Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՐՍՎԱԾ ԽԱՉՔԱՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ



Այս դեպքը պատմեց արցախցի մի ծանոթ, որը վերաբնակվել էր Լաչինի գյուղերից մեկում։

«Ամռանը խոստացանք մի մատաղ անենք։ Բայց չգիտենք ինչու բոլորս որոշեցինք, որ անպայման բարձր սարի վրայի քանդված մատուռի մոտ անենք։ Երբ մի կերպ տեղ հասանք, մատաղը մորթեցինք, նախապես օրհնված աղը ուտեցնելով։ Եվ երբ միսը դրեցինք եփելու, սկսեցինք մատուռի շուրջը պտտվել, ուսումնասիրելով քանդված սրբատեղին։ Քսանմեկ տարեկան տղաս կողքիս էր, մեծ ու տափակ անտաշ մի քարի վրա կանգնած։ Հանկարծ նա մի տեսակ վախեցած ասաց. «Այ հեր, էս ոտիս տակի քարը կարծես տրըփըմա սրտի նման»։ Ես էլ մի պահ զարմացած ականջ դրեցի, բայց ոչինչ չլսեցի ու պատասխանեցի. «Երեւի սար բարձրանալիս ոտքերդ հոգնել են, ու երակներդ են խաղ գալիս»։ Նա ոչինչ չասաց, այլ անշարժ շարունակեց կանգնած մնալ քարի վրա, կարծես լարված եւ ուշադիր ուզում էր ինչ-որ բան հասկանալ։

Հետո քարի վրայից իջնելով, կողքի խոտերը պռճկելով մի փոքր տեղ բացեց եւ ուզեց միայնակ շուռ տալ այն, բայց չկարողացավ, քանի որ այն շատ մեծ էր։ Կանչեց մեզ հետ եկած մի քանի տղամարդու եւ խնդրեց, որ իրեն օգնեն, քարը կանգնեցնեն։ Ու մի կերպ քարի կողքերը մատների տեղ փորելով շուռ տվեցինք։

Աչքներիս տեսածից բոլորս փշաքաղվեցինք անսպասելիությունից. մարմարյա խաչքար էր, այնքան նախշուն, այնքան ճերմակ, կարծես հենց նոր է վարպետը այն ավարտել»։

Ինքս էլ երբ տեսա այդ խաչքարի լուսանկարը, զարմացել էի նրա հազվագյուտ գեղեցկությունից, իսկ նման ոճավորված լուծում դեռեւս ոչ մի գրքում չէի հանդիպել։

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Հոգևոր-մշակութային


15/02/2012