Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈՂԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՍԻՐՈՒՄ…



Այս պատմությունը հույժ գաղտնի էր պահվում: «Նոր ռուսներից» մեկը հաճախակի օգտագործում էր «Փողը լռություն է սիրում, իսկ մեծ փողը` գերեզմանային լռություն» արտահայտությունը: Այս սահմանմանն է համապատասխանում 1993թ. սկսված Ամերիկայի Միացյալ Նահանգներին ռուսական ռազմական ուրանի և պլուտոնիումի վաճառքի օպերացիան:

Խորհրդային Միության գոյատևման արդեն վերջին տարիներից Միխայիլ Գորբաչովը մտահոգված էր Արևմուտքին գոհացնելու և Միացյալ Նահանգների աջակցությունը ստանալու խնդրով: Այդ նպատակն էր հետապնդում Վաշինգտոնի հետ 1987թ. դեկտեմբերի 7-ի համաձայնագիրը, որով պետք է ոչնչացվեին, այսպես կոչված, միջին և փոքր հեռահարության հրթիռները: Ըստ համաձայնագրի` ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն պարտավորվում էին երեք տարվա ընթացքում ոչնչացնել իրենց` 500-1000 կմ (ասել է թե` փոքր) հեռահարության բալիստիկ հրթիռները, ինչպես նաև` 1000-5500 կմ միջին հեռահարության հրթիռները: Առաջին հայացքից համաձայնագիրը տրամաբանորեն ճիշտ որոշում էր. կուտակված զինանոցն ու միջուկային մարտագլխիկների քանակը հարկ եղածից ավելի էր: Սակայն Մ. Գորբաչովն ու Է. Շեվարդնաձեն հաշվի չառան այն հանգամանքը, որ հարևան պետությունները` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը, Հնդկաստանը, Պաղեստինը, Իրանը և Իսրայելը այդ շրջանում հանձն էին առել զարգացնել իրենց հրթիռաշինությունը` կառուցելով հենց այդպիսի հրթիռներ: Ու թեև նրանց զինանոցը վտանգ չէր ներկայացնում ԱՄՆ-ի համար, այնուամենայնիվ, ռուսական տարածքը հայտնվում էր նրանց հրթիռների հասանելիության տիրույթում:

Այդ ընթացքում Մ.Գորբաչովը, առանց իր ռազմական խորհրդականների հետ քննարկելու, համաձայնեց վերացնել նաև այդ ժամանակի ամենաարդիական «ԿՍՈ» հրթիռային համալիրը, որը նույնիսկ չէր դասվում համաձայնագրով նախատեսված փոքր հեռահարության հրթիռների շարքը. այն տիպիկ ռազմավարական զենք էր, որն ուներ 500 կմ-ից նվազ հեռահարություն: Սակայն ԱՄՆ-ի համար «ԿՍՈ»-ն ավելորդ «գլխացավանք» էր, քանի որ կարող էր կրել և՛ միջուկային, և՛ սովորական մարտագլխիկ: Հենց այս պատճառով «ԿՍՈ»-ն նյարդայնացնում էր ՆԱՏՕ-ի բանակի ներկայացուցիչներին, որոնք էլ հենց համոզեցին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարին ոչնչացնելու այն: Ինչը ռուս զինվորականները նրան երբեք չներեցին:

1990-ականների սկզբին բոլոր ոչնչացվող հրթիռներից հանում էին միջուկային մարտագլխիկները և խնամքով պահում պահոցներում, իսկ կրիչները ոչնչացվում էին:

Այդ ընթացքում փլուզվում է Խորհրդային Միությունը: Հրթիռամիջուկային համալիրների մի մասը հայտնվում է նոր կազմավորվող պետություններում` Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում, ինչն էլ սկսում է անհանգստացնել ԱՄՆ-ին, որի համար միջուկային կայսրությունների ավելացումն աշխարհում եղել և մնում է անընդունելի:

Խորհրդային Միության փլուզումից հետո 1993թ. ՌԴ զինամթերքի պահեստում կուտակվեց ռազմական ուրանի մոտ 500 տոննա պաշար (ներառյալ Ուկրաինայում, Բելառուսում եւ Ղազախստանում եղած միջուկային արսենալը։ («Լիսաբոնյան փաստաթուղթ»)։ Միակ բացառությունը Իսրայելն էր, որը պահպանեց իր միջուկային ներուժը), որը ստացվել էր հրթիռային համալիրների ոչնչացման արդյունքում: Համեմատության համար նշենք, որ Հիրոսիմայի վրա նետված միջուկային ռումբը պարունակում էր ընդամենը 10 կգ զինուրան: Իսկ այդ ընթացքում ռուսական կառավարությունը, որն ուներ պետական բյուջեն ավելացնելու խիստ կարիք, ԱՄՆ-ից առաջարկություն ստացավ ուրանի այդ ամբողջ «ավելցուկը» 12 մլրդ ԱՄՆ դոլարով վաճառելու Միացյալ Նահանգներին: Բորիս Ելցինին և Վիկտոր Չերնոմիրդինին առաջարկը դուր եկավ, և նրանք այն նույնիսկ համարեցին «փրկօղակ»: Ռուսական կառավարությունը նման էր հարբեցողի, որը տառապում է խումհարից, և որը պատրաստ է մեկ բաժակ օղու համար տալ ամեն ինչ, ուր մնաց` ուրանի «ավելցուկը»:

Երկխոսությունը տեղի էր ունենում հույժ գաղտնի պայմաններում: Ամերիկյան կողմը ներկայացնում էր այդ ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորը, իսկ ռուսական կողմը` վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինը: Համաձայնությունը դիտմամբ կնքվեց բարձր մակարդակով, որպեսզի դրա տեքստը չներկայացվի երկու երկրների օրենսդիր մարմինների վավերացմանը:

Իրականում` այս համաձայնագիրը սովորական միջկառավարական տնտեսական փաստաթուղթ է, որը չի վերաբերում պետությունների անվտանգությանը: Եվրոպական երկրները` Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, իմանալով տարվող բանակցությունների մասին, նույնպես ցանկություն հայտնեցին մասնակցելու դրանց և ռուսական ուրանից որոշ մաս ստանալու: Սակայն ԱՄՆ-ն քաղաքակիրթ և կտրուկ կանխեց նրանց մտադրությունները:

Համաձայնագիրը ստորագրվեց 1993թ. փետրվարի 18-ին: Այն նախատեսում էր առաջիկա 20 տարվա ընթացքում ռուսական 500տ ուրանի վաճառք Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որն էլ այն պետք է օգտագործեր ատոմային էներգետիկայի ոլորտում: Յուրօրինակ ապրանքը գնահատվել էր 11,9 մլրդ ԱՄՆ դոլար: Մինչև 90% հարստացված զինուրանի U-235 իզոտոպը պետք է ռուսական գործարաններում նոսրացվեր՝ հասցվելով մինչև 4,4%, որն էլ պետք է օգտագործվեր ատոմային էլեկտրակայաններում: ԱՄՆ-ի ԱԷԿ-ներում հաշվառվում է 109 ռեակտոր, որոնք այս կերպ ստանում էին էլեկտրաէներգիայի` տասնամյակներ շարունակ բավարարող հումք:

2008թ. վերջին տվյալների համաձայն` Ամերիկային է վաճառվել փաստաթղթով նախատեսված 500տ զինուրանից 352-ը: Այս քանակը համապատասխանում է 14 հազար չմշակված մարտագլխիկի:

Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները հնարավորինս գաղտնի են պահել այս համաձայնագրի մանրամասները, բայցևայնպես որոշ տեղեկություններ հայտնվել են մամուլում: Պետդումայի պատգամավորներ Իգոր Ռադիոնովը, Վիկտոր Չերեպկովը և այլք հարցում էին ուղարկել Ատոմային էներգիայի դաշնային գործակալությանը, պաշտպանության նախարարությանն ու երկրի նախագահին՝ համաձայնագրի մանրամասների վերաբերյալ տեղեկություն ստանալու խնդրանքով, սակայն այդպես էլ չստացան իրենց բավարարող պատասխանները:

Ամերիկյան պարբերականներում ևս հայտնվեցին տեղեկություններ, թե, իբր, Ռուսաստանը համաձայնագիրը ստորագրելիս էժանացրել է ապրանքի գինը, քանզի 500տ ուրանը արժե ավելի շատ, քան փաստաթղթով սահմանված գինը: Նշվում էր նաև, որ Վ. Չերնոմիրդինը այս գործարքի համար կշտամբանքի է արժանացել: Իսկ Ջորջ Բուշ ավագը հրապարակայնորեն նրան անվանել է «կաշառակեր»: Ֆրանսիական «Մոնդ» պարբերականը նույնպես աչքի է ընկել այսպիսի հրապարակումներով: Վիկտոր Ստեպանովիչը նույնիսկ սպառնում էր պարբերականի դեմ դատական հայց ներկայացնել, սակայն բոլորի համար անհայտ պատճառներով հրաժարվեց իր մտադրությունից:

Ես ինքս հրապարակայնորեն ելույթ եմ ունեցել Պետդումայի ներկայացուցիչների առաջ` առաջարկով հրաժարվել այս «շահութաբեր» համաձայնագրից, քանի որ 2006թ. Ռուսաստանն արդեն չուներ ֆինանսական խնդիրներ, և մնացած 250տ զինուրանը ավելին արժեր պետության անվտանգության համար, քան այդ 6 մլրդ ԱՄՆ դոլարը: Իմ այս առաջարկը չընդունվեց, և համաձայնագրով նախատեսված մեր պարտականությունները մնացին ուժի մեջ: Ռոսատոմի ներկայիս ղեկավար Սերգեյ Կիրիենկոն վերջերս հայտարարեց, թե Ռուսաստանը մինչ 2013թ. կկատարի պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները և հպարտությամբ հավելեց. «Մենք ոչնչացնում ենք շատ ավելի բարձրակարգ հարստացված ուրան, քան Միացյալ Նահանգներն ու մնացած բոլոր երկրները միասին վերցված»:

Այժմ արդեն դադարեցված բանակցությունները վերաբերում էին վաճառված ուրանի գնին: Համաձայնագրի քննադատները գնահատում են վաճառված ուրանը 8 տրլն ԱՄՆ դոլար: Կառավարության կողմակիցները, որոնք ավելի հավասարակշռված են, վաճառված ապրանքը գնահատում են 50 մլրդ դոլար, ինչն ամեն դեպքում չորս և ավելի անգամ շատ է, քան վճարվածը: Վաճառքի իրական արժեքը որոշելու համար նույնիսկ փորձեր են արվել համապատասխանեցնելու ուրանի էներգետիկ ներուժը նավթի էներգետիկ ներուժի հետ: Ամենապարզունակ հաշվարկները ցույց են տալիս, որ զինուրանի ջերմարձակման 1 տոննան համարժեք է նավթի 1 մլն 350տ-ի: Եվ եթե ստացված վերջին թիվը բազմապատկենք 500-ով, ապա համապատասխանաբար կունենանք 675 մլն տոննա նավթ: Եթե նավթի գինը հաշվենք միջինը 1 բարելի համար 80 ԱՄՆ դոլար, ապա կստացվի, որ ԱՄՆ-ին վաճառված ուրանի գինը կազմում է 405 մլրդ ԱՄՆ դոլար կամ 35 անգամ ավելի, քան ռուսները դրա դիմաց ստացել են: Այս թվերը առավել մոտ են ճշմարտությանը: Բայց զինուրանը պետք է գնահատել ոչ միայն դրամով (թեկուզև այդքան մեծ):

Ռուսաստանը կորցրել է նախկին ուրանի հանքավայրերը, որոնք պահպանվել էին Ղազախստանում, Ուզբեկստանում և նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: Ռուսաստանում` Իրկուտսկի շրջանում, պահպանվել է միայն մեկ հանքահոր: Այժմ չկան նաև դրանք հարստացնող նախկին միավորումները:

Երբ մեր ատոմային արդյունաբերության ղեկավարներին քննադատում են երկրի էներգետիկ ապագան «ջրի գնով» վաճառելու համար, նրանք պաշտպանվում են` հայտարարելով, թե «Մենք ունենք բավականաչափ քանակի նույնատիպ նյութեր»: Սակայն քննադատները չեն ընկրկում` պնդելով, որ զինուրանի պաշարները Ռուսաստանում և Ամերիկայում նույնն են եղել` մոտավորապես 500-600տ:

Ուրեմն, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին վաճառել է ավելի շուտ ուրանի իր պահուստի մեծ մասը և դրանով խաթարել է երկրի անվտանգությունը: Հղում կատարելով ամերիկյան մամուլին, կառավարության քննադատներն ընդգծում են, որ Ամերիկան գնահատել է ուրանի և պլուտոնիումի իր պաշարները 4 տրլն ԱՄՆ դոլար, սակայն դրանք գնել է Ռուսաստանից ծիծաղ առաջացնող` 12 մլրդ ԱՄՆ դոլարով:

Այս խճողված պատմության վրա կարող էին լույս սփռել միայն Ռուսաստանի համապատասխան մարմինները, սակայն նրանք էլ պահպանում են գերեզմանային լռություն: Որ տեսանկյունից էլ ուսումնասիրելու լինենք այս համաձայնագիրը, պետք է խոստովանենք, որ այն ծայրահեղ անշահավետ է Ռուսաստանի ազգային շահերի համար:

Միացյալ Նահանգները, որ նույնիսկ երազել չի կարող Ռուսաստանի «Ատոմային զտման» մասին, այժմ արդեն երկար ժամանակով առավելություն ստացավ էներգետիկայի ոլորտում: Նրանք երազում են այն ժամանակների մասին, երբ Ռուսաստանը կզրկվի «ատոմային ժանիքներից» և չի կարողանա պատասխանել իր հակառակորդի հասցրած մահացու հարվածին:

Տեսնենք՝ երկա՞ր են սպասելու:

ՆԻԿՈԼԱՅ ԼԵՈՆՈՎ
Ռուսերենից մասնակի կրճատումներով թարգմանեց ՄԻԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Խմբ.կողմից- Հեղինակը ծնվել է 1928թ.: ԽՍՀՄ ՊԱԿ-ի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ է: 1983թ. եղել է ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ, 1991թ.` ՊԱԿ վերլուծական վարչության պետ: 1994թ.-ից դասավանդում է Միջազգային հարաբերությունների` Մոսկվայի պետական ինստիտուտում (ԾթԼԾԿ): ՌԴ Պետդումայի 4-րդ գումարման (2003-2007թթ.) պատգամավոր է, ներկայացրել է «Ռոդինա» դաշինքը: Հոդվածը տպագրվել է «հՑՏսպՑՌպ» պարբերականում` 2011թ. մարտի 9-ին:

Խորագիր՝ #06 (922) 16.02.2012 – 22.02.2012, Ռազմաքաղաքական


22/02/2012