Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇԱՁՈՂԸ ՄԻՇՏ ԲԱՐՁՐ



ՆՇԱՁՈՂԸ ՄԻՇՏ ԲԱՐՁՐԶորամասերից մեկում զինվորական առօրյան լուսաբանելու նպատակով շրջում ենք տարածքում, զրուցում զինվորների հետ: Պարապմունքների ավարտին մեր ուշադրությունը գրավում է բարձր լսվող դասական երաժշտությունը: Պարզվում է՝ զորամասում գործող ռադիոհանգույցով Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն են հնչում: Քիչ հետո հաղորդավարը ներկայացնում է մեծանուն հայ կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը, նրա մասին ուշագրավ փաստեր: Տեղեկատվությունը հետաքրքիր էր, մենք էլ ուշադիր ունկնդրում էինք և ընդգծում նման ձևաչափի կարևորությունը:

-Զինվորի մշակութային ժամանցը կազմակերպելիս ոչինչ ինքնանպատակ չէ: Երաժշտություն ունկնդրելու, պարի, ընթերցանության, ֆիլմ դիտելու և այլ հնարավոր միջոցներով հնարավոր է ապահովել զինծառայողների հանգիստը, հարստացնել գիտելիքները: Մշակույթով կարելի է նաև «ներազդել» զինվորի ենթագիտակցության վրա, խթանել հայրենասիրական դաստիարակությունը,- նշում է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արարատ Ղազարյանը ու հավելում: -Բանակ են գալիս տարբեր խառնվածքի ու մտածողության, տարբեր ներաշխարհով, տարբեր բարքերով ու կրթական մակարդակներով երիտասարդներ, եւ անհրաժեշտ է ճիշտ ուղղորդել նրանց գիտակցական, զգայական աշխարհը, համախմբել նվիրական գաղափարի՝ հայրենիքի պաշտպանության շուրջ:

Զորամասում հաճախակի կազմակերպում են այցելություններ պատմամշակութային օջախներ, տարածքի տեսարժան վայրեր: Այստեղ հայրենասիրությունը նաեւ հայրենաճանաչողություն է: Մարտական պատրաստության պարապմունքներից բացի, զորամասում համակարգված աշխատանք է տարվում թե՛ անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման մակարդակը բարձրացնելու, թե՛ կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: Հայրենիքի պաշտպանների առօրյան ծրագրվում է այնպես, որ ծանրաբեռնված պարապմունքներից հետո նրանք կարողանան լիարժեք հանգստանալ, լիցքաթափվել: Զինվորները նաեւ իրենց ուժերով են բազմաբովանդակ ու առավել հետաքրքիր դարձնում ծառայությունը: Փոխգնդապետ Ղազարյանը հպարտությունը չի թաքցնում.

-Շնորհալի զինվորները շատ են, ունենք երաժիշտ, երգիչ, քանդակագործ, ինքնագործ խումբ էլ կա: Զինվորներից մեկը շախմատի համաբանակային  մրցույթում առաջին հորիզոնականն է զբաղեցրել, իսկ նկարիչը զորամիավորման կազմում երրորդն է:

Կիրթ ու բազմակողմանի զարգացած զինվորները հաճախ նոր գաղափարներ են առաջ քաշում, ծառայողական առօրյան առավել հագեցնում մշակութային և ժամանցային ծրագրերով:

ՆՇԱՁՈՂԸ ՄԻՇՏ ԲԱՐՁՐԶորամասում գործում է նաեւ սերժանտական խորհուրդ, որ բավականին աշխույժ գործունեություն է ծավալում: Կրտսեր սերժանտ Գագիկ Մարտիրոսյանը սերժանտական խորհրդի փոխնախագահն է:  Հաճախ է տարաբնույթ առաջարկներ անում, նվիրված ծառայության համար էլ խրախուսվել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Գագիկը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող է, երկար տարիներ զբաղվել է ազգագրական երգ ու պարով:

-Հրետանու հաշվարկող եմ,- ներկայանում է սերժանտը, ապա խոսում զինվորական մասնագիտության նրբություններից: -Հրետանին կոլեկտիվ զինատեսակ է, ու ամեն օղակ իր կարեւորությունն ունի: Իմ գործառույթը կրակի ճշգրտությունը վերահսկելն է, որ նշանակետը ճիշտ խոցվի: Իսկ լավ արդյունք ունենալու համար պետք է անընդհատ կատարելագործել գիտելիքներն ու հմտությունները:

Գագիկն իրենց ստորաբաժանման ինտելեկտուալ խաղի թիմի ավագն է:

-Զորամասի գրադարանավարուհին հանրահայտ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հարցերն է հաճախ ներառում հարցաշարում, ու գիտակներից ոչ պակաս արդյունավետությամբ ենք խաղում,- ասում է ժպտալով ու որպես խոսքի հավաստում ավելացնում: -Վերջերս մոտակա բնակավայրերի ուսանողների եւ դպրոցականների հետ մրցեցինք: Տասնվեց թիմ էր մասնակցում, մենք երկրորդ հորիզոնականն զբաղեցրինք, պարգեւատրվեցինք գրքերով, ժամացույցներով։

Եռանդով լի է Գագիկը, պրպտող է, ընկերների խոսքով՝ նոր գաղափարների, մտահղացումների անսպառ պաշար ունի: Փոխգնդապետ Ղազարյանի եւ սերժանտական խորհրդի անդամների հետ խորհրդակցելով, որոշում են՝ ի՞նչ հնչի ռադիոյով, ի՞նչն առավել կհետաքրքրի ծառայակից ընկերներին: Զինվորների շրջանում հաճախ են «հարցախույզ» անում, թե ի՞նչ երաժշտություն կցանկանան ունկնդրել:

-Լսում ենք տարբեր առաջարկներ, բայց անառարկելի մի սկզբունքով ենք առաջնորդվում՝ նշաձողը միշտ բարձր ենք պահում: Երաժշտությունը, արվեստը հղկում է հոգին, մշակույթը պիտի բարձրացնի, վեհացնի… Ընդհանրապես, ռադիոյով հնչեցնում ենք զորամասային նորություններ, ծննդյան շնորհավորանքներ, գիտակրթական-գիտահանրամատչելի նյութեր, «Հայ զինվոր» հանդեսի հոդվածները հայ մեծերի մասին, անդրադառնում ենք մեր ազգի հերոսներին, արվեստագետներին և այլն: Եվ ամենակարևորը՝ դասական, ազգային, ժողովրդական կատարումներ:

Զրույցին միանում են Արսեն եւ Արմեն Դանիելյանները: Զույգ եղբայրները եւս ներգրավված են ռադիոհաղորդումների պատրաստման գործում, իրենց համար առավել նախընտրելի թեման բուժօգնությունն է:

Եղբայրները մինչ բանակ զորակոչվելը բազմազան նախասիրություններ են ունեցել՝ մանրանկարչություն, քանդակագործություն, խոհարարություն: Հետո ուսանել են քոլեջում՝ ատամնատեխնիկի մասնագիտությամբ: Ապագան արդեն ծրագրել են՝ ծառայությունից հետո Արսենը Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ատամնաբուժական բաժին է դիմելու, իսկ Արմենը ատամնատեխնիկի գործն է շարունակելու:

-Մեր առօրյան բավականին հագեցած ու հետաքրքիր է, ակումբ ունենք, գրադարան,  ամեն կիրակի մշակութային եւ մարզական միջոցառումներ են անցկացվում: Ազատ ժամանակ էլ ընթերցանությամբ ենք զբաղվում: Զինվորական ամսագրերը թերթելիս ծառայող եղբայրների մասին նյութերն առավել  հետաքրքրությամբ ենք կարդում: Ծառայությունը մեզ  հոգեպես եւ ֆիզիկապես ավելի է կոփել, ամրացրել, մասնագիտացել ենք մեր զինվորական գործում: Բայց բանակից կզորացրվենք ոչ միայն զինվորական, այլ նաեւ ընդհանուր գիտելիքներով առավել հարստացած:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #40 (1553) 07.12.2024 - 14.12.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/12/2024