Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՎԱԶԻ



Ամերիկյան հայտնի «The Wall Street Journal» պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ քննադատվում է երկրի ռազմական բյուջեի կրճատման մասին որոշումը: Նշվում է, որ նախագահ Օբաման ծրագրում է առաջիկա տասնամյակի ընթացքում Պենտագոնի բյուջեն կրճատել կես տրիլիոն և ավելի դոլարով: Պաշտպանության համար նախատեսված բյուջեի կրճատումով Օբաման հույս ունի ծածկել ԱՄՆ-ի բյուջետային դեֆիցիտի կեսը: Սակայն թերթը նշում է, որ մասնավորապես երկրի ռազմածովային ուժերի գոյատևման և զարգացման համար հատկացվող գումարների կրճատումը բացասաբար կանդրադառնա դրանց մարտունակության վրա: Պենտագոնը հայտարարել է, որ 7 հածանավ դուրս կբերվի գործածությունից, իսկ «Virgina» դասի նոր միջուկային սուզանավերի և այլ տեսակի ավելի ցածր դասի մարտական նավերի ձեռք բերումը կհետաձգվի, կամ դրանց համար նախատեսվող գումարները կնվազեցվեն:

«Երկրի նավատորմն արդեն իսկ մեծ չէ: Նրա նավերը հետզհետե հնանում են, ինչի հետևանքով ի վիճակի չեն կատարելու իրենց գործառույթները: Վերջին քսանամյակի ընթացքում ռազմածովային տեխնիկայի քանակը նվազել է երկու անգամ և այժմ կազմում է 285 միավոր: Մինչդեռ սառը պատերազմի ժամանակ` 1987թ.-ին, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում հաշվառվում էին 568 ականակիր նավեր, սուզանավեր և այլ կարգի նավատեսակներ»,-գրում է թերթը:

Հինգ տարի առաջ ռազմածովային ուժերը խոստացել էին հաջորդ տասնամյակի ընթացքում նավատորմում առկա ռազմանավերի թիվը հասցնել 313-ի: Սակայն, ըստ թերթի, նույնիսկ այս ծրագիրը չի իրագործվի: Ինչպես նշել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան, «ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կկազմեն ավելի քիչ, քան 230 միավորը»:

Այս ամենը, ըստ թերթի, սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանը, քանի որ Չինաստանը, ընդհակառակը, կառուցում է տասնյակ նոր նավեր, այդ թվում և անաղմուկ դիզել-էլեկտրոնային սուզանվեր, որոնց վրա տեղակայված են նաև հրթիռներ, որոնք վտանգ են ներկայացնում ամերիկյան օդանավերի համար:

«Չինաստանի ռազմավարական նպատակն է վերացնել այն ռազմածովային գերազանցությունը, որը Խաղաղ օվկիանոսում ունի ԱՄՆ-ը»,- ահազանգում է «The Wall Street Journal»-ը:

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Ռազմական


15/02/2012