Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐԿՆԱԿԻ ՊԱՏԻՎ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ 



ԿՐԿՆԱԿԻ ՊԱՏԻՎ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Նոյեմբերի 17-ը «սպիտակ բանակի» մարտիկների՝ ռազմական բժիշկների օրն է: Նրանց մարտական խնդիրը կյանքեր փրկելն է, և յուրաքանչյուր փրկված կյանք նրանց մասնագիտական ու անձնական հաղթանակն է:

Բուժծառայության փոխգնդապետ Սամսոն Բազիկյանը 21 տարի է՝ ծառայում է զինված ուժերում: Նրա գերդաստանում էլի բժիշկներ կան, բայց ինքն առաջին ռազմական բժիշկն է։

-Զինվորական բժիշկն այն եզակի մասնագետներից է, որ իր գործունեությունից առաջ երդվում է երկու անգամ՝ որպես զինվորական եւ որպես բժիշկ: Երկու ուղղությամբ էլ ուրույն ու կարեւոր գործառույթ է իրականացվում, մի խոսքով՝ կրկնակի պատասխանատվություն է ու կրկնակի պատիվ,- ասում է փոխգնդապետ Բազիկյանը:

Մարդկանց օգնելու և պաշտպանելու  ձգտումները համատեղվելով՝ դարձան շարժիչ ուժ եւ ուղղորդեցին Սամսոնին ընդունվելու Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ: Ինտերնատուրան ավարտելուց հետո ծառայել է սահմանային տարբեր զորամասերում՝ գնդի բուժկետի բժիշկ-մասնագետ, բուժկետի պետ, բուժծառայության պետ:

2016-2019 թվականներին կլինիկական օրդինատուրայում ընդհանուր թերապեւտի մասնագիտական որակավորում անցնելուց հետո ծառայության անցավ ռազմաբժշկական  կրտսեր մասնագետների պատրաստության դպրոցում:

-Ռազմաբժշկական  կրտսեր մասնագետների, սանհրահանգիչների եւ բուժակների  պատրաստությամբ է զբաղվում դպրոցը: Այնտեղ առաջին եւ մինչբժշկական օգնության նրբություններն են ուսուցանում՝ կանխարգելիչ բուժօգնություն, առօրյա բժշկություն և մարտական պայմաններում կազմակերպվող բուժօգնություն: Դպրոցից ծառայության են մեկնում գործնական գիտելիքների և հմտությունների բավականին մեծ պաշարով,- նշում է բուժծառայության փոխգնդապետը: -Սանհրահանգիչների, բուժակների առաջին խնդիրը հիվանդի, վիրավորի կյանքի պահպանումն է մինչեւ հոսպիտալացվելը: Անհրաժեշտության դեպքում՝ նրանք արագ դադարեցնում են արյունահոսությունը, ճիշտ մշակում եւ վիրակապում են վերքերը, անշարժացնում կոտրվածքների հատվածները, վիրավորներին տարհանում մարտական գործողությունների շրջանից: Ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքների շնորհիվ կրտսեր մասնագետները բավականին  արհեստավարժ են գործել մարտական գործողությունների ժամանակ, եւ այս ամենն իրականացրել են կրակի տարափի տակ, հաճախ կյանքի գնով:

Մարտական թոհուբոհն անցած  փոխգնդապետը փաստում է.

-Ռազմական եւ խաղաղ պայմաններում գործող բուժանձնակազմի աշխատանքը, բնականաբար, տարբեր է: Խաղաղ պայմաններում պլանային վիրահատությունների ժամանակ հանգիստ, առանց լարվածության կարող ես մանրակրկիտ հետազոտել հիվանդին, գնահատել հնարավոր ռիսկերը, հարկ եղած դեպքում՝ խորհրդակցել որևէ մեկի հետ: Ռազմական օղակի բուժծառայողի գործն ավելի բարդ է, հատկապես պատերազմական իրավիճակում: Երկար մտածելու, քննարկելու ժամանակ չունես, ամեն րոպեն վճռորոշ է, ճակատագրական, պետք է հնարավորինս արագ կողմնորոշվել, ճիշտ որոշումներ կայացնել եւ գրագետ օգնություն ցուցաբերել: Այդ ամենին զուգահեռ, պարտադիր է սեփական հույզերդ, ապրումներդ կառավարել ու սառնասրտորեն գործել, ինչն աներեւակայելի դժվար է…

Պատերազմական օրերից բազմաթիվ հիշողություններ ունի բժիշկը: Անթաքույց հիացմունքով պատմում է զինվորների, կամավորականների, նաև իր գործընկերների ոգեղենության, նվիրումի մասին:

-Տղաներ կային, որ դեռ մի կարգին բուժում չստացած, խնդրում, պարտադրում էին իրենց շտապ դուրս գրել, կրկին ճակատ ուղարկել: Նրանց մարտական ոգին անչափելի Էր: Տեսել էին պատերազմի ողջ դաժանությունը, բայց էլի շտապում էին լինել զինակից ընկերների կողքին։

Նույն նվիրումով էլ սպիտակ բանակի մարտիկներն էին գործում, անելով  հնարավորինն ու անհնարինը վիրավորի կյանքն ու առողջությունը պահպանելու համար: Բուժանձնակազմի բոլոր օղակներն էլ միակուռ թիմ դարձած գերազանց գործեցին իրենց «առաջնագծում»,- ասում է փոխգնդապետը։

Իր «առաջնագծում» նվիրված ծառայության համար բուժծառայության փոխգնդապետ Սամսոն Բազիկյանը վերջերս պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (1550) 12.11.2024 - 18.11.2024, Ազգային բանակ, Ճակատագրեր


28/11/2024