ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ՀՐԵՇՏԱԿԻՆ
Սուրբ Գրիգորը իր որդուն՝ Արիստակեսին իրեն փոխանորդ նշանակելուց հետո, ինքը գնում է լեռները։ Մի օր խնդրում է Աստծուն, որ հրեշտակներից մեկին ուղարկի իր մոտ, որպեսզի իմանա, թե մահանալուց հետո արդարների եւ մեղավորների հոգիները ո՞ւր են գնում եւ ի՞նչ ճանապարհ են անցնում, եւ ի՞նչ է պատահում նրանց այդ ճանապարհին։ Հրեշտակների հետ մերթընդմերթ տեսնվելով` իր իմացածը պատմում էր Արիստակեսին, որ երբեմն իր մոտ էր գալիս։
Աստված Ս. Գրիգորի խնդրանքն ընդունում է եւ մի հրեշտակ է ուղարկում։ Հրեշտակը գալով ասում է.
-Աստված ինձ ուղարկեց, որպեսզի քո բոլոր հարցերին պատասխանեմ. ինչ-որ ուզում ես, հարցրու։
-Ով ս. հրեշտակ,- ասում է ս. Գրիգորը,- երբ մարդու հոգին մարմնից դուրս է գալիս, կարո՞ղ է ամեն բան որոշել եւ իմանալ։
Հրեշտակ. -Այո՜, կարող է ճանաչել եւ գիտե ինչ որ իրեն է վերաբերվում, ինչ որ պիտի լինի անմիջապես հասկանում է. եթե արդար է, փառքի պիտի արժանանա, իսկ եթե մեղավոր է, չարչարանքներ պիտի կրի։
Ս. Գրիգոր. -Ի՞նչ է հոգին։
Հրեշտակ. -Արդարի հոգին լույսի նման է ու արեւի պես փայլում է, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Մեր արտաքին մարդը ապականվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե» (Բ, Կորնթ. 4.16)։
Սա մարմնի եւ հոգու մասին է։ Իսկ մեղավորի հոգին խավարի պես մշուշ է ու մեղքով սեւացած։
Ս. Գրիգոր. -Մեղավորի հոգին ինչպե՞ս եք առնում։
Հրեշտակ. -Մեղավորի հոգին առնելու համար շատ բարկությամբ ենք գալիս ու հրեղեն սրով ենք երեւում նրան։ Մեզ տեսնելուն պես վախից լեզուն բռնվում է, աչքերը փակվում են, գլուխը թաքցնում է, երեսը դարձնում է, ուզում է փախչել, բայց չի կարող, որովհետեւ բոլոր կողմերից ենք տեսնվում։ Այն ժամանակ հոգու աչքերը բացվելով, նա գալիք մութ ճանապարհները եւ քաշելիք չարչարանքները բացահայտ է տեսնում։ Իր շուրջը եղող ազգականներին, զավակներին եւ բարեկամներին է նայում, աղաչում է, գոռում, որ իրեն ազատեն, բայց նրանք չեն լսում, որովհետեւ լեզուն կապված է։ Ինքը կարծում է, թե ձայնը դուրս է գալիս, բայց ո՛չ ձայնն է ելնում, ո՛չ էլ խոսքերն են հասկացվում։
Ս. Գրիգոր. -Հոգին հրեշտա՞կն է առնում, թե՞ ինքն իրեն է անջատվում։
Հրեշտակ. -Հոգին մարմնի ցավից անջատվում է, եւ հրեշտակն առնում-տանում է։
Ս. Գրիգոր. -Մեղավորի հոգին ինչի՞ է նման։
Հրեշտակ. -Ինչպես ասացի, մեղքերի մեջ թաղված, կեղտոտ եւ խավարի մի բան է, այնպիսի վատ հոտ ունի, որ հնարավոր չէ մոտենալ։
Ս. Գրիգոր. -Իսկ արդարի հոգին ինչպե՞ս եք առնում։
Հրեշտակ. -Երբ գալիս ենք արդարի հոգին առնելու, կարծես իրեն հարսանիքի ենք հրավիրում։ Երբ մեզ տեսնում է, հոգով-մարմնով ուրախանում է, որովհետեւ գիտի, որ այս անցավոր աշխարհի ցավ ու կսկիծներից դրախտի անհուն ուրախություն եւ հանգստություն պիտի տանենք։ Մարդկանց միջից հրեշտակների մեջ պիտի գնամ, ասելով՝ ուրախանում է, այն ժամանակ արդարի հոգին առնում ենք եւ մեծ պատվով տանում երկինք։
Երկնքում առաջին աստիճանին դեւեր են գալիս, բայց արդարների հոգիները արեւի պես փայլում են, որից դեւերի աչքերը շլանում են եւ չեն կարողանում նայել։ Միայն տեսնում են, որ արդարի բերանը շարունակ աստվածավայել խոսքեր է ասել, միշտ ողորմություն է արել, եկեղեցի գնալով՝ քահանային խոստովանել։ Սուրբ Հաղորդությունը այդ հոգու վրա մատանու ադամանդի պես է երեւում, որից դեւերը մնում են ապշած ու չեն կարողանում մոտենալ նրան։
Երկրորդ աստիճանը շատ մութ է, բայց արդարի հոգին արեւի պես փայլում է եւ իր ճանապարհը լուսավորում։ Իսկ մեղավորի համար ամեն ինչ խավար է։
Երրորդ աստիճանը շատ ցուրտ է, բայց արդարի հոգին Քրիստոսի սիրուց այնքան է ջերմացել, որ ցուրտ չի զգում։
Չորրորդ աստիճանը տաք է, բայց արդարի հոգին զով է։
Հինգերորդ աստիճանը նեղ ճանապարհներից է բաղկացած, որոնց նմանը չկա, բայց արդարի ճանապարհը լայն է։
Վեցերորդ աստիճանը արեւից ավելի պայծառ լուսեղեն կամարներ են, որոնցով արդարի հոգին զմայլվում է։
Յոթերորդ աստիճանը հրեշտակների կարգն է։ Երբ արդարի հոգին տեսնում են, ուրախանում են։ Իսկ երբ մեղավորի հոգին են տեսնում, տրտմում են։
Ութերորդ աստիճանը Տերություններն ու Զորություններն են, որ արդարին տեսնելով ու սաղմոսներ երգելով՝ նրան դիմավորում են փառաբանելով։
Վերջապես արդարի հոգին կանգնում եւ երկրպագում է Երկնավոր Թագավորին։ Սուրբ Ձայնն ասում է. «Բարի՜ եկար, սիրելի՛ որդիս, աշխարհի մեջ չարչարվեցի՜ր, հիմա հանգիստդ մտիր»։ Եվ հրեշտակները անտեսանելի լուսեղեն պատմուճաններ բերելով հագցնում են նրան եւ տանում մյուս արդարների մոտ։
Ս. Գրիգոր. -Մեղավորի հոգին ո՞ւր է գնում։
Հրեշտակ. -Առաջին աստիճանում իրեն անթիվ դեւեր են դիմավորում, ոմանք հարստության, ոմանք նախանձի, ոմանք բարկության եւ ուրիշներ՝ այլեւայլ փորձություններ տալու։ Մեծ աղմուկ են հանում եւ ուզում են հրեշտակի ձեռքից հափշտակել այն։ Խեղճ հոգին շատ է չարչարվում, լալիս է, կանչում, բայց օգնություն չկա։ Դեւերը չեն կարող հոգուն տիրել, որովհետեւ մինչեւ դատաստանի օրն այդ արգելված է։
Երկրորդ աստիճանը խավարով է պատած։ Շատ չարչարվելուց հետո ցուրտ աստիճանին է հասնում, հետո տաք աստիճանում բավականին այրվելուց եւ ողբալուց հետո նեղ ճանապարհներ է մտնում, լուսեղեն աստիճանին է հասնում, բայց իր համար դա խավար է։ Հրեշտակների աստիճանն է ելնում, բայց հրեշտակները տրտմում են։ Ութերորդ աստիճանում Տերություններն ու Զորությունները փակում են ճանապարհը եւ տանող հրեշտակին հրամայում են, որ ետ դառնա եւ մյուս մեղավորների մոտ տանի եւ մինչեւ Քրիստոսի դատաստանի օրը այնտեղ պիտի մնա։ Դատաստանի օրը մարմինը հոգու հետ միանալով, դժոխքի անշեղ կրակը պիտի նետվի, ուր հավիտյանս հավիտենից պիտի չարչարվի, ինչպես Քրիստոս է ասել. «Եվ նրանք պիտի գնան դեպի հավիտենական տանջանք» (Մատթ. 26. 46)։
Շարունակելի
Աղբյուրը` Գրիգոր Խլաթեցի «Յայսմաւուրք»
ի տպարանի Գրիգոր Մարսվանեցու 1723թ.