ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ապագա սպաները սովորում են զինվորական տարբեր մասնագիտություններ, ձեռք են բերում հմտություններ հետագայում ստորաբաժանումներ առաջնորդելու, ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու համար:
Յուրաքանչյուր օր ռազմական ակադեմիայում սկսվում է առավոտյան մարզումներով։ Դեռ լույսը չբացված՝ հայրենիքի ապագա պաշտպաններն արդեն շարահրապարակում են։ Նախքան դասացուցակով նախատեսված առարկաներին անցնելը կուրսանտները ֆիզպատրաստությամբ են զբաղվում։ Առավոտյան մարզանքը ֆիզիկապես կոփում է տղաներին, նաեւ կռում կամքը, ավելացնում դժվարությունները հաղթահարելու կարողությունները: Եվ, իհարկե, հագեցած ուսումնական օրվա ընթացքում նրանք լինում են ավելի առույգ։
-Առավոտյան վեցն անց երեսուն արթնանում ենք, քիչ անց արդեն սպորտային հանդերձանքով շարվում ենք: Այդ ընթացքում որոշվում է, թե ինչ տարբերակով ենք մարզվելու: Հասկանալի է, որ հայրենիքի պաշտպանության գործում ֆիզիկական պատրաստությունը առաջնահերթ նշանակություն ունի: Շատ կարևոր է, որ սպան լինի առողջ: «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» թևավոր խոսքը միշտ արդիական է,- ասում է կուրսանտ Սուրեն Քոչարյանը։
Առավոտյան մարզանքից շատ չանցած՝ կուրսանտներն արդեն լսարանում են։ Կրակային պատրաստության ամբիոնում նրանք վարժասարքով հրաձգություն են կատարում, նաև սովորում մարտավարության հիմունքները։ Առաջին քայլը ճիշտ դիրքավորվելն է, թիրախները նշանառելը։
Ամբիոնի դասախոս Արմեն Ավետիսյանը ներկայացնում է պարապմունքի ընթացքը, նշանակությունը։
-Կուրսանտներին կրակային պատրաստություն դասավանդում ենք երեք փուլով։ Առաջին փուլում տեսական գիտելիքներն ենք զարգացնում, որից հետո վարժասարքի միջոցով ստուգում ենք՝ ինչպես են յուրացրել տեսական պարապմունքները և գործնական ինչ ունակություններ ունեն։ Այնուհետև կազմակերպում ենք դաշտային ելքեր, որոնց ժամանակ արձանագրում ենք կուրսանտների հնարավորությունները, պատրաստվածության իրական աստիճանը: Մեր կրթօջախում սովորողներից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ առանց կրակային գերազանց պատրաստվածության ինքը չի կարող դառնալ լիարժեք զինվորական:
Ակադեմիայում, ըստ կուրսերի ու զինվորական մասնագիտությունների, հագեցած դասեր են անցկացվում։ Կուրսանտները բարձր պատասխանատվությամբ են վերաբերվում ուսմանը, գիտակցում են, որ հետագայում սպայական ծառայությունն առավել արդյունավետ ու բարձր մակարդակով իրականացնելու ամենակարևոր գրավականը գիտելիքների հիմնավոր պաշարն է։
Հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն ընտրած երիտասարդները պատրաստ են նվիրումով ու արժանապատվորեն անցնելու սպա դառնալու պատվաբեր ուղին։ Հենց դա է պատճառը, որ բոլորը ոգևորությամբ են ներգրավված ռազմաուսումնական առօրյային։
-Սովորում եմ ակադեմիայի 4-րդ կուրսում, մասնագիտությամբ կապավոր եմ,- ասում է Նարեկ Հարությունյանը: -Ցանկանում եմ հետագայում ծառայել սահմանային զորամասերից մեկում, ինձ առաջադրված խնդիրը լիարժեք կատարելով՝ օգտակար լինել իմ հայրենիքին:
-2020 թվականի պատերազմից հետո եմ որոշել ընդունվել ռազմական բուհ, մինչ այդ բոլորովին այլ նպատակներ ունեի: Փորձելու եմ ստացածս գիտելիքները ծառայեցնել իմ երկրին, որոշակի օգուտ տալ,- նշում է Արարատ Խաչատրյանը։
Օրվա երկրորդ կեսին ակադեմիայի կուրսանտները կրկին վերադառնում են մարզահրապարակ։ Սա ուսումնառության օրակարգի անփոփոխ մասն է։ Կրթօջախում նրանք օրական մի քանի ժամ պետք է մարզվեն, հաղթահարեն մի շարք արգելագոտիներ, սովորեն լեռնագնացության հմտությունները։ Ռազմական ակադեմիայի ֆիզիկական պատրաստության և սպորտի ամբիոնի պետ Ռոման Կարապետյանը փաստում է.
-Մեր դասախոսները, մարզիչներն ամբողջովին ներգրավված են կուրսանտների ֆիզիկական պատրաստության պարապմունքների արդյունավետության ապահովմանը: Ցերեկային ժամերին ունենում ենք ֆիզիկական հատուկ պատրաստության պարապմունքներ, երեկոյան ընդհանուր պատրաստության ժամն է։ Արդյունավետ և հագեցած պարապմունքների շնորհիվ ռազմական ակադեմիան 2024 թվականին մի շարք հաջողություններ է ունեցել, մասնավորապես՝ զինված ուժերում տարբեր առաջնությունների ժամանակ ակադեմիայի թիմը գրավել է առաջին կամ երկրորդ տեղերը:
Ակադեմիայի կուրսանտների համար տարեվերջը հագեցած է լինելու մարզական միջոցառումներով։ Հունվարին էլ նախատեսվում է հինգ կիլոմետր երթարշավ, որին մասնակցելու են առավել պատրաստված ու դիմացկուն կուրսանտները։ Մինչ այդ, նրանք կոփում են իրենց մարմինը: Ամեն օր քրտնաջան աշխատում են, որ բարձր պահեն հայրենիքի, զինված ուժերի պատիվը:
Ռազմական կրթության կարևոր բաղադրիչներից են նաև ակադեմիայում գործող մարզական մի շարք խմբակները։ Սաները հնարավորություն ունեն, ըստ իրենց նախասիրությունների, հաճախելու բռնցքամարտի, սուսերամարտի, լողի և ձիասպորտի խմբակներ։ Այս ամենի նպատակը ոչ միայն ուսումնական առօրյան հետաքրքրիր դարձնելն է, այլև զինված ուժերի համար տարատեսակ հմտություններով օժտված, դիմացկուն, կոփված ու ամրակազմ սպաների պատրաստումը։ Այս խմբակների շնորհիվ կուրսանտները տիրապետում են մենապայքարային տարբեր մարզաձևերի։ Մարզական խմբակների և նոր արգելագոտիների արդյունավետությունն ակնառու է: Բոլորն էլ գիտակցում են՝ ֆիզիկական պատրաստությունը կարևոր է կուրսանտի համար, միայն գիտելիքով հնարավոր չէ մարտ վարել:
Ապագա զինվորականների ուսումնառությունը ռազմական գլխավոր կրթօջախում հագեցած է: Այսօրվա պատրաստությունն ու քրտնաջան աշխատանքը վաղը՝ սպայական ծառայության ժամանակ նպաստելու է զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը։
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #40 (1553) 07.12.2024 - 14.12.2024, Ազգային բանակ