Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՄՈՅԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 27



1990թ.

ՄԱՐՏ

Ազատ գյուղի տեղահանությունից հետո, մարտի 2-ին, Կամոյում ԽՍՀՄ ներքին զորքերի ստորաբաժանումների տեղակայումով սկսվեց նաև Հյուսիսային Արցախի ա՛յս գյուղի հայաթափումը: Երևանը հայտարարեց, որ տեղահանությունը ղեկավարվում կամ խրախուսվում է կենտրոնական իշխանությունների կողմից, և պահանջեց «զորքերն անհապաղ դուրս բերել Հյուսիսային Արցախից` դրանք տեղակայելով հայկական և ադրբեջանական գյուղերի սահմանազատիչ գոտիներում»: Սակայն Կամոյի ճակատագիրը ևս, անկախ Գետաշենի ենթաշրջանում ծավալվող դիմադրական շարժումից, վճռված էր…

Մարտի 22-ին, Մեղրիում, Նյուվադի կրակակետերի ոչնչացման նպատակով ձեռնարկված գործողության ընթացքում զոհվեցին Կարեն Ավետիսյանն ու Վարդան Հովակիմյանը:

Մարտի 26-27-ին իրավիճակը մեկեն սրվեց Արարատի, Գորիսի, Վայքի, Եղեգնաձորի, Իջևանի, Նոյեմբերյանի ու Շամշադինի սահմաններում: Հայաստանի 12 սահմանամերձ շրջաններից 7-ի բնակավայրերը ոչ միայն գնդակոծվեցին, այլև հրետանային հարվածների թիրախ դարձան, իսկ խորհրդային միասնական պետությունում միմյանց դեմ հրետանու կիրառումն աննախադեպ երևույթ էր: Զոհվեց երկու, վիրավորվեց 7 մարդ:

Հետագա օրերին, ներքին զորքերի ստորաբաժանումները, Ադրբեջանի տարածքից մտնելով Նոյեմբերյանի, Իջևանի ու Շամշադինի սահմանամերձ գյուղեր, պատանդ վերցրին 24 հայի:

Քանի որ հունվարին մարզը վերաենթարկեցվել էր Ադրբեջանին, մարտի 30-ին, ԼՂԻՄ մարզխորհրդի նստաշրջանը գումարելիս, պատգամավորները շենքի վրա պարզեցին ԽՍՀՄ դրոշը:

ԱՊՐԻԼ

Ապրիլի 6-ին ՀԿԿ Կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղարի պաշտոնում Սուրեն Հարությունյանին փոխարինեց Վլադիմիր Մովսիսյանը, որ ընդհանրապես որևէ կախում չուներ Կենտրոնից:

ՄԱՅԻՍ

Կենտրոնի հետ խորացող քաղաքական դիմակայությունը, զուգորդվելով Խորհրդային Միության հանրապետություններում ծայր առած ժողովրդավարական շարժումների հետ, աստիճանաբար ընդգրկում էր նաև ԽՍՀՄ զինված ուժերին առնչվող ասպարեզները: Եվ եթե 1989-ի աշնանից հայ զինվորները սկսեցին զանգվածաբար դասալքել խորհրդային բանակից, ինչից հետո որոշվեց զորակոչիկների 20 տոկոսին թողնել ծառայելու Հայաստանում, ապա լիազորությունների ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ` մայիսի 3-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց ավելի արմատական որոշում. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում հայ զինծառայողների նկատմամբ առկա են ազգային խտրականության ակնհայտ դրսևորումներ` որոշ դեպքերում նաև լուրջ հետևանքներով, ստեղծել հանձնաժողով, որը կկատարի համապատասխան ուսումնասիրություններ, այդ նպատակով ժամանակավորապես դադարեցնելով հանրապետությունում գարնանային զորահավաքը»:

Այս որոշումը, որը պայմանավորված էր զորամասերում հայ և ադրբեջանցի զինվորների միջև ծայրահեղ սրված հարաբերությունների պայմաններում ողբերգական միջադեպերից խուսափելու մտահոգությամբ, ուներ նաև հայ զինծառայողներին ժամանակի ըմբռնմամբ «Մոսկվայի ձեռքին պատանդ չդարձնելու» ենթատեքստը, և քանի որ կենտրոնն առավել քան ցավագին էր ընդունում զինված ուժերին առնչվող յուրաքանչյուր հարց, բնականաբար, է՛լ ավելի սրեց հարաբերությունները միութենական իշխանությունների հետ, որը Հայաստանը սկսեց ներկայացնել որպես Խորհրդային Միության փլուզման համար պայքարող հանրապետություն:

Այս որոշման բացասական կողմերն ի հայտ եկան 1992-ին, երբ պարզվեց, որ, գույքն ու սպառազինությունը Հայաստանին հանձնելով, հեռացող 7-րդ գվարդիական բանակի զորամասերում հայ զինվորներ գրեթե չկան, այնինչ Հայաստանում զորակոչային ռեսուրսի 20 տոկոսի ծառայելու պայմաններում բոլորովին ուրիշ իրավիճակ կլիներ: Բայց այդ մասին հետո, իսկ առայժմ…

Նույն օրն ընդունած «ԼՂԻՄ-ում ստեղծված իրադրության և այն կարգավորելու խնդիրների մասին» որոշման 1-ին կետով Գերագույն խորհուրդը ԽՍՀՄ ղեկավարությունից պահանջեց «Վերացնել արտակարգ դրությունը ԼՂ-ում, ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները դուրս բերել ԼՂԻՄ-ի տարածքից` դրանք տեղաբաշխելով մարզի և Ադրբեջանական ԽՍՀ հարակից շրջանների դեմարկացիոն գոտիներում»: Այս վերջին` «դեմարկացիոն գոտի» հասկացությունն աննախադեպ իրողություն էր խորհրդային իրականությունում:

Մայիսի 9-ին, ՀԽՍՀ ԳԽ նախագահության որոշմամբ, ստեղծվեց աշխատանքային խումբ, որին հանձնարարվեց մշակել ԳԽ նախագահությանն առընթեր ստեղծվելիք պաշտպանության խորհրդի կազմն ու կանոնադրությունը:

Ծայր առած ժողովրդական ինքնապաշտպանության և կամավորական ջոկատների տարերային կազմավորման արդյունքում, հանրապետությունում բավական սրվեց նաև քրեածին իրավիճակը, քանի որ լեգալացավ քրեական տարրերի ձեռքին գտնվող զենքը: Աշխարհազորայինների անվան ներքո հանդես եկող տարրերը շարունակում էին ավտոտրանսպորտի և այլ նյութական միջոցների թալանը, առևանգում անգամ բուժհիմնարկներին պատկանող բարձր անցունակության սանիտարական «ՈՒԱԶ»-ները: Եվ ՆԳՆ ամփոփագրերում ու հայտարարություններում ավելի ու ավելի հաճախ էին հիշատակվում «Հանրապետության պաշտպանության նպատակների հետ ընդհանուր ոչինչ չունեցող նրանց գործողությունները»: Բայց, անկախ քրեածին իրավիճակից, աշխարհի թերևս ամենապաշտպանված պետությունում նրա մի սուբյեկտը հայտնվել էր անպաշտպան վիճակում…

Մայիսի 20-ին, ՀԽՍՀ ԳԽ պատգամավորների ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխանության են գալիս ազգային-ժողովրդավարական ուժերը, Արցախում ծայր առան զանգվածային անիմաստ ու այլանդակ բռնություններ…

Մայիսի 27-ին, խորհրդային հրամանատարության կազմակերպած սադրանքի արդյունքում, Երևանի կայարանամերձ հրապարակում և Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած ընդհարումների ընթացքում զոհվեցին 23 ազատամարտիկներ ու խաղաղ բնակիչներ, որոնց թվում 1 երիտասարդ մայր, ինչպես նաև ԽՍՀՄ ՆԳՆ մեկ սպա: Կային բազմաթիվ վիրավորներ: Զորամասի հրամանատարությունը կամավորներին խոստացել էր զենք ու զինամթերք վաճառել, բայց փոխարենը կրակ էր բացել նրանց վրա, իսկ միութենական ԶԼՄ-ները խոսում էին Հայաստանում տեղի ունենալիք պետական հեղաշրջման մասին, նկատի ունենալով Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման հերթական տարեդարձը` մայիսի 28-ը Հայաստանում առաջին անգամ պետականորեն նշելը:

Մայիսի 28-ին հրապարակվեց «Ստեփանակերտ քաղաքում կապից օգտվելու հատուկ կանոնների մասին» հրամանը, և Սաֆոնովը կարգադրեց «մայիսի 28-ից անջատել արտակարգ դրության տարածքում բնակվող առանձին անձանց տնային և ծառայողական հեռախոսները, իսկ ազատված հեռախոսահամարները տրամադրել զինվորական պարետատանը»…

Մայիսի 29-ը Հայաստանում հայտարարվեց սգո օր:

Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, հանրապետության երկրապահ ջոկատների շտաբի պետ Վազգեն Սարգսյանը ցավով նշեց, որ միամտության ու սադրանքի արդյունքում զոհվեցին նվիրված տղաներ, եւ վերստին պահանջեց չդիմել նման քայլերի և ցանկացած ձեռնարկում համաձայնեցնել երկրապահ ջոկատների կենտրոնական խորհրդի հետ, որովհետև միայն այդպես է հնարավոր հուսալիորեն պաշտպանել հանրապետության սահմանները և խուսափել ավելորդ կորուստներից ու խորհրդային բանակի հետ առճակատումից:

Մայիսի 27-ի անիմաստ արյունահեղությունը միմյանցից օտարացրեց ժողովրդին ու բանակը:

ՀՈՒՆԻՍ

Հունիսի 1-ին, անվտանգության բացառիկ միջոցների ձեռնարկմամբ, Ստեփանակերտ եկավ Այազ Մութալիբովը, Պոլյանիչկոյի ու Սաֆոնովի հետ այցելեց կառուցվող Լեսնոյե ավան, հայտարարեց, որ Ղարաբաղի ադրբեջանական բնակավայրերում մեկ օրում երեք օրվա աշխատանք է պետք կատարել, արցախահայությունից պահանջեց ենթարկվել Բաքվին ու անվտանգության նույնքան բացառիկ միջոցների ձեռնարկմամբ էլ գնաց:

Այս ընթացքում վերաբնակեցվում էր նաև Գորիս-Կապան ավտոճանապարհի մի կարևոր հատվածը վերահսկող Շուռնուխը, որտեղ արդեն ապրում էր 55 ընտանիք:

Հունիսի 21-ին ռուս զորակոչիկների մայրերը, Մոսկվայում փակելով գնացքի ճանապարհը, արգելեցին իրենց որդիներին ծառայության տանել Ադրբեջան:

ՀՈՒԼԻՍ

Հուլիսի սկզբին Սաֆոնովի ու Պոլյանիչկոյի ձեռնարկած բռնություններն Արցախում աննախադեպ չափերի հասան, իսկ Մոսկվան փորձում էր բոլոր հարցերը լուծել ներքին զորքերի միջոցով: Վերջինս դարձավ հայ-ադրբեջանական հակամարտության մասնակից, և մեր բանակը ստեղծվեց ադրբեջանական օմօնի ու ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի դեմ պայքարում, թեև մինչև վերջ խուսափեց զորքի հետ ընդհարումից: Բայց սադրանքներն ինքնաբերաբար բերում էին պարտիզանական հակահարվածների, որոնց նպատակն էր ժողովրդագրական իրավիճակի փոփոխության ու մարզում ադրբեջանական բնակչության թվաքանակի մեծացման արգելումը:

Նույն օրերին ՀԽՍՀ նորընտիր Գերագույն խորհուրդն ընդունեց իր առաջին հայտարարությունը. «Խորհրդային բանակի եւ ներքին զորքերի ստորաբաժանումները Հայաստանի տարածքում իրավունք չունեն իրականացնել պատժիչ որեւէ գործողություն` առանց ՀԽՍՀ ԳԽ թույլտվության»:

Հուլիսի 25-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահ Միխայիլ Գորբաչովը հրամանագիր ստորագրեց «ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու և անօրինական զենք պահելու դեպքում այն առգրավելու մասին»: Հրամանագրի 1-ին կետով թույլատրվում էր զենքի առգրավմանը մասնակից դարձնել անգամ ՊՆ ստորաբաժանումներին, իսկ 2-րդ կետում նշվում էր. «Ցանկացած մարմինների և կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների այն որոշումներն ու գործողությունները, որոնց նպատակն է պահպանել ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված ավելի վաղ ստեղծված սպառազեն կազմավորումները և կամ ստեղծել նորերը, իրավական ուժ չունեն և պատասխանատվություն են հարուցում օրենքին համապատասխան»: Այս հրամանագիրը միութենական իշխանությունների ձեռքին ահեղ մահակ էր, որն ամեն րոպե կարող էր վերածվել գիլյոտինի և անգամ ՀՀ Հատուկ գունդը, որպեսզի «անօրինական զինված կազմավորում» չհամարվեր, ստեղծվեց ՆԳՆ կազմում:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


15/02/2012