Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ ՈՒ ՀՀ ՀԱՏՈՒԿ ԳՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ



1990թ.

ՕԳՈՍՏՈՍ

Օգոստոսի 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ն Հայաստանում ու Արցախում կասեցրեց անօրինական զինված կազմավորումների զինաթափման վերաբերյալ Գորբաչովի հրամանագրի կիրառումը, հայտարարելով, որ հարցի կարգավորումը վերցնում է իր տնօրինության ներքո:

Նույն օրը Լաչինում, բարձրլեռնային տեղանքում աղետի ենթարկվեց Երեւան-Ստեփանակերտ չվերթի «ՅԱԿ-40» ինքնաթիռը, զոհվեց 30 մարդ: Համաձայն պաշտոնական վարկածի, ինքնաթիռը վթարի էր ենթարկվել. ըստ ոչ պաշտոնական վարկածի, լեռներից ադրբեջանցի գրոհայիններն էին կրակ բացել ինքնաթիռի վրա, ինչի պատճառով էլ վթարի վայրի տեղազննությունն իրականացվեց խիստ գաղտնիության պայմաններում:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը` ՀԽՍՀ ԳԽ նախագահի ընտրության նախօրեին, Երեւանում տեղակայված զորամասերից մեկից հափշտակվեց 169 հրանետ: Կենտրոնական իշխանություններն «Անօրինական զինված կազմավորումների զինաթափման մասին» ԽՍՀՄ նախագահի հրամանագրի կատարման պատրվակով կարող էին ձեռնարկել լայնածավալ պատժիչ գործողություններ` անդառնալի վնաս հասցնելով Հայաստանի ու Արցախի ինքնապաշտպանության գործին, ինչպես նաեւ ստեղծելով անկառավարելի իրավիճակ` ազատվել Հայաստանի նորընտիր եւ անհնազանդ իշխանություններից: Եվ ԳԽ նստաշրջանում 7-րդ գվարդիական բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սուրկովը պարզ հայտարարեց, որ եթե մինչեւ այժմ ԽՍՀՄ ՊՆ ենթակայության բանակային որեւէ ստորաբաժանում չէր մտել Հայաստան, այժմ ստիպված կլինի մտնել: Բորբոքված պատգամավորների անհավասարակշիռ ելույթներին դիմադարձեց Վազգեն Սարգսյանը. «Ես խորապես համոզված եմ, որ այն տղաները, ովքեր երկուսուկես տարի շարունակ, առանց աղաղակելու, առանց ավտոմատով պաղպաղակ ուտելու, սուս ու փուս իրենց գործն են արել, նրանք այս պատմությունից տեղյակ չեն: …Տաք-տաք խոսում եք, դո՞ւք եք պատասխան տալու: Իսկ որ պարզվեց` զենքը քրեական տարրերի ձեռքի՞ն է: Հավատացեք, զենքը ոչ մեկիդ այնքան հարկավոր չէ, որքան ինձ: Դուք չեք կռվելու վաղը, բացի մի խումբ տղերքից, որ նստած են այստեղ: Զինված տղերքը ձեր պաշտպանության կարիքը չունեն: Մինչեւ հիմա չեք պաշտպանել, հիմա էլ մի պաշտպանեք»:

Օգոստոսի 4-ին ընտրվելով ԳԽ նախագահ, հաջորդ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանն արեց իր 1-ին հայտարարությունը. «Հայաստանի իշխանություններն ի վիճակի են կարճ ժամանակի ընթացքում լուծելու հանրապետության ներքին կյանքին վերաբերող, նրա քաղաքական-հասարակական վիճակի կայունացմանն ուղղված բոլոր խնդիրները, պայմանով, որ բացառված լինի արտաքին միջամտությունը»:

Օգոստոսի 8-ին Հայաստանը ԽՍՀՄ նախագահին առաջարկեց երեք ամսով երկարաձգել հրամանագրի իրագործման ժամկետը: Օգոստոսի 11-ին ստորագրած հրամանագրով Գորբաչովն ընդառաջ գնաց այդ առաջարկին:

Օգոստոսի 16-ին ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վազգեն Սարգսյանը:

Օգոստոսի 17-ին կտրուկ սրվեց իրավիճակը Նոյեմբերյանի սահմաններում: Յոթ օր տեւած ընդհարումներից հետո հայկական կողմը տվեց 7 զոհ եւ 36 վիրավոր:

Օգոստոսի 21-ին հրապարակվեց ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշումը «ՀԽՍՀ ներքին գործերի նախարարությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին», որոնց առաջին խնդիրը հանրապետության սահմանամերձ շրջանների պաշտպանության ու բնակչության անվտանգության ապահովումն էր, երկրորդ` խմբակային զինվորական հանցագործությունների կանխումը եւ դրանց դեմ պայքարը, քանի որ կամավորական ջոկատների անվամբ հանդես եկող տարբեր հանցավոր խմբեր այլեւս անկառավարելի էին դարձել: Ի վերջո, ըստ հանրապետության գլխավոր դատախազության տվյալների, Երեւան քաղաքում անցած տարվա` 1989 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործություններն ավելացել էին 50,3 տոկոսով, կատարվել էին հրազենի գործադրմամբ 140 հանցագործություն, 30 պայթեցում, չափազանց մեծ թիվ էին կազմում զինված ընդհարումները հակամարտ խմբավորումների միջեւ:

Նույն օրը սկսվեց կամավորագրվողների ցուցակագրումը: Հատուկ ստորաբաժանումներն անմիջականորեն ենթարկվում էին Հայաստանի իշխանության բարձրագույն մարմնին, իսկ մարտիկները, որոնց թիվը սկզբնապես սահմանափակվելու էր 2.000-ով, պետք է լինեին մինչեւ 35 տարեկան եւ պարտադիր ծառայած լինեին խորհրդային բանակում: Կամավորները հաճախ գալիս էին ջոկատ կազմած: Երկու օրում դիմեց 800 մարդ:

Օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ՀԽՍՀ-ն վերանվանեց Հայաստանի Հանրապետություն (կրճատ` Հայաստան):

Հռչակագրում հստակ հիշատակվում էր ՀԽՍՀ ԳԽ եւ ԼՂ ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի միացյալ նիստի որոշումը` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Միաժամանակ, նշվում էր, որ «Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը եւ սահմանների պաշտպանությունն ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն Խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական եւ հասարակական անվտանգության մարմիններ»:

Օգոստոսի 24-ին Թովուզի շրջանի կողմից եկած ութ զինվորական ուղղաթիռներից երեքը դեսանտ իջեցրին Տավուշի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մոտ: Դեսանտայինները, պայթեցնելով 7 հակակարկտային հրանոթ, վերադարձան Ադրբեջան:

Օգոստոսի 27-ին խորհրդային ներքին զորքերի ստորաբաժանումները շրջապատեցին Շահումյանի կուսշրջկոմի ու շրջխորհրդի շենքը եւ պահանջեցին ազատել այն: Ընդհարման ընթացքում վիրավորվեց 2 հայ: Միջադեպի պատճառը հասկացվեց հաջորդ օրը, երբ Ադրբեջանի իշխանությունները լուծարեցին Շահումյանի շրջխորհրդի գործկոմը՝ շրջանը ժամանակավոր կազմկոմիտեի միջոցով անմիջականորեն ենթարկելով Բաքվին: Հայաստանն այդ որոշումը չճանաչեց:

Օգոստոսի 29-ին, ՀԱԲ-ի անհնազանդության հետեւանքով հանրապետությունում առաջացած ճգնաժամը մեղմելու համար բանակցությունների գնալիս, դավադիր գնդակից զոհվեցին Վիտյա Այվազյանն ու Գեղազնիկ Միքայելյանը: Նրանց հետագայում շնորհվեց Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ ՀԱԲ-ը լուծարվեց: Մարտիկներից շատերն անդամագրվեցին երկրապահ եւ այլ կամավորական ջոկատներին, նոր ստեղծվելիք կանոնավոր զինված ուժերին ու մարտական փառավոր ճանապարհ անցան:

ՍԵՊՏԵՄԲԵՐ

Սեպտեմբերի 11-ին ներքին զորքերի ստորաբաժանումները գրավեցին Ասկերանի կուսշրջկոմի ու շրջգործկոմի շենքը:

Սեպտեմբերի 20-ին ստեղծվեց ՀՀ ներքին գործերի նախարարությանը կից Հատուկ գունդը, որը դարձավ ՀՀ զինված ուժերի առաջնեկը եւ ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այն ուներ 26 վաշտ, որոնք կռվեցին ՀՀ եւ ԼՂՀ գրեթե բոլոր ռազմաճակատներում: Հայրենիքի սահմանների պաշտպանության համար մղված մարտերում զոհվեցին 159 մարտիկներ, իսկ գումարտակի հրամանատար Ջիվան Աբրահամյանին հետմահու շնորհվեց Հայաստանի Ազգային հերոսի կոչում:

Նույն օրը Գետաշենի բնակչությանը հերթական անգամ երեք օրվա ընթացքում կամավոր հեռանալու վերջնագիր ներկայացվեց:

Սեպտեմբերի վերջին Մարտակերտի ադրբեջանաբնակ գյուղեր անընդհատ միլիցիայի համազգեստով զինված խմբեր էին տեղափոխվում:

ՀՈԿՏԵՄԲԵՐ

Հոկտեմբերի 5-ին կայացավ ՀՀ Հատուկ գնդի մարտիկների երդման հանդիսավոր արարողությունը: Գնդի առաջին չորս վաշտերը մարտական հերթապահության մեկնեցին Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի եւ Կրասնոսելսկ-Արծվաշենի սահմանապահ ուղեկալներ:

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «ՀՀ քաղաքացիների 1990թ. զորակոչի մասին» որոշումը: ՀՀ Նախարարների խորհրդին ու զինվորական կոմիսարիատին հանձնարարվեց երկամսյա ժամկետում լուծել իրենց զորամասերից հարկադրաբար հեռացած ՀՀ եւ խորհրդային մյուս հանրապետությունների քաղաքացի հանդիսացող հայազգի զինծառայողների հարցը եւ նրանց` ծառայություն չկատարած ժամանակահատվածով ներգրավել ՀՀ տարածքում տեղակայված զորամասերում:

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Մարտակերտի շրջանի Քաջավան գյուղի վրա հարձակված խորհրդային բանակի ու ՆԳՆ զորքերի ստորաբաժանումները գերեցին 24 երիտասարդի, որոնք տեղափոխվեցին Շուշիի բանտ: Սպանվեց մեկ, վիրավորվեց 2 հայ: Բայց դրա դիմաց պատանդառվեցին 4 զինծառայող: Նույն օրը Մարտակերտ եկան Վազգեն Սարգսյանն ու Անդրկովկասյան զինվորական օկրուգի ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Կուլիկովը, եւ զինվորներն ազատ արձակվեցին:

ՆՈՅԵՄԲԵՐ

Նոյեմբերի 18-19-ին ադրբեջանական օմօնն ավազակային հարձակումներ գործեց Շուշիի, Հադրութի ու Մարտակերտի շրջանների հայկական բնակավայրերի վրա: Ավերվեցին շինություններ, սպանվեց երկու հայ: Միաժամանակ գրավվեց Ստեփանակերտի օդանավակայանը:

Երեք շաբաթվա ընթացքում գրանցվեց 40 սադրանք, երկու կողմից՝ 12 զոհ, որոնց թվում նաեւ զինծառայողներ, 21 մարդ վիրավորվեց: Արդեն որեւէ սադրանք անպատասխան չէր մնում:

ԴԵԿՏԵՄԲԵՐ

Դեկտեմբերի 6-ին Ստեփանակերտում ներքին զորքերի մի խումբ զինծառայողներ զինվորական ավտոմեքենայի վրա պարզեցին «Իշխանությունը ժողովրդին, կորչի կազմկոմիտեն» մակագրությամբ ցուցապաստառ:

Բաքվի կարգադրությամբ` Ստեփանակերտի օդանավակայանն աշխատում էր մինչեւ 14:30-ը, իսկ դեպի Շահումյան ու Գետաշեն իրականացվող ուղղաթիռային թռիչքները ԽՍՀՄ պաշտպանության նախարար, մարշալ Դմիտրի Յազովի հրամանով արգելվել էին:

Ի նշան բոլոր այս կամայականությունների դեմ բողոքի, Հայաստանը չմասնակցեց դեկտեմբերի 17-ին բացված ԽՍՀՄ ժողպատգամավորների 4-րդ համագումարին:

Դեկտեմբերի 18-ի լույս գիշերը հայ ազատամարտիկները գնդակոծեցին Միրբաշիրից Մարտակերտի շրջանի Ումուդլու գյուղ մեկնող ավտոշարասյունը: Սպանվեց մեկ օմօնական, երկուսը վիրավորվեցին:

Դեկտեմբերի 20-ին Երեւանի զինվորական կայազորի հրամանատարությունը դիմեց բնակչությանը եւ նշելով, որ գնալով հաճախանում են առանց որեւէ լուրջ պատճառի զորամասերն ինքնակամ լքելու դեպքերը, պահանջեց պատանիներին վերադարձնել զինվորական ծառայության, խոստանալով, որ մինչեւ Նոր տարի կամավոր վերադարձածները պատասխանատվության չեն ենթարկվի:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #06 (922) 16.02.2012 – 22.02.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


22/02/2012