Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՏԵՍՏԱՎՈՐՎԵԼ Է ՍՊԱՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ



ԱՏԵՍՏԱՎՈՐՎԵԼ Է ՍՊԱՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՒՄԲԸԱնցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորումը։ Քննությունների ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի ներգրավվածությունն այս գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին։

Պաշտպանության նախարարի և նրա տեղակալների ներկայությամբ սպայակազմը հանձնում է քննությունները: Առաջին հերթին գնահատվում են սպաների ֆիզիկական կարողությունները։ Կատարելով ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերը՝ վարչության, ծառայության, բաժնի պետերը լավ և գերազանց արդյունքներով ամփոփում են առաջին քննությունը։ Նրանց թվում է գնդապետ Արման Ասատրյանը:

ԱՏԵՍՏԱՎՈՐՎԵԼ Է ՍՊԱՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ-Ֆիզիկական պատրաստությունը շատ կարևոր է բոլորիս պատրաստության ընդհանուր մակարդակի բարձրացման, մասնագիտական կատարելագործման առումով: Անցած երկու տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ զինծառայողները բավականին մեծ ուշադրություն են դարձնում անձնական պատրաստվածությանը: Նախկինում հաճախ ընդգրկվել եմ ատեստավորման քննական հանձնաժողովում, այսօր էլ արդեն ստուգվողի կարգավիճակում եմ: Նշեմ, որ երկրորդ անգամ եմ ատեստավորվում, առաջին անգամ ստացել եմ «լավ» գնահատական, այս անգամ ակնկալում եմ «գերազանց»:

Կրակային պատրաստության քննությունն է: Գործնական հրաձգությունն ամբողջությամբ տեսաձայնագրվում է, ավարտից հետո հայտարարվում է գնահատականը, և բոլոր մասնակիցներն անհամաձայնության դեպքում կարող են լրացուցիչ դիտել ձայնագրությունը:

ԱՏԵՍՏԱՎՈՐՎԵԼ Է ՍՊԱՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՒՄԲԸՔննությանը հետևում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: Նա ընդգծում է, որ յուրաքանչյուր պետ առաջին հերթին մասնագիտական կարողություններով պիտի օրինակ լինի իր ենթակաների համար։

-Զինված ուժերում ընդունված կարգ կա՝ ծառայիր այնպես, ինչպես ես եմ ծառայում: Չգրված օրենք է՝ ենթակայի համար պետը միշտ պիտի օրինակ լինի: Երկրորդ անգամ եմ ատեստավորմանը մասնակցում, առաջին անգամ գերազանց եմ ներկայացել: Հիմա էլ պաշտոնի բարձրացումից հետո նորից եմ հանձնում քննություններ, երեք առարկայից  արդեն «գերազանց» գնահատական եմ ստացել: Ատեստավորումը միանշանակ դրական է ընդունվում, որովհետև թե՛ զինծառայողի սոցիալական վիճակն է բարելավվում, թե՛ ստիպում է աշխատել ինքն իր վրա, ևս մեկ անգամ վերհիշել մասնագիտական գիտելիքները,- ասում է գնդապետ Վարշամ Ղարագյոզյանը:

Զինված ուժերի բարձրաստիճան սպաները ատեստավորման գործընթացը եզրափակում են տեսական քննությամբ։ Մասնագիտական հարցաշարի գնահատականը կգումարվի մյուս փուլերի արդյունքներին, և կորոշվի սպայի վերջնական գնահատականը։

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #39 (1552) 28.11.2024 - 4.12.2024, Ազգային բանակ


13/12/2024