Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐՈՇՎԵԼ Է ՏԱՆԿԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ



ՈՐՈՇՎԵԼ Է ՏԱՆԿԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԸԶինված ուժերում անցկացվեցին տանկային համաբանակային խաղերը: Մրցույթի նպատակն էր ստուգել անձնակազմի կարողությունները, գնահատել լավագույններին, նաև նոր շնչառություն հաղորդել զորատեսակին, որ մարտական անուրանալի ուղի է անցել: Տանկային լավագույն անձնակազմի մրցույթին մասնակցել են զորամիավորումների լավագույն թիմերը: Կահավորված երթուղում տանկային ստորաբաժանումները կատարել են տարբեր առաջադրանքներ, հաղթահարել արգելագոտիներ՝ մարտական հրաձգությամբ:

Հանրապետության ամենամեծ զորավարժարանում անցկացված հայրենական բիաթլոնն իրականում տանկային լավագույն անձնակազմների ամենամյա մրցույթ է, պարզապես նոր ձևաչափով, նոր բովանդակությամբ ու մրցակցային նոր հնարավորություններով։

Տանկային մրցույթի ղեկավար Գագիկ Գևորգյանը մանրամասներ է ներկայացնում միջոցառման վերաբերյալ:

-Մրցույթն ինքնին մրցակցություն է, բայց նաև ուսուցման մի տեսակ է, որի ժամանակ տարբեր զորամասերի տանկային ստորաբաժանումների զինծառայողները շփվում են իրար հետ, սովորում են իրարից, զարգացնում են իրենց մասնագիտական ունակությունները: Այդպես բոլորս ենք շահում, առաջ գնում մեր գործում: Ընտրվել է մրցման համալիր ձևաչափ՝ կրակային խնդիրներով, մեքենավարման արգելքների հաղթահարմամբ: Երթուղին ներառում է տարբեր արգելքներ և երեք կրակային բնագծեր:

Անձնակազմի լրացուցիչ հրահանգավորումից հետո սկսվում է մրցույթը: Մասնակցում են հինգ տանկ, հինգ անձնակազմ։ Մինչև եզրափակիչ փուլ հասնելը մրցել են զորամասում, այնուհետև զորամիավորումում։ Հաղթողները ներկայացել են գլխավոր հանձնաժողովին։ Միջազգային մրցաշարերի օրինակով, զորամիավորումների լավագույնները պայքարում են զինված ուժերում լավագույնը ճանաչվելու համար։

Տանկային բիաթլոնի բոլոր պայմանները կան, պահանջները կատարված են՝ կահավորված երթուղի, անձնակազմի գործողությունների մանրակրկիտ ուսումնասիրում անօդաչուների, դաշտում տեղադրված տեսախցիկների միջոցով։ Հետևաբար, կարևոր է ոչ միայն դիպուկ կրակն ու տանկի մեխանիկ վարորդի զարգացրած արագությունը, այլև անձնակազմի բոլոր գործողությունները՝ տանկում գտնվելիս, դուրս գալիս, լիցքավորելիս, զեկուցելիս։

Հինգ տանկերը երեքական պտույտ են կատարում երթուղում, հաղթահարում տասնյակ արգելագոտիներ, բոլորն էլ բարեհաջող և անխափան հատում են վերջնագիծը: Մինչդեռ լավագույնը մեկն է, որն ավելի քիչ տուգանային միավորներ է ստացել և առաջինն է հատել վերջնագիծը։

Վերջին տանկի մրցելույթին հետևում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նախ ծանոթանում է խաղերի պատրաստությանը, կազմակերպմանը, խաղերի օբյեկտիվ և թափանցիկ անցկացմանը։ Ապա գլխավոր դիտակետից հետևում է տանկի ժամկետային անձնակազմի գործողություններին։ Ստորաբաժանումը հմտորեն է անցնում երթուղին, վարպետորեն դիրքավորվում, գերազանց հրաձգություն վարում։ Եվ այդպես առաջին, երկրորդ, երրորդ պտույտներին։

ՈՐՈՇՎԵԼ Է ՏԱՆԿԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԸԺամկետային զինծառայողները ելույթներից անմիջապես հետո իրենց տպավորություններն են հայտնում:

-Մինչև մրցույթն անցկացնելը աշխատել ենք անհատապես զարգացնել մեր կարողությունները, հետո արդեն տանկի անձնակազմով ներդաշնակվելու պարապմունքների ենք մասնակցել: Շատ ոգևորված ենք, որ հնարավորություն տրվեց մասնակցելու նման միջոցառման: Սա ոգևորում է հետագա առավել լավ ծառայության,- ասում է Արման Գալստյանը:

Ռազմիկ Զալիբեկյանն էլ հավելում է.

-Կար լուրջ մրցակցություն, և դրանով իսկ մրցույթն արդեն հետաքրքիր էր: Ցուցադրեցինք մեր հմտությունները և հասկացանք՝ ով ինչքանով է պատրաստ կատարելու իր գործը: Հետագայում կաշխատենք մեր հմտությունների զարգացման ուղղությամբ:

Նշանակետերը խոցված են, արգելքները հաղթահարված են: Դիտակետում հանձնաժողովը հրապարակում է արդյունքները։ Վերջինը հանդես եկած անձնակազմն առաջինն է ճանաչվում։ Հաջորդիվ հանդիսավոր պարգևատրումն է։

Գլխավոր շտաբի պետը պարգևատրում է առաջին, երկրորդ, երրորդ տեղերն զբաղեցրած անձնակազմներին, արժեքավոր նվերներ հանձնում առանձին անվանակարգերով հաղթող ճանաչված տանկի հրամանատարին, նշանառու օպերատորին և մեխանիկ վարորդին։ Եվս մեկ անակնկալ խրախուսանք բոլորի համար՝ մասնակիցներին տրամադրվում է լրացուցիչ արձակուրդ՝ ցուցաբերած եռանդի, նվիրումի ու բարձր արդյունքների համար։

Տանկային այս խաղերն ավարտcեցին՝ սահմանելով բարձր նշաձող։ Բիաթլոնը կլինի ամենամյա՝ հաջորդ տարի ներգրավելով ավելի մեծ քանակությամբ տանկեր, ավելի շատ անձնակազմներով։ Նպատակը մեկն է՝ ընդգծել տանկիստի մասնագիտությունն ու տանկի կարևորությունը զինված ուժերում ու մարտադաշտում։

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #37 (1550) 12.11.2024 - 18.11.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/11/2024