Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ



Գագիկ եւ Սուսաննա Սահակյանները երջանիկ են։ Երջանկությունը նրանց հետ էր ի սկզբանե, երբ Տիրոջ կամքով նրանք ամուսնացան, տունուտեղ դրեցին։ Տառապանքի հետ ճերմակեցին։ Գագիկ Սահակյանը Մարտակերտում էր, երբ Վեդիում որդու կարոտով աչքերը փակեց սիրելի հայրը։ Հաղթանակով վերադառնալով՝ նա այցելեց հոր շիրմին. «Հայրի՛կ, գիտեմ, դու ինձ ներել ես, ներել ես, որովհետեւ գիտեիր, որ որդիդ այնտեղ պետք է լինի»։
Երեխաները՝ Խաչիկը, Անուշն ու Արփինեն, այն օրերին սիրառատ ու կարոտալի նամակներ էին գրում հորը՝ «Հայրի՛կ, մենք քեզ շատ-շատ ենք սիրում, հայրի՛կ, ե՞րբ ես գալու»։ Կինը՝ Սուսաննան, արցունքն աչքերին՝ ռազմաճակատից ամեն մի վերադարձողի դուռն էր թակում. «Գագիկից ի՞նչ լուր եք բերել»։ Ամեն հարցումից սիրտը քիչ էր մնում ճաք տար, մտքում նորից ու նոր աղոթում էր բարի լուրի համար։ Անցել են այդ ժամանակները։ Երեխաները մեծացել են, ամուսնացել, ու ծնողները դարձել են երջանիկ տատիկ ու պապիկ։ Սակայն պատերազմական օրերի շունչը զգացվում է գրապահարանին դրված մաշված, խունացած, եզրերը քրքրված լուսանկարներից։ Պատերազմի ողջ ընթացքում Գագիկի գրպանում էին զավակների լուսանկարները։ Քրքրված լուսանկարներից մեկում ինքն է ու իր սիրելի, հավատարիմ կինը՝ Սուսաննան։ Լուսանկարվել են Խոր Վիրապում՝ իրենց հարսանեկան երջանիկ օրվա առթիվ։ Լուսանկարի հակառակ երեսին Գագիկի քառյակն է՝ գրված այն օրերին կռվի դաշտում.
Եթե ընկնեմ, դու չտխրես՝
Սիրելի իմ Շուշանիկ,
Այո՛, քոնն եմ ես էությամբ,
Սակայն կա եւ… Հայրենիք։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #40 (855) 13.10.2010 – 20.10.2010, Հոգևոր-մշակութային


24/01/2011