ԻՐ ԲԱԺԻՆ ՀԱՑԸ…
-Ընդմիջման ժամ էր։ Ծառերի հովին նստել էինք հացի։ Մոտեցավ տղաս՝ Գեւորգը։ Մինչ այդ էլ անտրամադիր էի, մտքով նրա հետ։ Երեկոյան նորից էի փորձել համոզել, որ էլ չգնա, որ մնա եւ տեր կանգնի իր փոքրիկ երեխաներին, բայց ամեն ինչ ապարդյուն՝ «պիտի գնամ ու վերջ։ Որ ամեն մեկն այդպես մտածի ու չգնա, ո՞նց կլինի»։ Այս պատճառաբանություններով էլ կիսատ էր մնացել մեր զրույցը։ Հացի պատառը կանգնել էր կոկորդումս։ Տղաս դանդաղ, մտածկոտ մոտեցավ. «Մամ ջան, գնում եմ, տղաներիս հետ նկարվել եմ, նկարը խնդրում եմ վերցնեք»։ Մեր հայացքները հանդիպեցին, ու սրտումս մի բան փլվեց։ Լռել էի, կարկամել։ Արցունքներս դեպի ներս էին հոսում։ Տղաս զգաց դա, շրջվեց ու արագ հեռացավ։ Աշխատողները կանչեցին հացի, մեկը հետեւից վազեց ու հացի պատառը ստիպեց վերցնի. «Ուտելով գնա»։ Տղաս մոտեցավ ջրի ծորակին, հացի պատառը դրեց քարին, կռացավ, ջուր խմեց, ու նորից մեր հայացքները հանդիպեցին։ Ասում են՝ զավակի ծնվելուց, երբ կտրվում է պորտալարը, առանձին մի կյանք է սկսվում, շարունակվում։ Այդպես է, սակայն այդ պահին, երբ հանդիպեցին մեր հայացքները, ու տղաս հայացքը փախցնելով արագ-արագ սկսեց հեռանալ՝ սրտումս, հոգուս մեջ մի թել կտրվեց, վատ կանխազգացումով ինչ-որ բան կոտրվեց։ Հացի պատառը կուլ չէր գնում։ Իսկ ջրի ակունքի մոտ դրած հացը որդիս թողեց իր զավակներին, թողեց ապրողներիս,- պատմում է Գեւորգ Մանուկյանի մայրը՝ տիկին Ժենյան։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր