ԱՄԱՆՈՐ
Ամանորը հայերի սիրված տոներից է: Մեր նախնիները Ամանորն անվանել են նաեւ Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Նախկինում այն տոնել են մարտ ամսին: Տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապվել է գարնան զարթոնքի հետ: Ամանորը նշել են հենց Արեգ ամսվա Արեգ օրը։ Հին հայկական տոմարով բոլոր ամիսների առաջին օրը կոչվում էր Արեգ։
Տոմարական փոփոխությունների հետևանքով հայոց Նոր տարին տեղափոխվել է Նավասարդի 1-ը, այսինքն՝ օգոստոսի 11-ը։ Տոնը կոչվել է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ:
Ամանորը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի: Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, որ նվերների փոխարեն բաժանում էր տոնական յոթ խորհուրդներ՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։
Այժմ հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ին նշում է Սուրբ Ծնունդը: Սուրբ Ծննդյան տոնի հետ նշվում է նաև Ջրօրհնեքը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Ջրօրհնեքին հայերը նաև Տնօրհնեք են արել: Այդ ժամանակ քահանային տուն են հրավիրել, և վերջինս օրհնել է տունը՝ ազատելով չարքերից:
Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և Նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, տարբեր ժամանակներում Նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել: Ավանդաբար, ամանորյա նախապատրաստությունները սկսվում էին տան ու բակի մաքրությունից: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ի գիշերը աղբյուրից բերած ջրով լվացվում էր թոնրի շուրջը հավաքված ընտանիքը: Մինչ օրս էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ (սուրբ բառը ևս նշանակում է մաքուր, անարատ): Մաքրությունը խորհրդանշում է սկիզբը, անապական, նախնական վիճակը, որով սկսվելու էր նոր տարին, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը: Ընտանիքի բոլոր անդամները պետք է նոր զգեստներ հագնեին: Մաքրագործման արարողությունները նաև այլ նշանակություն ունեին: Լոռիում, օրինակ, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, իսկ Համշենում կծու կերակուր ուտելն արգելվում էր, թթու խոսք ասելը` նույնպես: Կարծում էին, որ անցումային օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար, վատ խոսքը կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՛ տանը, թե՛ հասարակական միջավայրում:
Ավանդական սովորության համաձայն` Ամանորի գիշերը շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են տոնական կերակուրները: Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին: «Տարեմուտի քոթուկի» առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունն ապահովելու համար:
Այդ օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես` թթխմոր, դրամ: Առհասարակ որևէ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռը առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի հաջողությունը տնից անպակաս լինի: Վաղ առավոտյան նոր բերած ջուրը լցնում էին տան անկյունները` տան առատությունն ապահովելու համար: Միմյանց նվերներ էին տալիս, հատկապես` մեծերը փոքրերին: Ամանորին տան դուռը երբեք չէր փակվում, լույսերը չէին մարում:
Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը կոչվել է Կաղանդի ծառ: Տան անդամները նախ ընդեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանան օրհնում էր, իսկ հետո այն բերում էին տուն և ամրացնում գերանին: Տոնածառի խաղալիքները հասկերից, ընդեղենից պատրաստված զարդեր էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև` մարդակերպ և կենդանակերպ թխվածք: Կենաց ծառի կողքին կար ևս մեկ՝ ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին լինում: Տան մեծ մամիկի մոմը պետք է առանձնահատուկ լիներ: Ամանորի գիշերը երեխաները մամիկից չիր ու չամիչ էին ուզում: Եթե մամիկի տվածը բավական չէր երեխաներին, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել այն: Եվ մամիկը ստիպված նրանց կրկին անուշեղեն էր տալիս:
Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը: Երեխաները խմբերով շրջում էին փողոցներով և երգում էին: Երգերը բովանդակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գովք և տոնական կերակրատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր տոպրակներ էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն:
Ամանորին առաջինն այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, կնքահորը, հարևաններին, քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին` բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով: Ամանորյա ավանդական մաղթանքներն այսպիսին էին՝ «Տունը շեն լինի», «Մեզ էլ միշտ հիշեք», «Լիքը հորեր շատ ունենաք, կարմիր օրեր շատ ունենաք», «Կարմիր օրով, կարմիր շորով, ուրախ կենաք միշտ կուշտ փորով»:
Հայ եկեղեցական օրացույցով դեկտեմբերի 30-ի երեկոյան սկսվում է պահքը և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագը: Նախկինում Նոր տարվա սեղանները զարդարում էին հիմնականում տարատեսակ չրերով, մրգերով, ընդեղենով, հատկապես լայն կիրառություն ունեին ձավարեղենը, ոսպը, սիսեռը, բրինձը: Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Պարտադիր էին տարեհացը, գաթան, աղանձը: Տոնի առթիվ թարմ հաց էին թխում, եթե անգամ տանը հաց կար: Հետո թխվում էին գաթաները, «Փուռնիկ», «Կրկենի», «Տարեհաց» կոչված ծիսական հացերը: Գաթաներն ու ծիսական հացերը կտրատում էին ընտանիքի անդամների թվով: Դրանց մեջ որևէ իր էին դնում, ավելի հաճախ` դրամ: Եվ ում բաժին էր ընկնում այդ առարկան, նրա համար հաջողակ տարի էր լինելու:
Նոր տարվա տոնակատարությունը միշտ հույս, հավատ ու սեր է սփռել, ջերմացրել է մարդկանց սրտերն ու հոգիները։ Նոր տարին սահմանագիծ է հնի ու նորի, եւ ավանդույթ է, որ մարդը ուրախ ու զվարթ անցնի այդ սահմանագիծը, մոռանա օրախնդիր ցավերն ու հոգսերը։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #42 (1555) 24.12.2024 - 31.12.2024, Հոգևոր-մշակութային