20-ՐԴԸ. ԵՐԿՈՒՆՔ
Հունվարի 28-ին լրացավ նորանկախ Հայաստանի զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձը: Ազգային բանակի ծննդյան հոբելյանն այն բացառիկ տոներից է, որը մեծագույն սիրով ու հպարտությամբ են նշում աշխարհի բոլոր ծայրերում բնակվող մեր հայրենակիցները, քանզի բանակն ազգային ու պետական այն կառույցն է, որը, լինելով մեր երկրի և ժողովրդի անվտանգության ու խաղաղ արարումի գլխավոր երաշխավորը, միաժամանակ իր շուրջն է համախմբում աշխարհով մեկ սփռված հայությանը:
Ակունքներում ունենալով խորհրդային բանակի ավանդույթները` նորանկախ Հայաստանի բանակը, այնուամենայնիվ, ստեղծվեց հախուռն, անհրաժեշտությունից ելնելով, հիմնվելով ֆիդայական ջոկատներում ընդգրկված հայ ազատամարտիկների` Հայրենի հողի հանդեպ ունեցած անսահման սիրո վրա, որը նաև աներևակայելի ուժ էր պարգևում, ուժ, որի միջոցով մեկ հայ ռազմիկը դիմակայում էր բազում «ազերի» ասկյարների ու հաղթում: Հայ ազատամարտիկի համար այդ հողն իմաստավորված էր Գանձասարով ու Ամարասով, Մռավով ու Թարթառով, Գտչավանքով ու Դադիվանքով` օծված մեր պապերի քրտինքով ու արյամբ: Արցախյան ազատամարտի յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ հայ մարտիկին սնում էր իր կողմից պաշտպանվող ու իր կողմից ազատագրվող հողի ուժը: Հենց Հայրենի հողի զորությամբ էլ երկունքվեց մեր օջախների պահապան հրեշտակը` Հայոց բանակը:
«Մեր բանակը լիարժեք կազմավորման և համալրման խաղաղ ժամանակահատված չունեցավ: Հետզհետե սաստկացող ռազմական գործողություններն իրենց կնիքը թողեցին բանակի կազմավորման գործընթացի վրա` պարտադրելով կանոնավոր ստորաբաժանումները, ռազմական գերատեսչության կառույցը ձևավորել հնարավորինս կարճ ժամանակահատվածում: Այդ ամենն իրականացվում էր անմիջապես պատերազմի թոհուբոհում. կանոնավոր ստորաբաժանումները կազմավորվում էին ռազմական գործողություններին զուգընթաց ու անմիջապես մարտի մեջ մտնում: Եվ հաղթում էին, քանզի հայ ռազմիկի ոգին ամուր էր, մղած կռիվը` արդարացի»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Իրոք, շատ դժվարին էր մեր զինուժի երկունքը:
Իրավիճակը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նորանկախ հանրապետություններին պարտադրեց` դիմակայելով աննախադեպ դժվարություններին, անմիջապես ձեռնամուխ լինել կանոնավոր բանակի կազմավորման գործին, քանզի հայ ժողովրդի ազգային գոյության հարցն էր նորից նժարի վրա դրվել: Ազգային բանակի ստեղծումը դարձել էր կենսական անհրաժեշտություն: Այն ստեղծելու որոշման նախագիծը պատրաստվել էր դեռևս 1990 թվին, բայց կոմունիստական վարչակարգն, ամեն ինչով օժանդակելով ադրբեջանական հրոսակախմբերին, ձգտում էր լռեցնել արդարության ձայնը, խեղդել ազատագրական շարժումը: Ղարաբաղը սպանդանոց դարձնելու հայտարարությունները վերածվեցին կոնկրետ գործողությունների (1988 թվականի փետրվարի 22-ին Աղդամի շրջանից Ասկերանի վրա բազմահազարանոց հրոսակախմբերի հարձակումը, Սումգայիթի, Բաքվի, Գանձակի հայկական կոտորածներն ու ջարդերը, Ադրբեջանի տարածքից շուրջ 500 հազար հայերի բռնագաղթը, գեներալ Սաֆոնովի և նրան հաջորդած Պոլյանիչկոյի գլխավորած տխրահռչակ Կազմկոմիտեի հալածանքները արցախահայության նկատմամբ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական շրջափակումը, 1991 թվականի ապրիլ-մայիս ամիսներին թվով 24 հայկական գյուղերի հայաթափումը, ապօրինի շինարարության ծավալումը մարզի ադրբեջանական գյուղերում, ինքնավար մարզի վարչատարածքային բաժանման հակահայկական փոփոխությունները, շարժման մասնակիցների անհիմն մասսայական ձերբակալություններն ու ահավոր կտտանքների ենթարկելը ադրբեջանական բանտերում և շատ այլ գազանություններ):
Ահա այսպիսի իրադարձությունների բովում վերածնվեց ու իրականություն դարձավ ինքնապաշտպանության գաղափարը: Ի հեճուկս թշնամու նկրտումների` «հայ ազգը հոգեբանորեն ու ֆիզիկապես պատրաստ եղավ վերածվելու համազգային բանակի»: Անելանելի վիճակից դուրս գալուն նպատակուղղված առաջին քայլերից մեկը դարձավ ներքին գործերի նախարարության կազմում Հատուկ գնդի ստեղծումը, որի մեջ ընդգրկվեցին գրեթե բոլոր շրջանների երկրապահ կամավորական ջոկատների ներկայացուցիչները: Հատուկ գունդը պատմական կարևոր նշանակության դեր կատարեց Արցախի և ՀՀ սահմանների պաշտպանության, երկրի ներսում կարգ ու կանոնի հաստատման ուղղությամբ, իսկ երբ պարզ դարձավ, որ ԽՍՀՄ վերակենդանացման ջանքերն ապարդյուն են, իր անկախությունն ամրապնդող Հայաստանի կառավարությունն ազգային բանակ ստեղծելու որոշում կայացրեց: Ստեղծվող զորամասերի զինվորներին անհրաժեշտ էր հանդերձավորել, կերակրել, բնակավորել, զինել և մարզել: Բազում էին դժվարությունները, բայց դրանք հաղթահարվեցին մեր ժողովրդի համբերությամբ, տոկունությամբ, հայության բոլոր հատվածների հավաքական ուժի շնորհիվ: Արցախին տիրելու համար Ադրբեջանի` մեկը մյուսին հաջորդող ռազմարշավները պարտադրում էին արագ կատարելագործել մեր զորամասերի հնարավորությունները, ձեռք բերել համապատասխան ռազմական տեխնիկա, զենք ու զինամթերք` այդ թվում նաև ռազմավարի տեսքով:
Բուն Արցախում, արդեն իսկ շարժման 9-րդ ամսում քաղաքներում ընկերային, թաղային սկզբունքով, իսկ գյուղական վայրերում` ըստ բնակության վայրի կամ աշխարհագրական հիմունքով տարերայնորեն ծնունդ առան առաջին ընդհատակյա ջոկատները: Աննկարագրելի ծանր պայմաններում ստեղծվեց ինքնապաշտպանության ուժերի մարզային շտաբը, որին հաջողվեց, թեկուզեւ սիրողական մակարդակով, բայց և այնպես միավորել միմյանցից անջատ գործող կամավորական զինված խմբերը և համակարգել նրանց գործողությունները: Կամավորական խմբերում տարիքային որևէ ցենզ չկար. նրանցում ընդգրկվում էին 14-ից մինչև 50-ն անց տղամարդիկ, որոնցից շատերն առաջին անգամ էին զենք վերցնում:
Արցախցի կամավորականների համար բեկումնային եղավ այն, որ վերջիններիս շարքերը համալրվեցին Մուշի, Սասունի, Կարինի, Մուսա լեռան հերոսական պաշտպանության մասնակիցների արդի սերնդի ներկայացուցիչները: Կամավորականներից կազմված մի ստվար ջոկատ իր մարտական մկրտությունը ստացավ Հյուսիսային Ղարաբաղի պաշտպանության համար մղված անհավասար մարտերում: Հայ աշխարհազորայինները ոչ միայն կարողացան անառիկ պահել դիրքերը, այլև կենդանի ուժի, զինտեխնիկայի լուրջ կորուստներ պատճառեցին հակառակորդին: Հայորդիների փոքրաթիվ խմբերը, վարպետորեն մանևրելով, անսպասելի ու սրընթաց հարվածներով հաճախ էին հանկարծակիի բերում ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումներին, նրանց շարքերում առաջացնելով խուճապային տրամադրություններ:
Արդեն իսկ 1991 թվականի վերջերին և 1992 թվականի սկզբներին Լեռնային Ղարաբաղի տարածքում կազմավորված էին 10-ից ավելի վաշտեր ու դասակներ, որոնց մեջ ընդգրկված էր թվով հազար մարտիկ: Սա, թերևս, ապագա պաշտպանության բանակի ստեղծման հիմնաքարը դարձավ` նախապայմաններ ստեղծելով ապահովելու դրանց կենտրոնացված ղեկավարումն ու առաջադրելու գրավյալ տարածքների ազատագրման, Ստեփանակերտը շրջապատող հենակետերի ու կրակակետերի ոչնչացման խնդիրներ:
Իրավիճակը շարունակվում էր մնալ լարված. ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով տեղակայված թշնամու հենակետերից հայկական բնակավայրերի վրա անընդհատ կրակում էին հեռահար հրանոթները: Ստեփանակերտն օղակի մեջ առած ադրբեջանական Խոջալու, Ջանհասան, Ղայբալիշեն, Քյոսալար և Նաբիլար գյուղերը կարճ ժամանակահատվածում վերածվել էին հզոր կրակակետերի: Առաջնահերթ էր դարձել հատկապես Խոջալուի ռազմական պլացդարմի վերացումը, քանի որ Ստեփանակերտը հայկական բնակավայրերի, հատկապես Ասկերանի հետ կապող գլխավոր ճանապարհն անցնում էր հենց այդ գյուղով: Մյուս կողմից էլ Ստեփանակերտն ու Ասկերանը թշնամական այդ որջից ամենօրյա կատաղի հրետակոծության էին ենթարկվում` դառնալով տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու պատճառ և առաջացնելով մեծ ավերածություններ: 1992թ. փետրվարի 26-ին Խոջալուի ռազմական հենակետը ևս ջախջախվեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից:
Ու երբ 1992թ. մարտի 10-ին ԼՂՀ տարածքից դուրս բերվեց Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գունդը, հայերը համոզվեցին, որ ոչ ոք, բացի իրենցից, երբեք չի ստանձնի այս երկրի ու ժողովրդի անվտանգության պաշտպանության գործը: Այդ հաստատակամության ամրապնդումը ողջ հայության հոգեբանության մեջ անմիջապես տվեց իր բարի պտուղները. 1992թ. մայիսին ազատագրվեց Արցախի հինավուրց ոստան Շուշին, որով էլ սկիզբ դրվեց Հայոց բանակի հաղթարշավին:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
գնդապետ