ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է
Զրույց ակադեմիկոս ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ
-Պարո՛ն Մելքոնյան, Ձեր այցելություններն առաջնագիծ և սահմանապահ զորամասեր նորություն չեն: Վերջերս էլ ՀՀ ԳԱԱ պատվիրակության կազմում, պաշտպանության նախարարի ուղեկցությամբ, եղել եք դիրքերում, ինչը հնարավորություն է ընձեռել Ձեզ և Ձեր գործընկերներին սեփական աչքերով տեսնելու կատարված ինժեներական աշխատանքները:
-Ես շատ եմ կարևորում իմ և գործընկերներիս սերտ ու ծրագրավորված համագործակցությունը բանակի հետ: Տարիներ առաջ մենք Հայոց պատմության դասախոսությունների շարք էինք իրականացնում բանակում՝ նպատակ ունենալով բարձրացնել հայ զինվորականի պատմաճանաչողական և ռազմահայրենասիրական ոգին։ 44-օրյա պատերազմից հետո հասկանալի պատճառով մեր այցելությունները զորամասեր ընդհատվեցին: Շատ ուրախ եմ, որ կրկին նման հնարավորություն ընձեռվեց մեզ: Հույս ունեմ, որ այցելությունները կդառնան պարբերական, ու բանակի հետ մեր կապը կվերականգնվի:
Մենք եղանք ռազմավարական առումով շատ կարևոր տարածքներում, և պետք է միանշանակ ասել, որ առաջնագծում լուրջ ինժեներական աշխատանք էր կատարվել: Տեսանք ամրացված սահման՝ մեծ պաշտպանունակությամբ, կահավորված ժամանակակից մեթոդներով ու սարքավորումներով:
Չնսեմացնելով քաղաքական մյուս գործիքակազմերի նշանակությունը, պետք է արձանագրել, որ բանակը պետության ու ժողովրդի անվտանգության առաջին երաշխավորն է, և նրա ռազմական կարողությունները առաջնային դերակատարում ունեն երկրի համար:
-Պարո՛ն Մելքոնյան, կուզենայի լսել Ձեր գնահատականը բանակում իրականացվող բարեփոխումներին և նորամուծություններին: Գաղտնիք չէ, որ սպայակազմն է ձևավորում բանակի նկարագիրը, ոգին, արժեհամակարգը: Ի՞նչ առավելություններ և թերություններ ունեն բանակում ներդրված սոցիալական շահագրգռության մեխանիզմներն ու նյութական խթանների գործոնը:
-Իհարկե, հրաշալի կլիներ, որ ռազմական բուհում դիմորդների մրցակցությունը մեծ լիներ, բանակի սպայակազմը համալրել ձգտեին երկրի մտավորական, քաղաքական, գիտական վերնախավի որդիները, սպայական ուսադիրներն իրապես համարվեին բարձր բարոյականության խորհրդանիշ, և ռազմական բուհերը համալրելու համար լրացուցիչ առանձնաշնորհումների կարիք չլիներ: Բայց սա առայժմ ամբողջությամբ հնարավոր չէ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Ուստի, մենք պետք է կայացնենք իրավիճակային որոշումներ՝ մերժելով կեղծ, անպտուղ լոզունգային միջոցառումները: Եթե նյութական խթաններն ավելացնում են դիմորդների հոսքը ռազմական բուհեր, ինչն էլ իր հերթին լավագույններին ընտրելու հնարավորություն է տալիս, ապա նախաձեռնությունը արդարացված է ու ճիշտ: Ինչպիսի՞ սպա կդառնան նրանք, կախված է ռազմական կրթության արդյունավետությունից և հետագա ծառայության ընթացքից: Ռազմական բուհը ի՞նչ արժեքներ կսերմանի նրանց գիտակցության մեջ և հուզաշխարհում, ծառայության ժամանակ ինչպե՞ս կարժևորվի նրանց աշխատանքը, ոգևորելու, ծառայողական ակտիվությունն ու նվիրումը խթանելու ի՞նչ մեթոդներ կկիրառվեն, կախված է բանակի ղեկավարությունից ու իրականացվող բարեփոխումների տրամաբանությունից: Իմ ասածն այն է, որ անգամ նյութական նկատառումներով ռազմական բուհ դիմած կուրսանտը հնարավորություն ունի դառնալու ամենաօրինակելի սպան: Ուստի, ես ողջունում եմ ծառայության դիմաց տրվող առանձնաշնորհումները և դրանք համարում եմ արդյունավետ:
-Իսկ ի՞նչ կասեք զինծառայության մեջ կանանց ներգրավվածությունը մեծացնելու գաղափարի մասին:
-Այն, որ բանակը տղամարդկանց մենաշնորհը չէ, միանշանակ է: Այն, որ կանանց պետք է հնարավորություն տրվի ծառայելու, դարձյալ չի վիճարկվում: Այդուամենայնիվ, մենք սովոր ենք հայ կնոջ մեջ տեսնել մոր, քրոջ, պաշտպանության կարոտ քնքուշ էակի… և դժվար ենք նրան պատկերացնում զենքը ձեռքին: Սակայն պիտի խոստովանենք, որ կնոջ ներկայությունը առաջնագծում տղամարդուն ավելի համարձակ և ուժեղ է դարձնում: Բացի դրանից, կյանքը ցույց է տվել, որ հայ կինը կարող է դառնալ լավ զինվոր, լավ հրամանատար: Ես մասնակցում էի երդման արարողության և հաճելիորեն զարմացա՝ տեսնելով, որ ստորաբաժանման հրամանատարը կին է: Նրան տղամարդ ծառայակիցները վերաբերվում էին՝ ինչպես հարկն է, զինվորները հարգում ու ենթարկվում էին: Ամեն ինչ շատ բնականոն էր ու գեղեցիկ: Բանակում կանանց ներգրավման կամավոր բնույթն ու խթանող մեխանիզմները ճիշտ են ընտրված:
Տարիներ առաջ արտերկրում այցելեցի ընկերներիցս մեկին, որը չէր աշխատում, բայց ապրում էր բարեկեցիկ կյանքով: Պարզվեց, որ նրա երկու աղջիկները ծառայել են այդ պետության բանակում, և ընկերս՝ որպես նրանց հայր, շատ մեծ թոշակ էր ստանում: Ակնհայտ է, որ նման նյութական խթանները ունեն նաև բարոյական հնչերանգ, որովհետև գնահատական են Հայրենիքի պաշտպանության գործին:
-Ձեր ասածը կարող է վերաբերել նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին:
-Ե՛վ ծառայավայրն ընտրելու, և՛ ընտանիքից չկտրվելու հնարավորությունը, և՛ պատվո վճարը առանձնաշնորհումներ են, որոնք տրվում են ինքնակամ 2-ի փոխարեն 5 տարի ծառայելու որոշման դիմաց: Սա գործունակ մեխանիզմ է, բայց զուգահեռաբար մենք խնդիր ունենք շեշտելու այս ամենի բարոյական կողմը:
-Մենք՝ ովքե՞ր:
-Բոլորս: Մենք խնդիր ունենք բարձրացնելու բանակի վարկանիշը հասարակության մեջ, բարձրացնելու սպայի կերպարը, զինվորի կերպարը, հիշեցնելու, որ նրանք սեփական կյանքը վտանգելով, դժվարին պայմաններում, ձմռան ցրտին, ամռան շոգին, արթուն, աչալուրջ հսկում են Հայաստանի Հանրապետության սահմանները՝ յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն տալով ապրել բնականոն կյանքով:
-44-օրյա պատերազմում գրված հերոսապատումները, ոգեշունչ պատմությունները ներկա ու ապագա սերունդների համար կարող են դառնալ բարոյական հենարան:
-Անշուշտ: Ոչ մի սխրանք, ոչ մի հերոսական անուն չպիտի կորցնենք: Սա այն զենքն է, որով պիտի կոփենք բանակի ոգին, որ հզոր ամրաշինական կառույցների կողքին կանգնած լինեն հզոր ոգով սպաներ ու զինվորներ: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում մենք հանձնարարել ենք մասնագետներին մանրամասն ուսումնասիրել և արձանագրել 44-օրյա պատերազմի սխրալի դրվագները:
-Պարո՛ն Մելքոնյան, կա՞ մի կարևոր ուղերձ, որով կցանկանաք ավարտել մեր զրույցը:
-Ես խստորեն դատապարտում ու մերժում եմ բոլոր տեսակի շահարկումները բանակի շուրջ: Բանակը պիտի լինի բոլորիս ուշադրության ու հոգածության առանցքում: Երկրի անվտանգության, պաշտպանական խնդիրների հարցում պիտի միակամ ու համերաշխ լինենք բոլորս: Եթե մենք պաշտամունքի հասնող սեր, ամուր հավատ ու աներեր վստահություն չունենանք մեր բանակի, մեր սպայակազմի հանդեպ, կկորցնենք խաղաղ, ապահով ու երջանիկ ապագայի հույսը: Բանակը մեր պետականության հիմքն է, և այն պիտի շատ ամուր լինի:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #39 (1552) 28.11.2024 - 4.12.2024, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում