ՔԼԻՆԹՈՆԸ ՍԻՐԻԱՑԻՆԵՐԻՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Սիրիայի խոշոր քաղաքների բնակչությանը, բանակին ու Ասադի վարչակարգի նկատմամբ չեզոք տրամադրված գործարար միջավայրին կոչ է արել ապստամբության միջոցով վերջ տալ Բաշար Ասադի իշխանությանն ու դադարեցնել արյունահեղությունը:
Միաժամանակ Քլինթոնը մատնացույց է արել այն հանգամանքը, որ օտարերկրյա միջամտությունը ոչ թե կօգնի խաղաղության հաստատմանը, այլ ավելի կբորբոքի երկրում անխուսափելիորեն սկսվելիք քաղաքացիական պատերազմը, և Սիրիայում անթույլատրելի է համարել «լիբիական սցենարի» կրկնությունը, քանի որ, ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ աշխարհում ուժեղ հակազդեցություն կա արտաքին միջամտության նկատմամբ:
ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն այժմ փորձում են գնահատել իրադարձությունների վատթարագույն զարգացումների հետևանքները` մարդասիրական օգնությունից մինչև սիրիական ընդիմությանը ցանկացած բնույթի այլ աջակցության ցուցաբերումը:
Իր հերթին, Սիրիայի տեղեկատվության նախարարությունը երեկ հայտարարել է, որ սահմանադրության փոփոխության հանրաքվեն կայացել է: Երկրի նախագահ Բաշար Ասադի առաջարկած փոփոխությունները մասնավորապես նախատեսում են հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական կուսակցությունների գործունեության համար և վերացնել սահմանադրության` «ԲԱԱՍ» կուսակցության գերակա դիրքն ամրագրող 8-րդ հոդվածը:
Սակայն հանրաքվեի ընթացքը ստվերվել է բանակի ու ոստիկանության հետ նոր բախումներով, որոնց զոհ է գնացել առնվազն 29 մարդ:
Խորագիր՝ Նորություններ