Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ. ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ



Հայրենական մեծ պատերազմի տարիներին շրջանից ռազմաճակատ է մեկնել 7180 հոգի, որոնցից զոհվել եւ անհետ կորել են 3207-ը:
Չնայած իրենց ծայրահեղ նեղ վիճակին, շրջանի բնակչությունը մեծապես օգնել է ռազմաճակատին: Մանկավարժներն իրենց աշխատավարձի 40-45 տոկոսն ամեն ամիս փոխանցել են պաշտպանության ֆոնդին: Գեղհովիտցի Հարություն Մարտիրոսյանն իր միջոցներով գնել եւ բանակին է նվիրել մեկ տանկ: Տանկային շարասյան կառուցման համար 20 հազար ռուբլի է տվել սառնաղբյուրցի Անդրանիկ Մանուկյանը: Բոլորը մեկ մարդու նման անխտիր գնել են փոխառության պարտատոմսեր: Ռազմաճակատ մեծ քանակությամբ ծխախոտ է ուղարկել մթերակայանը: Ռազմաճակատ են ուղարկվել շրջանում եղած երաժշտական բոլոր գործիքները:
Մարտունեցիները ռազմի դաշտում հերոսաբար են մարտնչել, բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը` չխնայելով իրենց կյանքը: Թշնամու դեմ մղված մարտերում նրանցից շատերն արժանացել են շքանշանների եւ մեդալների: Կերչի ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության համար զոլաքարեցի Միհրան Խաչատրյանը պարգեւատրվել է «Կարմիր դրոշի» շքանշանով: Նույն պարգեւին է արժանացել նաեւ Վ. Գետաշեն գյուղից Սերգեյ Հարությունյանը Բելոստոկի ազատագրման ժամանակ գործած սխրանքի համար: «Ալեքսանդր Նեւսկու», «Կարմիր աստղի», Փառքի 3-րդ եւ 2-րդ աստիճանի շքանշաններով եւ «Մարտական ծառայությունների համար» եւ «Արիության համար» մեդալներով է պարգեւատրվել զոլաքարեցի Վահրամ Ավետիսյանը: «Կարմիր աստղի», Փառքի 3-րդ աստիճանի շքանշաններով եւ տարբեր մեդալներով են պարգեւատրվել ավագ լեյտենանտ Արշավիր Մանուկյանը, լեյտենանտ Անդրանիկ Հայրապետյանը, Ջանիբեկ Ղուկասյանը, Գերասիմ Գրիգորյանը, կապիտան Խաչիկ Մովսիսյանը, Իվան Ավդալյանը եւ ուրիշներ:
Լեհաստանի ազատագրման համար մղված մարտերում քաջաբար զոհվել է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Միլիտոն Գեւորգյանը: Նա թաղված է Վոլշտեյն քաղաքում: Պարգեւատրվել էր Կարմիր աստղի շքանշանով:
Մարտունի ավանից Հայկ Ավետիսյանը 1941թ.սեպտեմբերի 8-ին կամավոր մեկնեց ռազմաճակատ: Նա մասնակցել է տարբեր ռազմական գործողությունների: Անսահման հայրենասիրությամբ էին տոգորված նրա ռազմաճակատային նամակները: 1941թ. դեկտեմբերին նամակներից մեկում նա գրում է. «Այժմ մեր ոխերիմ եւ ատելի թշնամին ֆաշիստական Գերմանիան է` հանձինս մարդակեր եւ զզվելի Հիտլերի: Հայրենիքը մեզ կանչել է պաշտպանելու մեր սրբազան հողը, ազատությունը, պատիվը: Ահա ես գտնվում եմ նրա պաշտպանության դիրքերում: Ինձ համար մահը փույթ չէ: Այո, թող մեռնեմ, բայց դուք՝ հարազատներս, ազատ ապրեք»: Ռազմաճակատում ծանր վիրավորվելով՝ նա 1943թ. զորացրվել է, անցել մանկավարժական աշխատանքի:
Լիճք գյուղից էր դեռեւս խորհրդա-ֆիննական պատերազմի ակտիվ մասնակից ավագ լեյտենանտ (հետագայում` գնդապետ) Հրանտ Հովհաննիսյանը: Նա Կովկասի համար մղվող մարտերում թշնամուն զգալի վնաս հասցնելու համար պարգեւատրվել էր «Կարմիր աստղի», բազմաթիվ այլ մեդալներով ու շքանշաններով: Ետպատերազմյան տարիներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ, ղեկավարել Հայրենականի վետերանների հետ տարվող աշխատանքները:
Պատերազմից հետո շրջանում կառուցվեցին Հայրենականում զոհված մարտունեցիների հիշատակը հավերժացնող բազմաթիվ հուշարձաններ եւ աղբյուրներ:
ԼԻԼՅԱ ԱՆՏՈՆՅԱՆ
մայոր
«Մայր Հայաստան» զինվորական թանգարանի գլխավոր ֆոնդապահ

Խորագիր՝ #40 (855) 13.10.2010 – 20.10.2010, Պատմության էջերից


24/01/2011