Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ 100



ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ 100Դեկտեմբերի 14-ին կլրանար աշխարհահռչակ հայ օպերային երգչուհի, օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակը:

 

«Իմ երգը ես վերցնում եմ աշխարհի երաժշտական հարուստ շտեմարանից։ Արտասահմանի շատ երկրներում եմ համերգներ տալիս, հիշում եմ ամեն ինչ՝ սկսած Ճապոնիայից և Ամերիկայից, վերջացրած Եվրոպայով, Մերձավոր Արևելքով։ Բոլոր մարդկանց մեջ նկատելի է նույնը՝ տիեզերական թուլությունը. սիրում են երգել, երգում են, երբ ուրախ են, երգում են, երբ տխուր են։ Իսկ ինձ համար այդ թուլությունը մասնագիտություն է»։

 

Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, Միքայել և Արուսյակ Խաչատուրյանների ընտանիքում։  Ինը տարեկանից երգել է Կահիրեի հայոց եկեղեցում։ Նախնական կրթությունը ստացել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում։ Այնուհետև սովորել է երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետներ Էլիզ Ֆելդմանի և Վինչենցո Կարրոյի դասարաններում։ Աշակերտել է նաև աշխարհահռչակ դիրիժորներ Ֆրանչեսկո Մոլինարիին և Հյուտտելին։ Դաշնամուրի դասեր է վերցրել հույն դաշնակահար Ժորժ Թեմելիից։

Դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ելույթներ է ունեցել։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ 1948 թվականին հրավեր է ստացել Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնից, սակայն նա ոչ միայն մերժել է այդ առաջարկը, այլև նույն թվականին 24 տարեկան հասակում հայրենադարձվել Հայաստան։

25 տարեկանում, դարձել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է Լակմեի դերերգով` համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերայի գլխավոր դերերում։ Նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։

Ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Թուրքիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում և այլուր, նրան ծափահարել են աշխարհի նշանավոր թատրոններում։ Գոհար Գասպարյանին անվանել են «Հայաստանի սոխակ»։

1962-2007 թվականներին մեծանուն երգչուհին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։

 

Հայտնիները Գոհար Գասպարյանի մասին

 

«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ»։

Բանաստեղծ Ավետիք Իսահակյան

 

«Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական։ Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՛ իրեն, և՛ իր ժողովրդին»։

 Գեղանկարիչ Մարտիրոս Սարյան

 

«Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ։ Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում։ Գոհարը վոկալային աստղ է, որ մի քանի համաստեղություն արժե»։

Օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյան

Խորագիր՝ #40 (1553) 07.12.2024 - 14.12.2024, Հոգևոր-մշակութային


19/12/2024