ԴՈՒՔ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ
Բոլոր երիտասարդները չէ, որ կարող են ծանոթանալու նպատակով մոտենալ աղջկան։ Եվ նրանց օգնության է գալիս համացանցը։ Իհարկե, նա նախ եւ առաջ պետք է տեսնի ձեր լուսանկարը։ Եթե դուք այնքան էլ հիացած չեք սեփական արտաքինով, ապա մեկընդմիշտ հիշեք.
1. Ինքներդ ձեզանից չեք փախչի. ընդունեք ձեզ այնպես, ինչպես կաք:
2. Ճաշակին ընկեր չկա. մարդիկ տարբեր են, եւ յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը գեղեցկության մասին։ Իսկ կանանց 3-միլիարդանոց բանակից հաստատ կգտնվեն մի քանի հարյուրը, որոնք ձեզ կհամարեն համակրելի։
Լուսանկարում պետք է լինեք միայն դուք՝ առանց ընկերախմբի եւ ավելորդ մակագրության. «Երկրորդ շարքում, ձախից երրորդը, մոխրագույն մարզաշապիկով» (դա աղջկան ձեր մասին ոչինչ չի ասի)։ Իսկ ընկերներիդ հետ նա դեռ կհասցնի ծանոթանալ, բայց ձեզ ճանաչելուց հետո միայն։
Համացանցով ծանոթանալու, շփվելու համար գոյություն ունեցող ամենակարեւոր «կանոններից» մեկն առանց սխալների գրելն է։ Ցանցում չկա ավելի տհաճ բան, քան տառասխալներով գրված հաղորդագրությունը. «Դու շատ հմաիչ ախչիկ էս»։ Երբ աղջիկը տեսնում է սխալներով գրված այսպիսի հաղորդագրություն, տպավորություն է ստանում, թե մոնիտորի հակառակ կողմում նստած է սահմանափակ մեկը։ Եթե նույնիսկ դպրոցում հայոց լեզվի դասերին դուք ունեցել եք «փոքրիկ բացթողումներ», ապա մի զլացեք դրանք լրացնել հիմա։ Գրագետ հաղորդագրություններով դուք կարող եք հետաքրքրել աղջկան եւ երկարատեւ ծանոթության հույս ունենալ։
Եղեք անկեղծ, բայց չարժե անմիջապես պատմել ձեր ամբողջ կյանքը։ Չէ՞ որ դուք նրան դեռ առանձնապես չեք ճանաչում: Նախ գրեք ձեր նախասիրությունների մասին։ Հետաքրքրվեք նրա նախասիրություններով` սիրո՞ւմ է նա, արդյոք, երաժշտություն, ճանապարհորդություն կամ չմշկասահք։ Գտեք ընդհանուր հետաքրքրություններ եւ գրեք այդ մասին։ Շարունակեք, զարգացրեք երկխոսությունը, բայց մի պարտադրեք։ Եթե աղջիկն այդ պահին չի կարողանում պատասխանել, ուրեմն պատճառ կա։ Մեկը մյուսի հետեւից հաղորդագրություններ մի ուղարկեք` հարցնելով, թե ինչու չի պատասխանում, եթե անգամ նա ձեզ շատ է դուր եկել։
«Գործերդ ո՞նց են», «ի՞նչ ես անում»… Խուսափեք նմանատիպ անհետաքրքիր հարցերից։ Դրանց պատասխանը մեկն է՝ «գործերս նորմալ են, նստած եմ»։ Սրանք այնքան ծամծմված ու անհամ հարցեր են, որ արդեն հոգնեցրել են աղջիկներին, միգուցե նաեւ ձեզ։
Մի՛ հարցրեք, թե միաժամանակ քանի տղամարդու հետ է նա շփվում կամ քանիսի հետ է ծանոթացել համացանցով։ Միեւնույն է, պատասխանն անկեղծ չի լինելու։ Լինելու դեպքում էլ, այն ձեզ դուր չի գալու։ Ավելի լավ է հաճոյախոսություններ անել նրան։
Յուրաքանչյուր աղջիկ ուզում է լինել միակը, եւ ոչ թե հազարերորդը կամ հոբելյանականը։ Եղե՛ք ուշադիր. եթե դուք յոթերորդ անգամ հարցնեք նրա աշխատավայրի մասին, վերաբերմունքի կտրուկ փոփոխությունից չզարմանաք։
Ճիշտ չէ առաջին հաղորդագրությամբ խնդրել նրա հեռախոսահամարը կամ նրան որեւէ տեղ հրավիրել. չէ՞ որ նա դեռ չգիտի, թե ով եք դուք։ Եվ ամեն ինչ միանգամից կարող է ավարտվել «սեւ ցուցակում» ձեր հայտնվելով։
Հիշե՛ք. իրավիճակը կարելի է փրկել գեղեցիկ հաճոյախոսությամբ եւ, իհարկե, հումորով։ Զգո՛ւյշ եղեք, որ ձեր հումորը չվիրավորի աղջկա ինքնասիրությունն ու նուրբ հոգին։
Դե, իսկ եթե ձեր շփումը սպասվածից լավ է զարգանում, ապա համացանցային հանդիպումները համարձակ փոխեք իրականով։ Առաջին ժամադրությունը նշանակեք մեկ ամսից ոչ ուշ։ Հակառակ դեպքում աղջիկը կմտածի, որ նա ձեզ դուր չի գալիս եւ կդադարեցնի շփումը։ Հանդիպեք մարդաշատ վայրում եւ մինչեւ մութն ընկնելը։ Առաջին հանդիպման համար 1,5-2 ժամը բավարար է։ Մի՛ առաջարկեք հանդիպումը շարունակել որեւէ առանձնացված վայրում` ձեր բնակարանում, սրճարանի առանձնախցիկում և այլն։ Դուք դեռ իրար լավ չեք ճանաչում:
Ցանցային ծանոթությունների մասին կարելի է շատ խոսել, բայց չմոռանանք գլխավորը. մի՛ հրապուրվեք համացանցով, դո՛ւրս եկեք տնից եւ շփվե՛ք աղջիկների հետ առանց երրորդ կողմի՝ համակարգչի միջնորդության։
ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ենթասպա