Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ»



Փետրվարի 8-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամփոփեց 2011թ. գերատեսչության գրանցած արդյունքները, նախանշեց 2012թ. գործունեության հիմնական ուղղությունները և գերակա խնդիրները: Իր ելույթում նա, մասնավորապես, նշեց, որ նախորդ տարի ևս նախարարությունում առաջնորդվել են «Զինված ուժերի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին` որակական առաջընթաց» կարգախոսով: Շարունակվել են բարեփոխումները ՀՀ նախագահի կողմից հաստատված ծրագրի, նաև պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքում ձևավորված կարևորագույն փաստաթղթի` ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի հիման վրա: Ըստ էության, ձևավորվել է հեռանկարային ռազմավարական զարգացման ուղին: Իրականացված օպտիմալացումն ու կառուցվածքային փոփոխությունները հիմնականում իրենց նպատակին հասել են, և այսօր հայկական զինված ուժերն ունեն կառուցվածքային և կազմհաստիքային այն կառուցվածքը, որ համապատասխանում է արդիական պահանջներին: Զուգահեռ աշխատանքներ են իրականացվել զինված ուժերի համալրման պլանի կատարելագործման ուղղությամբ, որի ընթացքում ամենամեծ շեշտը դրվել է զորակոչի կարգի արդիականացման, բարելավման, հատկապես պրոֆեսիոնալ կազմի պայմանագրային զինծառայության ընդլայման վրա: Նախորդ տարի մշակվել է ռազմակրթական հայեցակարգի նախագիծը, որի հիմնական նպատակներից է և՛ սպայական կազմի, և՛ պրոֆեսիոնալ սերժանտական կազմի մակարդակի բարձրացումը, ինչպես նաև ծառայողական առաջընթացի համար անհրաժեշտ հիմնակրթական չափանիշների նախանշումը: Հաստատվել է ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների զարգացման և բարեփոխումների հայեցակարգը, որի հիման վրա այսօր ընթանում է ռազմական արդյունաբերության պետական ծրագրի նախագիծը, որը մեր կառավարության ծրագրերի գերակա խնդիրներից մեկն է: Շարունակվում են զարգանալ մեր խաղաղապահ կարողությունները: Խաղաղապահ բրիգադը համալրվում է, անցած տարի անձնակազմի թվաքանակը եռապատկվել է:

-Անկասկած, 2011թ. մեր զինված ուժերի գլխավոր խնդիրն է եղել սահմանների հուսալի պաշտպանությունը, ինչի ուղղությամբ մենք մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել, առաջին հերթին մարտական հերթապահության գործընթացի կատարելագործման, զինծառայողների և ստորաբաժանումների անվտանգության ապահովման ուղղությամբ խնդիրների իրականացման, ինժեներական սարքավորումների հագեցման առումով: 2011թ.-ը, բացի մեր հիմնական կարգախոսից, հայտարարել ենք նաև մարտական վարպետության բարձրացման տարի, այսինքն` մարտական կարողությունները բարձրացնելու նպատակով շարունակվել է այն պրակտիկան, երբ զորավարժությունների մի մասը անցկացվել է անմիջապես սահմանների վրա, մարտական հերթապահության իրագործման հատվածներում: Ասել է թե` նշված հատվածներում մենք խաղարկել ենք պաշտպանական և հարձակողական օպերացիաների ամբողջ ընթացքը: Այդ գործողությունների ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ հերթապահություն կատարող մեր զինվորը հասկացել է` հակառակորդին զսպելու ամենալավ միջոցը սեփական մարտական կարողությունների կատարելագործումն է,- ասաց նախարարը:

Ուսումնադաստիարակչական աշխատանքների կարևոր ուղղություններից մեկը կարգապահության ամրապնդումն է: Այս ուղղությամբ ունեցած հաջողությունները նախարարի համար որոշակիորեն գոհացուցիչ են, որովհետև 2011թ. մեր զինված ուժերի պատմության մեջ ունեցել ենք ամենալավ ցուցանիշը դեպքերի ու պատահարների, կորուստների առումով: Իհարկե, ոչ մի վիճակագրություն չի կարող հանգստացնել, որովհետև յուրաքանչյուր մարդկային կորուստ ցավ է, և ամեն ինչ արվելու է, որ արտակարգ պատահարների թիվը, մանավանդ մարդկային կորուստները ավելի նվազեն:

Նախարարը նշեց, որ տարեցտարի բարելավվում են զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման խնդիրները, նաև կադրային քաղաքականությունը, որի շրջանակներում անցկացվել է կենտրոնական ապարատի, զորամիավորումների և զորամասերի «գնդապետի» հաստիքային դասակարգումով պաշտոնատար անձանց որակավորում, ինչը ցույց է տվել, որ մեր սպայակազմի գիտելիքների և գործնական ունակությունների մակարդակն իրոք բարձրանում է: Սակայն պետք է նշել, որ եղել են սպաներ, որոնք լուրջ չեն վերաբերվել դրան կամ ցածր մակարդակ են ունեցել: Նրանք կա՛մ պաշտոնից ազատվել են, կա՛մ ժամանակ են ստացել թերությունները վերացնելու համար:

-Վերլուծելով նախորդ տարվա կատարած աշխատանքները` կարող եմ ասել, որ ՀՀ զինված ուժերն այսօր մարտունակ են, կայացած և պատրաստ` իրենց առջև դրված խնդիրները կատարելու: Իսկ 2011թ. կարելի է համարել ձեռքբերումների պահպանման և թերացումների նվազման տարի: Այս ամենը հիմք է ստեղծում 2012թ. համապատասխան աշխատանքների համար հետևյալ սկզբունքով` ղեկավարման համակարգում միջոցառումների լիարժեք կատարում շղթայական կարգով` վերևից ներքև լիարժեք փոխանցմամբ, յուրաքանչյուր օղակում միմյանց փոխլրացմամբ, ռեսուրսների բազմապատկմամբ, անձնական պատասխանատվությամբ, ինքնուրույն որոշումներով ճշգրիտ աշխատանքի իրականացմամբ` վերջնական արդյունքի հասնելու համար: 2012թ. ուսումնական տարվա գերակա խնդիրները ևս համարում եմ ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովումը, ուսուցմամբ և հետևողական աշխատանքով զորքերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը և մարտական հերթապահության կատարելագործումը, ՀՀ զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված միջոցառումների ժամանակին և որակյալ իրականացումը: Իհարկե, նաև կարգապահության ամրապնդումը: Բոլորդ էլ գիտեք այս տարվա սկզբին մի քանի արտակարգ պատահարների մասին: Իմ կարծիքով, դրանք հետևանք են որոշակի թուլացման, անհետևողականության: Դրա համար ես որոշում եմ ընդունել, որպեսզի առաջին կիսամյակը նորից կարգապահության առումով հայտարարվի «Հաջողությունների պահպանման և պատահարների շարունակական նվազեցման կիսամյակ»,- նշեց նախարարը:

Այնուհետև Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Պատասխանելով Ադրբեջանի ռազմականացման և Բոննի միջազգային փոխարկման կենտրոնի կողմից հրապարակած ցուցակում աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում 15-րդ տեղը զբաղեցնելու մասին հարցին` նա նշեց.

-Ադրբեջանի ռազմականացումը նախ արտահայտվում է ռազմական բյուջեի շուրջ հիստերիկ հռետորաբանությամբ, երկրորդ` սպառազինության մրցավազքով, երրորդ` առաջին գծում սադրանքներ իրականացնելով: Նշեմ, որ նրանց սպառազինումն իրականացվում է Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի խախտմամբ, ինչին գերտերությունները համապատասխան արձագանք պետք է տան: Ներկայումս ուժերի հավասարակշռությունն է, որ թույլ է տալիս պահպանել առաջին գծում տիրող հարաբերական խաղաղությունը: Երբ ասում են` խաղաղ պայմաններում ունենում ենք կորուստներ, ապա պետք է արձանագրենք, որ այդ դեպքերի մեծ մասը առաջին գծում են տեղի ունենում, որտեղ ամենևին խաղաղ պայմաններ չեն: Մեր բանակի զգալի մասը, կարելի է ասել, կռվի մեջ է: Այսօր մեր բանակը ոչ թե քանակական ցուցանիշով, այլ որակական` մարտական ոգու, մեր գաղափարական պատրաստականության, մեր հրամանատարների ունեցած փորձի, ինժեներական սարքավորումների անընդհատ կատարելագործման շնորհիվ է կարողանում պահպանել հրադադարի ներկա վիճակը, իսկ անհրաժեշտության դեպքում, եթե լինի ոտնձգություն Հայաստանի և Ղարաբաղի նկատմամբ, մենք ի վիճակի ենք պատվով կատարելու մեր երկրի պաշտպանության խնդիրը:

Հարց հնչեց նաև հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերի կրկնապատկման վերաբերյալ:

-Ընդհանուր առմամբ, հակառակորդի արձակած կրակոցների և մեր պատասխանների հարաբերակցությունը 10-ը 1-ի է: Ընդ որում, մեր կողմից պատասխանների կեսն է միայն, որ դիպուկահարների միջոցով է իրականացվում: Անկանոն կրակոցներին մենք չենք պատասխանում, միայն դիպուկահարների կրակոցներին:

Լրագրողներից մեկի կարծիքով, հաճախ քննադատում են մեր բանակը, սակայն երբ ուսումնասիրում ենք 100 հազար զինծառայող ունեցող աշխարհի առաջատար երկրների զինված ուժերում ոչ խաղաղ պայմաններում մահվան ելքով գրանցված պատահարների քանակը, ապա պարզ է դառնում, որ Հայաստանի բանակում մահացությունների թիվը ավելի քիչ է, և մեր բանակն ավելի թափանցիկ է այնպիսի երկրի համեմատ, ինչպիսին, օրինակ, Իսրայելն է: Այդ առումով նա կասկածի տակ դրեց հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ ազատ մակարդակով համագործակցելու նպատակահարմարությունը:

-Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք,- պատասխանեց Ս.Օհանյանը:- Մենք հրապարակային ենք այնքան, որքան պահանջում է այն կարևոր ռեժիմը, որը վերահսկում է ինֆորմացիայի հոսքը: Գաղտնիությունից ելնելով` մենք որոշում ենք` ինչը ներկայացնել հասարակությանը, ինչը՝ ոչ, որովհետև ներկայացված տեղեկատվության մեծ մասը նաև անցնում է մեր հակառակորդին: Ինչ վերաբերում է կորուստներին, ապա հակառակը չես կարող ներկայացնել, որովհետև խոսքը մարդկային կյանքերի մասին է:

Խոսելով արտակարգ պատահարների պատճառների և մեղավորներին պատժելու մասին` Սեյրան Օհանյանը ասաց.

-Եթե ընդհանրացնենք իմ պաշտոնավարման երեք ու կես տարիները, ապա պետք է նշել, որ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմից ազատվել է շուրջ 10 պաշտոնյա` վարչության պետից մինչեւ զորամիավորման հրամանատար, զորամասի շուրջ 30 հրամանատար ազատվել է պաշտոնից: Որքան արտակարգ պատահար է եղել, այդքան էլ ստորաբաժանման, այսինքն՝ վաշտի, մարտկոցի, գումարտակի, դիվիզիոնի հրամանատար պատասխանատվության է ենթարկվել: Իսկ միջադեպերի պատճառները մի քանիսն են: Առաջինը, պետք է նայել, թե որքանով են զինծառայողները կարողանում յուրացնել զինվորական մասնագիտության կարեւոր ուղղությունները, ինչպես գործել, որպեսզի պատահարներ չլինեն զենքի օգտագործման կանոնների խախտման պատճառով: Որքանով են նրանք յուրացնում մարտական հերթապահության անվտանգության կանոնները եւ չեն խախտում արդյոք դրանք: Որքանով է կատարվում միջանձնային հարաբերությունների այսօրվա գործող կանոնադրությունը:

Նախարարը պատասխանեց տարաբնույթ հարցերի, իսկ վերջում անդրադարձավ բրիտանական Oxford Analytica վերլուծական կենտրոնի հրապարակմանը, որում նշվել է, թե պաշտպանության նախարարը բարեփոխումների կողմնակից է, սակայն Հայաստանի զինված ուժերում կան պահպանողականներ, որոնք խոչընդոտում են նախարարի աշխատանքը:

-2007 թվականին պաշտպանական համակարգում մեկնարկած բարեփոխումները հետևողականորեն իրականացվում են: Բանակում չկա մի անձնավորություն, ով պաշտպանության նախարարի ներկայացրած, գերագույն գլխավոր հրամանատարի հաստատած բարեփոխումների պլանը չկատարի: Այն, ինչ գրված է այդ վերլուծության մեջ, ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը:

Վերջում Սեյրան Օհանյանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների պարգեւատրեց «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալներով:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #06 (922) 16.02.2012 – 22.02.2012, Բանակ և հասարակություն


22/02/2012