Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՕՂԱԿ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵՆ ԵՎ ՍԿԻԶԲԸ



1991թ.

ՀՈՒՆՎԱՐ

Հունվարի 13-ին ներքին զորքերը զինաթափեցին Շահումյանի շրջանի ՆԳ բաժնի անձնակազմը, իսկ հաջորդ օրը Բաքուն շրջանը լուծարելով միացրեց Քասում Իսմայիլովին, այն վերանվանելով Գերանբոյ:

Հունվարի 16-ին Վիլնյուսի, իսկ 21-ին Ռիգայի արյունալի դեպքերը վկայեցին, որ Մոսկվան մտադիր է ամենակոպիտ եղանակներով ճնշել ազգային-ժողովրդավարական ցանկացած շարժում:

Ի կատարումն «1990թ. զորակոչի մասին» ՀՀ ԳԽ որոշման, հունվարի 30-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ նախարարների խորհրդին առընթեր զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտե ստեղծելու մասին» որոշումը: Նորաստեղծ կոմիտեն համակարգելու էր հանրապետության քաղպաշտպանության շտաբի, զինկոմիսարիատի, բուհերի ռազմական ամբիոնների ու ԴՕՍԱԱՖ-ի աշխատանքները: Կոմիտեի նախագահ նշանակվեց Վազգեն Սարգսյանը:

Հունվարի 31-ին Գերագույն խորհուրդը ՀՀ տարածքում կասեցրեց ԽՍՀՄ նախագահի հունվարի 26-ի «Իրավակարգը ապահովելիս և հանցագործությունների դեմ պայքարելիս ԽՍՀՄ ԶՈՒ ստորաբաժանումների և միլիցիայի փոխգործողության մասին» հրամանագրի գործունեությունը, իսկ մեկ այլ որոշմամբ անընդունելի համարեց Հայաստանում մարտի 17-ին ԽՍՀՄ պահպանման հարցով միութենական հանրաքվե անցկացնելը, և սկսվեց Մոսկվայի հետ առճակատման նոր փուլ:

ՓԵՏՐՎԱՐ

Փետրվարի 12-ին ՀՀ կառավարությունը «Ելնելով ՀՀ անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, որակյալ զինվորական մասնագետների պատրաստման ու դրա հիման վրա ազգային բանակի ստեղծման նպատակով» ընդունեց «ՀՀ տարածքում տեղակայված զորամասերին կից պահեստի սպաների, սերժանտների ու զինվորների պատրաստման միջոցառումների և ուսումնական հավաքների վերսկսման մասին» որոշումը:

Նույն օրը ԽՍՀՄ ներքին զորքերի 150 զինծառայողներ «Վերադարձրեք մեզ տուն» և «Կորչե՛ն Ադրբեջանի հատուկ ջոկատայինները» կարգախոսերով ցույցի դուրս ելան Ստեփանակերտում, ու վերջիններիս կողմից էլ նախազգուշական կրակոցներով ու ռետինե մահակներով ետ դարձվեցին զորանոց:

Փետրվարի 20-ին` Շարժման երրորդ տարեդարձի օրը, Ստեփանակերտում հսկա ցույց տեղի ունեցավ: Նույն օրը ներքին զորքերի և ադրբեջանական օմօնի ստորաբաժանումներն ուղղակի ասպատակեցին Բերդաձորի ենթաշրջանը` տնտեսական մեծ վնաս հասցնելով փոքրիկ այս գյուղերին. ավերեցին «Աստղիկ» ձեռնարկությունը, Մեծ Շենի դպրոցը, Եղծահողում կտրտեցին հեռախոսալարերն ու դադարեցրին գազամատակարարումը: Ուղղաթիռների թռիչքներով ուղեկցվող ավարառության ավարտին սրանք ձերբակալելով 9 հոգու, հեռացան, հընթացս հանելով նաև Շուշի-Լաչին ավտոճանապարհի պահակակետերը: Ապա օմօնը մարզկոմի շենքի վրա Խորհրդային դրոշի կողքին ադրբեջանական դրոշն ամրացրեց, սակայն զինվորականները հրաժարվեցին ծառայել այդ դրոշի ներքո:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ զորամասերը լքած զինվորներից քչերն են արձագանքել ՀՀ նախարարների խորհրդին առընթեր զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտեի կոչին ու վերադարձել ծառայության վայր, և մինչև փետրվարի 22-ը զորամաս չվերադարձածները կենթարկվեն քրեական պատասխանատվության: Շուտով նման որոշում ընդունեց նաև խորհրդարանը, վերադարձի ժամկետը երկարաձգելով մինչև մարտի 26-ը:

ՄԱՐՏ

Մարտի 1-ին ՀՀ-ն մերժեց ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը ՀՀ տարածքում և որոշեց սեպտեմբերի 21-ին անցկացնել ՀՀ անկախության հանրաքվե:

Մարտից զինված բախումներ սկսվեցին Նախիջևանի, Ղազախի, Կուբաթլուի, Լաչինի ու Քարվաճառի սահմաններում:

Մարտի 14-ին Արցախը պահանջեց վերջ տալ մարզում կատարվող ապօրինություններին, որպեսզի հնարավոր լինի Արցախում հանրաքվեի անցկացումը «ԼՂԻՄ բնակչության վերաբերմունքը պարզելու համար»:

Մարտի 21-ին ադրբեջանական օմօնը և ուղղաթիռը գնդակոծեցին Բերդաձորի գյուղերը:

ԱՊՐԻԼ

Ապրիլի 4-ին ՀՀ պետական անվտանգության կոմիտեն ու ներքին գործերի նախարարությունը հայտարարելով, որ տարեսկզբից օմօնի կողմից Մոսկվայի զենք-զինամթերքով իրականացվել է 59 սադրանք, որից 20-ը` ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի մասնակցությամբ, կենտրոնական իշխանություններից պահանջեցին վերջ տալ ներքին զորքերի ադրբեջանամետ գործողություններին:

Ապրիլի 6-ին Հայկոմկուսի կենտրոնական կոմիտեի 1-ին քարտուղարի պաշտոնում Սուրեն Հարությունյանին փոխարինեց Վլադիմիր Մովսիսյանը:

Ապրիլի 8-ին ՀՀ Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ կենտրոնի օժանդակությամբ փորձ է արվում հայաթափել Բերդաձորը, Գետաշենն ու Շահումյանը, իսկ Մարտունիում ներքին կատարյալ շրջափակում է:

Ապրիլի 12-ին Ստեփանակերտում տարածված թռուցիկներով իր գոյության մասին հայտնեց «Ղարաբաղի ազատագրության մարտիկներ» կազմակերպությունը: Այն իր նպատակն էր հռչակել Արցախի ազատագրումն ու միավորումը Մայր Հայաստանին: Ժամանակի հուզական շնչով տոգորված հայտարարությունում մասնավորապես ասվում էր. «…Մեր հարվածը կուղղվի նաև խորհրդային բանակի այն սպաների դեմ, որոնց ձեռքերը կողողվեն հայ մարդու արյունով:

…Մենք աներեր ենք մեր պայքարի մեջ, որը չի դադարի, քանի դեռ Ղարաբաղը չի ազատագրվել ու չի վերամիացել Հայաստանին»:

Ապրիլի 15-ին ՀՀ Գերագույն խորհուրդը և նախարարների խորհուրդը հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Նշելով, որ ԼՂԻՄ Շահումյանի շրջանում, Բերդաձորի ու Գետաշենի ենթաշրջաններում և ՀՀ հարավային սահմաններում Ադրբեջանը կենտրոնի օժանդակությամբ լրիվ շրջափակում ու բացահայտ ռազմական ագրեսիա է սկսել, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ «հայ ժողովուրդը լի է իր իրավունքների դեմ ուղղված ոտնձգություններին արժանի հակահարված տալու վճռականությամբ»:

Ապրիլի 16-ին իրավապահ մարմինների ղեկավարների հետ անցկացրած խորհրդակցությունում Մութալիբովն Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեից, ներքին գործերի նախարարությունից և դատախազությունից պահանջեց Ադրբեջանի սահմանադրությանը չենթարկվելու դեպքում տեղահանել ԼՂԻՄ-ի, Շահումյանի շրջանի ու Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչությանը: Նույնը նա ադրբեջանական հեռուստատեսությամբ կրկնեց նաև ապրիլի 27-ին:

Ապրիլի 17-ին Գերագույն խորհուրդն ու կառավարությունը որոշում ընդունեցին Հայկոմկուսի և Հայաստանի Կոմերիտմիության գույքի ազգայնացման մասին, և հարաբերությունները Մոսկվայի հետ լրիվ սրվեցին:

Ապրիլի վերջից հանրապետության ղեկավարությունն ահազանգում էր հատկապես Հյուսիսային Արցախում հասունացող աղետի մասին:

Ապրիլի 25-26-ին Մարտակերտի ու Շահումյանի շրջաններում, Ստեփանակերտի և Շուշիի մերձակայքում տեղի ունեցան զինված բախումներ, որոնք վերաճեցին մարտական գործողությունների:

Ապրիլի 29-30-ին իրադրությունը սրվեց Իջևանում և Նոյեմբերյանում ու հատկապես Ոսկեպարում, որտեղ ճանապարհի փակ լինելու պատճառով անհնար էր դարձել անգամ բնակչության տարհանումը:

Ապրիլի լույս 30-ի գիշերը սկսվեց Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերի հերթական, բայց աննախադեպ հրետակոծումը, իսկ առավոտյան ԽՍՀՄ ՆԳՆ ստորաբաժանումներն ու ադրբեջանական օմօնը տանկերի, զրահամեքենաների ու ռազմական ուղղաթիռների աջակցությամբ գրոհեցին երկու գյուղերը: Այդպես սկսվեց տխրահռչակ «Օղակ» գործողությունը, որը դեռ տարածվելու էր` ընդգրկելով ողջ Հյուսիսային Արցախը, Հադրութի շրջանն ու Բերդաձորի ենթաշրջանը, ինչպես նաև Հայաստանի հյուսիսարևելյան սահմանամերձ բնակավայրերն ու Գորիսի շրջանը:

Մարտունաշենում զոհվեց դեպի Գետաշեն բնակչության նահանջը գնդացրային կրակով ապահովող Սիմոն Աչիկգյոզյանը: Իսկ Գետաշենի ինքնապաշտպանության հրամանատար Թաթուլ Կրպեյանը նռնակը ձեռքին պատանդ վերցրեց գնդապետ Մաշկովին, ինչը կանգնեցրեց խորհրդային զինվորների ու ադրբեջանցի օմօնականների վայրագությունները: Սրանցից մեկը, սակայն, կարողանալով աննկատ շրջանցել մերձակա տները, հայտնվեց Թաթուլ Կրպեյանի, Հրաչ Աթանեսյանի ու Արթուր Կարապետյանի թիկունքում…

Գետաշենի և Մարտունաշենի բնակչությանը պաշտպանելիս զոհվեցին Սիմոն Աչիկգյոզյանը, Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը, Հրաչ Աթանեսյանը, Վալերի Նազարեթյանն ու Զարզանդ Դանիելյանը: Նրանք թաղվեցին Հայաստանում, ևս 12-ը` Գետաշենում: Վիրավորվեց ավելի քան 30 խաղաղ բնակիչ, գերվեցին 53-ը: Գյուղի պաշտպանները, ի պատասխան, պատանդ վերցրին 13 զինծառայողի, և զորքն ու օմօնը բավական հանդարտվեց, թեև մայիսի 1-ին գյուղի հրետակոծումը դեռ շարունակվում էր: Գերվեցին տեղի բժիշկ Սարգիս Հակոբկոխյանը, երևանցի բժիշկներ Գրիգոր Գրիգորյանն ու Վալերի Խաչատրյանը:

Նկատի առնելով սկսված արհավիրքի չափը, ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ իր ենթակայության կառույցները` Հատուկ գունդը, ՄՀՕՋ-ը, մարտական մյուս ստորաբաժանումներն ու ՆԳ տարածքային բաժինները երկրապահ կամավորական ջոկատների հետ վերահսկում են սահմաններում իրադրությունը, և սպառնաց խստորեն պատժել ցանկացած չհամաձայնեցված գործողություն նախաձեռնողներին:

Այսպիսով, 1991 թվականը սկսվեց Մերձբալթիկայի արյունալի դեպքերով ու ազգային-ժողովրդավարական ցանկացած շարժում ճնշելով Խորհրդային Միության պահպանման հուսահատ փորձերով: Անընդհատ բախվելով կենտրոնի կարծր ու ադրբեջանամետ դիրքորոշմանը, հանրապետության ղեկավարությունը գեթ Խորհրդային Միության ժողովրդավարական ուժերի միջոցով Արցախում ապօրինություններն արգելելու նպատակով դիմեց բացահայտ անհնազանդության, ինչի շրջագծում էլ սկսվեց տխրահռչակ «Օղակ» գործողությունը: Խաղաղ բնակչության դեմ կիրառելով կանոնավոր զորքեր, զրահատեխնիկա, ռազմական ուղղաթիռներ, կենտրոնական իշխանությունները հայաթափում էին ԼՂԻՄ ծայրակետային և կարևորագույն դիրք ունեցող գյուղերը` թուլացնելով Արցախն ու ցույց տալով, թե անհնազանդության դեպքում ինչ է սպասում արցախահայությանը:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #07 (923) 23.02.2012 – 29.02.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


29/02/2012