ՍԻՐԻԱՅԻ ԽՆԴԻՐՆ ԱՇԽԱՐՀԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ուիլյամ Հեյգն ու Սերգեյ Լավրովը շուրջ 30 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ ստեղծված իրադրությունը: Պաշտոնական Լոնդոնը, մեկնաբանելով հեռախոսազրույցը, նշել է, որ կայացել է անկեղծ երկխոսություն, որի ընթացքում ռուսական կողմին է հաղորդվել միջազգային հանրակցության կատարյալ անգործության պայմաններում Սիրիայում հեղվող արյան համար Մեծ Բրիտանիայի խորը մտահոգությունը:
Իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը մտադիր է հեռախոսով խնդիրը քննարկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ և անդրադառնալ հատկապես ՄԱԿ անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ վերջին բանաձևի քննարկման ժամանակ Ռուսաստանի ու Չինաստանի կիրառած վետոյին, ինչը Էրդողանն անվանել էր «ֆիասկո»:
Մոսկվա հեռախոսազանգերը հաճախացան մի քանի օր առաջ Բաշար Ասադի հետ Լավրովի և ՌԴ արտաքին հետախուզական ծառայության պետ Միխայիլ Ֆրադկովի հանդիպումից հետո, երբ հստակվեց, որ Ռուսաստանը շարունակելու է անվերապահորեն աջակցել Ասադին: Ի պատասխան ռուսական կողմի առաջարկության, Սիրիայի նախագահը հայտարարել էր, որ համամիտ է Մոսկվայում Սիրիայի իշխանությունների և ընդիմության ներկայացուցիչների բանակցությունների նախաձեռնությանը և ցանկացած պահի պատրաստ է կառավարական պատվիրակություն ուղարկել Մոսկվա:
Սիրիայի շուրջ ստեղծված «խայտառակ իրավիճակը» Փարիզի ու Բեռլինի անունից Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկելու մտադրության մասին էր հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Սարկոզին, որ, ակնարկելով Մոսկվայի ու Չինաստանի կիրառած վետոն, անհանդուրժելի էր համարել խնդրի լուծումից միջազգային հանրակցության մեկուսացման փորձերը:
Ռուսական դիրքորոշումը քննադատության է ենթարկել նաև Սպիտակ տանը, որի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Կառնին հայտարարել է, թե իրենք հստակ գիտեն Դամասկոս Լավրովի ու Ֆրադկովի այցի նպատակը, սակայն Մոսկվան պիտի հասկանա, որ ամեն ինչ Ասադին թողնելը ծանր հետևանքներ կունենա ոչ միայն Ռուսաստանի շահերի, այլև տարածաշրջանի կայունության ու Սիրիայի ապագայի համար:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան