20-ՐԴԸ. ՄԱՔԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ
Հառնելով պատերազմի բոցերի միջից` հայոց բանակն իր ծննդյան առաջին իսկ օրերից «թրծվել ու առնականացել է ռազմական ծանր գործողությունների բովում, ձեռք բերել մարտական փորձ ու հմտություն, սովորել աննահանջ ու հաստատակամորեն հաղթահարել բոլոր դժվարությունները, մաքառել և հաղթել»: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հնչեցրած այս ճշմարտացի խոսքերը գերազանցապես վերաբերում են նորանկախ Հայաստանի ազգային բանակի պատմության երկրորդ շրջանին, որը սկսվում է 1992 թվականի հունիսից և ձգվում մինչև 1994 թվականի մայիս:
Շուշիում կրած խայտառակ պարտությունը բարոյահոգեբանական լուրջ հարված հասցրեց հակառակորդին, սակայն վիրավոր գազանը դեռևս ամբարած վիթխարի ռեսուրսներ ուներ և ի վիճակի էր շարունակելու իր իսկ սանձազերծած պատերազմը: Ոգևորված խորհրդային բանակի` Ադրբեջանի տարածքում տեղաբաշխված ստորաբաժանումների մեծաքանակ սպառազինությունների անարգել բռնագրավումով, 1992թ. ամռանը ադրբեջանական կանոնավոր բանակը օտարերկրյա վարձկանների աջակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց ԼՂՀ հյուսիսային հատվածում: «Ազերիներին» հաջողվեց գրավել Շահումյանի շրջանն ու Մարտակերտի մեծ մասը. սկիզբ առավ հակառակորդի ժամանակավոր հաջողությունների, իսկ մեր պետության ու ողջ ժողովրդի համար` ծանրագույն փորձության մի շրջան:
Իրավիճակը պահանջում էր կտրուկ միջոցներ ձեռնարկել, և Հայաստանի ու Արցախի ղեկավարությունը չհապաղեցին. 1992թ. հունվարի 18-ին ԼՂՀ պետական անվտանգության և պաշտպանության նպատակով արտակարգ դրություն մտցվեց, հունիսի 20-ին, ժամը 8:00-ից հանրապետության ամբողջ տարածքում սկսվեց մասնակի զորահավաք, որին ենթակա էին 18-ից 40 տարեկան զինապարտ սերժանտները, զինվորներն ու զինակոչիկները, մինչև 50 տարեկան սպաները, հատուկ պատրաստություն ունեցող 19-ից 30 տարեկան կանայք: 1992թ. օգոստոսի 12-ին ԼՂՀ-ում մտցվեց ռազմական դրություն` 18-ից 45 տարեկան զենք կրելու ընդունակ բոլոր քաղաքացիների զորահավաքով: Օգոստոսի 15-ին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե` Ռ.Քոչարյանի գլխավորությամբ: Ադրբեջանցիների գրաված տարածքներում ծավալվեց պարտիզանական շարժում: Հայաստանից անընդհատ ժամանում էին կամավորական ջոկատներ:
Ի վերջո հայկական ուժերի հարվածների արդյունքում Արցախից խուճապահար ճողոպրեցին ոչ միայն ադրբեջանական հրոսակները, այլև ամեն տեսակ վարձկան-մարդասպանները: 1992թ. հունիսի 12-ից մինչև 1993 թվականի հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի խոշորածավալ հարձակումները ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի Մարտակերտի և Հադրութի շրջանների ուղղություններով կասեցվեցին, և հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, ստեղծվեց ուժերի հավասարակշռություն:
Մարտական գործողություններին զուգընթաց ծավալվում էր բանակաշինության գործընթացը: 1992թ. օգոստոսի 14-ին հանրապետության տարածքում ստեղծվեց 6 պաշտպանական շրջան (Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի և Ստեփանակերտի կենտրոնական), որոնց ձևավորման գործընթացն ավարտվեց 1992 թվականի սեպտեմբերին: Մարտի 26-ից գործում էր ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: ԼՂՀ Պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ ու անմիջական ղեկավարությամբ, իրադրությանը համապատասխան` կյանքի կոչվեցին մի շարք հույժ կարևոր և հրատապ միջոցառումներ. կարճ ժամանակաընթացքում իրականացվեց ինքնապաշտպանության ջոկատների միավորման, նրանց նյութատեխնիկական բազայի, սպառազինության և տեխնիկայի վերաբաշխման գործընթացը:
Վերախմբավորելով ուժերը, ԼՂ պաշտպանության բանակը կարողացավ թշնամու բազմահազարանոց ուժերը կանգնեցնել ու անցնել հակահարձակման: 1993 թվականի փետրվարի 5-ից մինչև 1993 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հայկական ինքնապաշտպանական ուժերը, Մարտակերտի ռազմաճակատում լայնածավալ հակահարձակում սկսելով, հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախման ռազմական գործողությունն ավարտեցին Հորադիզում, Կուբաթլիում և Զանգելանում: Այդ շրջանը ԼՂՀ պաշտպանության բանակի և հայկական զինված ուժերի հերոսական շրջանն էր, որի գլխավոր բնութագրիչները հետևյալ իրադարձություններն են.
-1993 թվականի փետրվարի 5-ին ազատագրվեց Չլդրան գյուղը, փետրվարի 17-ին` Դրմբոնը, փետրվարի 19-20-ը` Չափար, Զարդախաչ և Հաթերք գյուղերը:
-1993 թվականի մարտի 25-ից մինչև ապրիլի 7-ը իրականացվեց Քարվաճառի ռազմական հենակետերի վերացման ռազմական գործողությունը, ապրիլի 2-ին Մարտունու ռազմաճակատում ոչնչացվեցին Ղաջար, Գովշաթլի և Դիվանլար գյուղերի կրակակետերը:
-1993 թվականի հունիսի 27-ին ազատագրվեց Մարտակերտ քաղաքը:
-1993 թվականի հուլիսի 24-ին ջախջախվեց Աղդամում տեղակայված հակառակորդի խոշորագույն ռազմակայանը:
-1993 թվականի օգոստոսի 22-ին վերացվեցին թշնամական հենակետերը Ֆիզուլիի շրջանում, օգոստոսի 25-ին` Ջաբրաիլում, օգոստոսի 31-ին` Ղուբաթլուի շրջանում:
Ադրբեջանական ստորաբաժանումները, մեծ թվով զոհեր տալով, նահանջում էին ռազմական գործողությունների շրջաններից` ռազմադաշտում թողնելով մեծ քանակությամբ տեխնիկա: Ազատագրական այդ մարտերում զոհվեցին հայ քաջորդիներ Լեոնիդ Ազգալդյանը, Սամվել Շահմուրադյանը, Մոնթե Մելքոնյանը, Շահեն Մեղրյանը, Յուրա Հովհաննիսյանը և շատ ուրիշներ:
Ադրբեջանը պարտադրված էր իշխանափոխություն կատարել. Ադրբեջանի նախագահ դարձավ Հ.Ալիևը: Վերջինս, ժամանակ շահելու նպատակով, իբր, զինադադարի գործընթաց սկսեց՝ իրականում ուժեղացնելով հակահայկական քարոզչությունը և դրսից վարձկանների հավաքագրումը: 1993թ. դեկտեմբերի կեսերին Ադրբեջանը լայնածավալ հարձակման անցավ ռազմաճակատի ամբողջ երկայնքով` փորձելով բեկում մտցնել ռազմական գործողությունների թատերաբեմում: Հակառակորդի բանակը զինված էր ժամանակակից տեխնիկայով: Նրան օգնում էին տարբեր երկրների զինվորական խորհրդատուներ, իսկ նրա շարքերում կռվում էին աֆղան ու թուրք վարձկաններ: Ծանր մարտեր ծավալվեցին Օմարից մինչև Արաքս ընկած տարածքում: Պաշտպանության բանակի մարտիկներին ոչ միայն հաջողվեց կասեցնել թշնամու առաջխաղացումը, այլև մի շարք հատվածներում ջախջախիչ հարվածներ հասցնել: 1994 թվականի փետրվարի 18-ին մինչ այդ Քարվաճառի շրջան ներխուժած հակառակորդը ջախջախվեց, և հայ ազատամարտիկները կրկին տիրացան Օմարի լեռնանցքին: Երկամսյա թեժ մարտերի ընթացքում թշնամին կորցրեց 5 հազարից ավելի զինվոր ու սպա, 72 միավոր տեխնիկա: Ստեղծված նոր ռազմաքաղաքական պայմաններում Ադրբեջանն ստիպված էր ընդունել ռազմաճակատում կրակը դադարեցնելու իր պատրաստակամության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության առաջարկությունը։ ՀՀ, ԼՂՀ և ԱՀ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները մայիսի 11-ին Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման համաձայնագիր ստորագրեցին, որը ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ին:
Հաղթական զինադադարը պահպանվում է մինչև այսօր: Հայոց բանակը փառքով պսակեց իր անունը` դառնալով մեր անկախ պետականության ամրապնդման և հայ ժողովրդի անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքը:
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
գնդապետ