ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Կապուտջուղ լեռան ստորոտով մեքենան շնչահատ բարձրանում է վեր։ Ասես զգում է, որ դա վերջին բարձունքն է, ու բարձունքից արդեն սկսվում է Մեղրիի վայրէջքը։ Ճանապարհի կողքին Քաջարան քաղաքն է, վերեւում` լեռը։ Ամռան օրերին լեռը զովաշունչ քամի է անում, իսկ ձմռան օրերին ձյունաբուք ու ձյուն է շաղում քաղաքի վրա։ Լեռան մյուս կողմում պատմական Գողթն գավառն է՝ այժմյան Նախիջեւանի Օրդուբադի շրջանը։ Թիկունքը տված Կապուտջուղին` այնտեղ երբեմնի մեր պատմական գյուղերն են՝ Մեսրոպավանը, Բիստը, որտեղ դպրոց է հիմնադրել, ուսուցչություն արել սուրբ Մեսրոպ Մաշտոցը։ Մտովի տեղափոխվում եմ լեռան մյուս կողմը՝ տեսնես պահպանվե՞լ են Գիլան ու Մեսրոպավան գետերի վրա կառուցված մեր միջնադարյան կամուրջները, սուրբ Նշան, սուրբ Սարգիս, սուրբ Աստվածածին վանք-եկեղեցիները… Տեսնես ի՞նչ է պահպանվել մեր հոգեւոր, մշակութային կյանքից…
-Մեղրիի բարձունքն է, Սերոբի աղբյուրի մոտ մի քիչ շունչ կառնենք ու կիջնենք Մեղրի։ Աղբյուրը Սերոբ անունով մի մարդ է կառուցել, ու իր անունով էլ ժողովուրդն ասում է՝ Սերոբի աղբյուր։
Լեւոնը նայում է Մեղրիի կիրճին ու ճանապարհի հոգնությունը մոռացած` հետաքրքիր զրուցընկեր է դառնում։ «Այդպես է՝ ծննդավայրը չխոսկան մարդուն էլ բլբուլ է դարձնում»,- ասում է լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանը։
Ու երբ սկսվում են վայրէջքն ու Լեւոնի պատմությունները, հիշում եմ մեղրեցի ազատամարտիկ, այժմ հայոց բանակի սպա Սուրիկ Հայրապետյանի խոսքը. «Մեղրիի բարձունքից էն կողմի ամբողջ տարածքը՝ ոնց որ ինձ համար Երեւան լինի, հարթավայր…»։ Այսինքն՝ ծննդավայրը մեկն է ու անփոխարինելի… Նրանից էն կողմ նույն ու նման մի աշխարհ է… Լեւոնը մեկ ամիս Երեւանում է եղել, աղջկա տանը։ Աչքի վիրահատությունից հետո հիմա վերադառնում է։ Կարոտել է Մեղրին, որտեղ ապրում է, կարոտել է իր նախնիների գյուղը՝ Կուրիսը, որտեղից իջել են Մեղրի։
-Իմ մեծ պապն ու տատը Կուրիսից են, ունեցել են 16 երեխա։ Տղաներից երեքը եղել են Նժդեհի զինվորներից ու զոհվել են թուրքերի հետ կռիվների ժամանակ։ Մյուս երեքն էլ գնացել են Հայրենական մեծ պատերազմ ու չեն վերադարձել։ Պատերազմից հետ չեկածների անուններն են` Անդրեաս, Անաստաս, Արամ, իսկ Նժդեհի զինվորների անունները չեմ հիշում։ Կուրիսի մեր եկեղեցու բակում երեք շիրմաքար կա՝ էդ նրանց շիրմաքարերն են…
Զարմանալի չէ՞` նրանք, ովքեր մնացել են Մեծ հայրենականի ճանապարհներին՝ անունները հայտնի են, գիտի, իսկ նրանք, ովքեր եղել են Նժդեհի զինակիցները, կռվել մեր դարավոր ոսոխի դեմ, ու աճյուններն էլ ամփոփված են եկեղեցու բակում՝ անանուն են, անունները չի հիշում… Այդպիսին են եղել ժամանակները, պետք չէ զարմանալ… Երկար տարիներ Նժդեհն ու զինակիցները «թշնամի» են եղել այս երկրին. մոռացության ժամանակներ…
-Իսկ հիշո՞ւմ ես մեծ տատիդ ու պապիդ անունները։
-Տատիս անունը Վարդի է եղել, պապիս անունը՝ Մարգար։ Մի քանի անգամ գնացել, ման եմ եկել նրանց շիրմաթմբերը, չեմ գտել, երեւի հողին են հավասարվել,- ասում է Լեւոնը։
-Հիմա գյուղում Մարգարի ու Վարդիի ժառանգներից կա՞ն,- հարցնում եմ։
-Չէ, մարդ չկա, բոլորը ցրվել են աշխարհով մեկ՝ Միջին Ասիա, Ռուսաստան, Ամերիկա, Եվրոպա… Կուրիսում էլ մի 7-8 տուն է մնացել՝ ծերեր… Պղնձամոլիբդենային գործարանի էքսկավատորները մոտեցել են այն բարձունքին, որի վրա ծվարել է գյուղը…
Մեր փոքրիկ գյուղը հայտնի է աշխարհին,- շարունակում է Լեւոնը,- մեր գյուղում են ծնվել ակադեմիկոս, լեզվաբան Էդվարդ Աղայանը, բանաստեղծ Հրանտ Գյուլասարյանը, էլի մարդիկ կան, չեմ հիշում… Ղեւոնդ Հովհաննիսյանն էլ մեր գյուղից է…
-Ձեր գյուղից է նաեւ Գեւորգ Խաչատրյանը։
-Ճիշտ է, մեր գյուղից է։ Զոհվեց Սոյուղի բարձունքի մարտերին։ Թաղված է գյուղի գերեզմանատանը…
Ճանապարհի այս խոսակցությունը հիշեցի, երբ զորամասում զրուցում էին Գեւորգ Խաչատրյանի կնոջ՝ Թամարա Գեւորգյանի հետ։ Ավագ ենթասպա է, ամուսնու մահից հետո ծառայության է անցել այս զորամասում։ Պատմում է ամուսնուց, երեխաներից, իրենց միասին ապրած տարիներից։
Գեւորգը սիրում էր իր հայրենի գյուղը։ Հայտնի որսորդ էր, առանց որսի տուն չէր գալիս՝ զենքը ձեռքին շրջում էր գյուղի վերեւի բարձունքներն ու քերծերը։ Մի աղբյուր կար, որտեղ ժամերով նստում-խորհում-հանգստանում էր նա։ Հիմա այդ աղբյուրին հուշարձան են կառուցել մարտական ընկերները, եւ աղբյուրն էլ կոչվում է Գեւորգի աղբյուր։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է ուսումնարանում, հետո ծառայել խորհրդային բանակում, որտեղ էլ ձեռք է բերել մեխանիկ-վարորդի մասնագիտություն։ Կռվի էն թեժ օրերին Գյումրիից տանկը հասցրել է Մեղրի՝ վկայում են մարտական ընկերները։ Եղել է նվիրյալ, ընկերասեր։ Դեռ խորհրդային տարիներին դժբախտ պատահարի զոհ է դարձել միակ եղբայրը, ու երբ սկսվել էին սահմանային ընդհարումները, ու ամեն անգամ, երբ ջոկատի տղաների հետ պետք է սահման դուրս գային, ծնողները, հատկապես մայրը, որը սկզբում փորձում էր որդուն հետ պահել, սակայն զգալով, որ դա անկարելի է՝ հազար ու մի խորհուրդ-խրատ էր տալիս, որ զգույշ մնա, որ թուրքը անխիղճ է, դաժան…
Քույրերը՝ Եղսիկն ու Էլմիրան, այդ օրերին ծնողների կողքին էին՝ հույս էին տալիս, մինչեւ եղբայրը սահմաններից վերադառնում էր տուն։ Հիմա քրոջ՝ Եղսիկի թոռը կրում է Գեւորգ անունը։ Բարձունքի այն հենակետը, որտեղ հերոսաբար զոհվեց Գեւորգ Խաչատրյանը, նույնպես կոչվում է հերոսի անունով։ Եվ ամեն նոր հերթափոխի զինվորները երդվում են սրբությամբ պահել բարձունքը, որտեղից ոնց ափի մեջ, պարզ տեսանելի են թիկունքում ծխացող հայրենի շեները։ Երդվում են սրբորեն, անգամ կյանքի գնով պահպանել բարձունքի իրենց վստահված մարտական հենակետը, որովհետեւ դժվար է պատկերացնել հակառակը՝ բարձունքը թշնամու ձեռքին…
Եվ նորից վերապրում, իմաստավորում ես 1992-ի օգոստոսի 17-ի Սոյուղի բարձունքի այդ ճակատամարտը եւ վերստին իմաստավորում «Մահ իմացյալ՝ անմահություն է» բառերի խորհուրդը…
♦♦♦
-Ծնվել եմ Ապարանում, որտեղից էլ՝ հարս եմ եկել Մեղրիի Կուրիս գյուղ,- վերհիշում է կինը՝ ավագ ենթասպա Թամարա Գեւորգյանը։
-Երբ ծնվեց մեր տղան, ես Ապարանում էի, հայրական մեր տանը։ Արդեն սկսվել էին սահմանային ընդհարումները։ Սիրտս անհանգիստ էր, տեղս չէի գտնում։ Ուշք ու միտքս այստեղ էր՝ Մեղրիում։ Անընդհատ զանգահարում էի Գեւորգին, թե արի մեզ տար։ Շատ զանգեցի, երեւում էր, որ ուզում էր մեզ դեռ Ապարանում թողնել։ Վերջը Ղեւոնդը մի մեքենա էր ուղարկել, ու մենք գնացինք Մեղրի։ 1992-ի օգոստոսի 10-ն էր։ Երեք օր հետո Գեւորգը բարձրացավ դիրքեր։ Օգոստոսի 14-ին իմ ծնունդն էր։ Ասի` մնա, էլի, ծնունդս կնշենք, ու նոր կգնաս։ Ասաց` չեմ կարող, ես քո ծնունդը այնտեղ անպայման կնշեմ։ Հետո իմացա, որ Լեհվազի տակ մի ռեստորան կա՝ իմ ծննդյան օրը ընկերներով իջել են այնտեղ, նշել իմ ծնունդը ու նորից բարձրացել դիրքեր…
Ամսի 16-ի լույս 17-ի ողջ գիշեր որդիս ձայնը չկտրեց, անվերջ լալիս էր, ճչում։ Մեղրիի մեր մեկ սենյականոց բնակարանում գրկել ու ողջ գիշեր երեխան գրկիս քայլում էի, օրորում։ Մեր առաջին հարկում մանկաբույժ կար, եկավ-զննեց, ասաց` ոչինչ չկա։ Բայց երեխան ձայնը չէր կտրում։ Լուսադեմին երեխաս սուս արեց, քնեց։ Օրվա մեջ հասավ չարագույժ լուրը՝ լուսադեմին, հենց նույն ժամանակ, երբ քնեց որդիս, այդ ժամանակ էլ զոհվել էր հայրը։ Երեխաս հանգիստ, խաղաղ քնած էր՝ անտեղյակ աշխարհից, մեզ հասած ողբերգությունից… Ռազմիկս այդ ժամանակ 6 ամսական էր, իսկ Իրինաս արդեն 4 տարեկան։ Շատ էր կապված հոր հետ։ Ամբողջ օրը կանգնում էր պատուհանի տակ ու նայում էր անցնող մարդկանց ու մեքենաներին։ Նայում էր մեքենաներից իջնող մարդկանց ու ասում էր.
-Սա էլ չի հայրիկը…
-Սա էլ չէր հայրիկը…
-Մայրի՛կ, ե՞րբ է գալու հայրիկը…
Այս տարիներին մեզ օգնության ձեռք են մեկնել ամուսնուս հարազատները, մարտական ընկերները: Մինչ երեխաներիս չափահաս դառնալը պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ եղել են բարեգործ-հովանավորներ: Վերջերս մեր մեկ սենյականոց բնակարանում շինարարական աշխատանքների համար դիմեցի Վահե Հակոբյանին: Շնորհակալ ենք բոլորին մեզ սատար կանգնելու համար:
Հիմա աղջիկս 23 տարեկան է, տղաս՝ 19-ը… Երկուսն էլ ավարտել են, դարձել անկախ Հայաստանի իսկական, հայրենասեր քաղաքացիներ։ Զավակներիս ճանաչողները հպարտությամբ են արտաբերում Գեւորգի անունը։
Այդպես կարոտով ու սպասումով անցան օրերն ու տարիները առանց Գեւորգի ու Գեւորգի հետ։ Հայոց բանակը դարձավ 20 տարեկան։ Եվ ամեն առավոտ զորամաս ոտք դնելիս երբ հայացքս դարձնում եմ դեպի մեր արեւախանձ ժայռերը, այնտեղ՝ բարձունքներին կանգնած են տղաները, Գեւորգը…
…Եվ ես հայացքով գտնում եմ լեռներին ծվարած փոքրիկ գյուղը՝ Կուրիսը, որի բարձունքին տեսնում եմ Վարդի մայրիկին, Մարգար մեծ պապին իրենց 16 զավակների հետ, տեսնում եմ բարձունքին կանգնած Գեւորգ Խաչատրյանին… եւ նրանց հայացքներն ուղղված են բարձրաբերձ լեռներին, որտեղ կանգնած են հայոց բանակի առնական, հաղթական ու զորեղ զինվոր-տղաները…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ