֆիզիկապես պատրաստված սպա՝ այդքան լավ պատրաստված զինվոր: Իմ ընտրած ուղին պարտավորեցնող է: Համազգեստ կրողը պետք է փորձի առավելագույնին ձգտել, որովհետև իրենից շատ բան է կախված: Անձնակազմը միշտ սպասելու է իմ տված հրամաններին ու կատարած գործողություններին: Իսկ դրա համար պետք է անընդհատ կատարելագործվել:

Քննությունները չհանձնելու մտավախություն ունեցողներին էլ իմ անձնական օրինակով խորհուրդ կտամ պարապել և փորձել ատեստավորվել: Շատ հեշտ է:

Ատեստավորման գործընթացի շրջանակում ստուգվում են նաև շարային վարժաձևերի կատարման հմտությունները։ Զինծառայողները, սակայն, անկեղծանում են՝ քննություններից համեմատաբար դժվարն ու անկանխատեսելին կրակային պատրաստության ստուգարքն է։ Որոշակի լարվածությունը երբեմն խանգարում է խոցել տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախները: Այդուհանդերձ, սպաների գերակշիռ մասը քննական այս փուլը ևս ամփոփում է լավ և գերազանց գնահատականներով։ Նրանց թվում է Իլյա Սարոյանը:

-Կրակային պատրաստության քննությունը հանձնեցինք գերազանց արդյունքներով: Կատարեցինք զորատեսակների համար նախատեսված ստուգողական հրաձգային վարժությունը: Ոգևորությունը մեծ է: Իմ կարծիքով՝ ատեստավորումը մեծ դեր է խաղում անձնակազմի մարտունակությունը բարձրացնելու գործում: Բացի այդ, դրամական բավարարումը բավական բարձրանում է: Սպան ավելի ուշադիր և նվիրված է ծառայում, չի շեղվում մասնագիտական պարտականությունների կատարումից, եթե իր ընտանիքը սոցիալական ոչ մի խնդիր չունի:

Կրակային պատրաստության ստուգարքին էլ հաջորդում է ատեստավորման գործընթացի վերջին փուլը։ Հարցաշարերի միջոցով ստուգվում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների իմացությունը։ Բոլոր առարկաների արդյունքների հանրագումարով էլ կձևավորվի  նրանց ընդհանուր գնահատականը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #35 (1548) 23.10.2024 - 30.10.2024, Ազգային բանակ


06/11/2024