«ԲՈՒԼԱՎԱՆ» ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ
ՌԴ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Ալեքսանդր Սուխորուկովը լրագրողներին հայտնել է, որ նախապատրաստվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագիրը` «Բուլավա» միջմայցամաքային բալիստիկ հրթիռային համալիրը ՌԴ ԶՈՒ սպառազինությունում ընդգրկելու մասին: Հեռանկարում այն դառնալու է Ռուսաստանի ծովային բազավորման միջուկային ուժերի հիմնական բաղկացուցիչը, և այն կրելու համար արդեն իսկ կառուցվում են նոր սուզանավեր:
2004 թվականից ի վեր «Բուլավա»-ն 18 անգամ փորձարկվել է, որոնցից յոթը` անհաջող, սակայն ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նախօրեին, հիմնվելով զինվորականների կատարած վերլուծությունների արդյունքների վրա, դրանք համարել էր մարդկային գործոնի և արձակումների ընթացքում կոնկրետ անձանց ոչ մասնագիտական աշխատանքի հետևանք:
Բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը լրագրողներին պատմել է, որ սկզբում, երբ իրենք ստիպված էին դադարեցնել հրթիռի փորձարկումները, զինվորականները չէին կարողանում հասկանալ անհաջողությունների պատճառը, քանի որ չորս արձակումների ընթացքում ի հայտ էին եկել միմյանց հետ բոլորովին չփոխկապակցված չորս տարբեր խնդիրներ: Եվ երբ աստիճանաբար պարզ է դարձել, որ տեխնիկական բոլոր լուծումները ճիշտ են, իրենք քննել են նաև մարդկանց աշխատանքը, փորձարկումների ընթացքում առանցքային բոլոր տեղերում նշանակել զինվորականների, և 2010 թվականի հոկտեմբերից ի վեր բոլոր հրթիռարձակումները հաջող են իրականացվել: Վերջին երկուսն արձակվել են Սպիտակ ծովում՝ «Յուրի Դոլգորուկի» ատոմային սուզանավից: Ավելի վաղ հայտարարվել էր, որ փորձարկումները կշարունակվեն 2012 թվական մայիսից:
ՌԴ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ սպառազինությունում ընդգրկվելու հարցում վճռորոշ դեր կխաղա հրթիռների համազարկային արձակումը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական