Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ի՞ՆՉ ՉԱՓՈՎ ԵՔ ՊԱՏՐԱՍՏ ՌԻՍԿԻ



Թեստը մշակել է ռուսաստանցի հոգեբան, թեստաբան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ա.Մ.Շուբերտը: Որպես ռիսկի հակվածության չափը որոշելու հուսալի և վալիդ մեթոդիկա` թեստն ընդգրկված է մոսկովյան մանկավարժական խորհրդի հոգեբանական լաբորատորիայի մտավոր ունակությունների ուսումնասիրման թեստերի, դրանց մշակման և վերլուծության բաժնում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար և նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ, կամ, առավել ևս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:

2. Հիշեք, որ թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակորեն:

Ըստ հետևյալ սադղակի` գնահատեք, թե ինչ չափով եք պատրաստ իրականացնելու առաջարկվող գործողությունները.

♦ լիովին համաձայն եմ, միանշանակ «այո»` 2 միավոր

♦ ավելի շուտ «այո», քան «ոչ»` 1 միավոր

♦ ոչ «այո», ոչ էլ «ոչ», դրանց «միջինը»` 0 միավոր

♦ ավելի շուտ «ոչ», քան «այո»` -1 միավոր

♦ բոլորովին համաձայն չեմ, միանշանակ «ոչ»` -2 միավոր

1. Ավտոմեքենայի արագության թույլատրելի չափը կգերազանցեի՞ք` հիվանդ մարդուն հնարավորինս արագ բուժօգնություն ցուցաբերելու համար:

2. Լավ վարձավճարի դիմաց կհամաձայնեի՞ք մասնակցել երկար և վտանգավոր արշավի:

3. Վտանգավոր հանցագործի դեմ դուրս կգայի՞ք:

4. Ինչ-որ մեկին պարտքով մեծ գումար կտայի՞ք, եթե այնքան էլ վստահ չլինեիք, որ հետագայում կվերադարձնի:

5. Սառը գետը առաջինը կանցնեի՞ք:

6. Բեռնատար մեքենայի թափքում կնստեի՞ք, եթե այն գերազանցելու լիներ 100կմ/ժ արագությունը:

7. Անքուն գիշերից հետո կարո՞ղ եք նորմալ աշխատել:

8. Կերակրողի հետ կմտնեի՞ք առյուծի վանդակը, եթե կերակրողը երաշխավորեր, որ դա անվտանգ է:

9. Կբարձրանայի՞ք շատ բարձր տեղ, եթե փորձառու մեկը Ձեզ ուղեկցեր:

10. Առագաստանավ կվարե՞իք` առանց համապատասխան հմտություն ունենալու:

11. Կհամարձակվե՞իք բռնել արագ վազող ձիու սանձը:

12. Մի քանի լիտր գարեջուր խմելուց հետո հեծանիվ կվարե՞իք:

13. Կթռչեի՞ք պարաշյուտով:

14. Առանց տոմսի, բայց և խիստ անհրաժեշտության դեպքում, առանց գումարի կօգտվեի՞ք հասարակական տրանսպորտից:

15. Կհամարձակվեի՞ք մեքենայով երկար ճանապարհորդության մեկնել, եթե ղեկին Ձեր այն ծանոթն է, որը վերջերս է ծանր ավտովթարի ենթարկվել:

16. 10 մետր բարձրությունից կթռչեի՞ք հրշեջ ծառայության վրանին:

17. Բուժման երկարատև անկողնային ռեժիմ պահանջող ծանր հիվանդությունից խուսափելու համար կհամաձայնեի՞ք կյանքի համար վտանգավոր վիրահատության ենթարկվել:

18. Գնացքից կարո՞ղ էիք թռչել, եթե այն շարժվելիս լիներ 60կմ/ժ արագությամբ:

19. 5 մարդկանց հետ կբարձրանայի՞ք այն վերելակով, որը նախատեսված է ոչ ավելի, քան 5 մարդու համար:

20. Շատ մեծ գումարի դիմաց փակ աչքերով կանցնեի՞ք փողոցը:

21. Կյանքի համար վտանգավոր գործ կանեի՞ք, եթե շատ բարձր վճարեին:

22. Ձեր ղեկավարի ցուցումով Ձեր ձեռքը կառնեի՞ք որևէ բաց էլեկտրական լար այն դեպքում, եթե նա հավաստիացներ, որ էլեկտրաէներգիայի սնուցումն անջատված է:

23. Մի քանի նախնական և ընդհանուր ցուցումներից հետո կկարողանայի՞ք ինքնաթիռ ղեկավարել:

24. Կարո՞ղ եք երկար ճանապարհ գնալ մի մարդու հետ, ում բավականին լավ չեք ճանաչում:

25. Զուտ հետաքրքրությունից դրդված` կմասնակցեի՞ք որևէ վտանգավոր, էքստրեմալ մարզաձևի պարապմունքի:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Գումարեք միավորները

(բացասական միավորի գումարումը հավասարազոր է հանմանը)

-30 միավորից ցածր (այսինքն` -31, -32 և այլն) – Դուք չափազանց զգույշ եք և առհասարակ հակված չեք ռիսկի: Ձգտում եք բավարարվել այն ամենով, ինչ արդեն ունեք: Կանոններ խախտելը Ձեզ համար չէ: Առավել խաղաղ և հանգիստ պայմանների եք ձգտում:

– 10-ից +10 միավոր – Ռիսկայնության միջին մակարդակ: Ձեր դեպքում համադրվում են «առողջ ռիսկն» ու ապահով կյանքը: Անգամ եթե ռիսկի էլ եք դիմում, կշռադատված որոշման արդյունք է և արդարացված է Ձեզ համար հիմնավոր պատճառներով:

+ 20 միավորից բարձր (այսինքն` 21, 22 և այլն) – Ռիսկի հակվածություն: Ինքնավստահության համար Ձեզ մշտապես անհրաժեշտ է հաղթահարել սեփական ռեկորդները: Դուք ձգտում եք գերազանցել ինքներդ Ձեզ, ընդլայնել Ձեր սահմանները, անել այն, ինչ դեռ ոչ ոք չի կարողացել:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Ռազմական


15/02/2012