ՍՈՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Ինչպիսին էլ լինեն եղանակային պայմանները, ոչ մի կերպ չեն կարող ազդել զորամասերի առջեւ դրված խնդիրների կատարմանը։ Ուսումնական փուլի այս ժամանակաշրջանում ուսումնական գործընթացը շարունակվում է հաստատված ծրագրերով։ Ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքները տեղի են ունենում նախորոշված ժամերին, համապատասխան տեղերում։
Հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասում նախ հետևեցինք մեխանիկ-վարորդների գործնական պարապմունքների ընթացքին.
-Այս զինվորները վերապատրաստման համար մեր զորամաս են գործուղվել ՀՕՊ ստորաբաժանումներից,- պարապմունքը մի պահ ընդհատելով` պարզաբանեց մեխանիկ-վարորդների վերապատրաստման հրահանգիչ ավագ ենթասպա Վահան Երվանդյանը։ -Նրանք 2011թ. առաջին զորակոչին են եկել բանակ և մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում ձեռք են բերել մեխանիկ-վարորդի մասնագիտություն։ Այժմ տեխնիկական պատրաստության պարապմունք է, միասին ուսումնասիրում ենք հրթիռակրի փոխանցման տուփը։ Մեքենան օգտագործում ենք ուսումնական նպատակով, բայց այն գտնվում է շատ լավ վիճակում, և եթե հարկ լինի, կարող ենք հրթիռներ տեղադրել և մարտական խնդիր կատարել։ Տղաներն ունեն բավարար պատրաստություն, առաջադիմությունն օր օրի դառնում է նկատելի, հաջողությամբ են հաղթահարում մեքենավարման խոչընդոտները։ Վստահ եմ, որ բոլորն էլ քննությունից կստանան բարձր գնահատականներ։
-Ավագ ենթասպա Վ. Երվանդյանը շատ պարզ է ամեն ինչ բացատրում և պահանջում է, որ կարևոր հանգույցները ինքներս քանդենք, ուսումնասիրենք, հավաքենք, որպեսզի հիմնավոր սովորենք,- ասաց շարքային Հայկ Դավթյանը։
-Իրականում` սովորելու շատ բան կա, և զորամասեր վերադառնալուց հետո էլ պետք է անընդհատ աշխատենք ինքներս մեզ վրա,- այս կարծիքին է պայմանագրային զինծառայող շարքային Էդգար Թովմասյանը։
Վերապատրաստման կարևորությունը նշեցին շարքայիններ Գագիկ Սևոյանը, Ալբերտ Մարտիրոսյանը, Արմեն Պետրոսյանը։
ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱ Վ. ԵՐՎԱՆԴՅԱՆԸ
-Նրա ուսուցչությամբ վերաորակավորում ստացած մասնագետները միայն «լավ» ու «գերազանց» գնահատականներ են ստանում մասնագիտական քննությունից։ Իր գործին նվիրված, արժանավոր զինվորական է,- այսպես բնութագրեց Վահան Երվանդյանին զորամասի հրամանատարի տեղակալ մայոր Տ. Հակոբյանը։
Ավագ ենթասպա Վ. Երվանդյանը 1984թ. ավարտել է դպրոցը և ցանկացել է ընդունվել զինվորական ուսումնարան, սակայն չի ստացվել, քննությունները լավ չի հանձնել ու մեկնել է բանակ՝ Գերմանիա։ Երկամյա ծառայությունից հետո սովորել է ենթասպաների դպրոցում ու հինգ տարի, մինչև Հայաստանի Հանրապետության անկախացումը, որպես վաշտի ավագ ծառայել է նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում տեղակայված խորհրդային տանկային զորամասերից մեկում։ Ընդառաջելով նրա ցանկությանը, 1992թ. հունվարին նրան ուղարկել են Հայաստան։ Վերադառնալով հայրենիք` նա անմիջապես ծառայության է անցել նորաստեղծ ազգային բանակի ՀՕՊ զորամասում որպես դիվիզիոնի տեխնիկ։ 2007-ից աշխատում է մեխանիկ-վարորդների հետ։ Նա բազմաթիվ պարգևների է արժանացել ինչպես խորհրդային, այնպես էլ ազգային բանակում։ Ավագ ենթասպա Վ. Երվանդյանն ունի երկու որդի, որոնք նույնպես զինծառայողներ են. մեծը՝ կրտսեր սերժանտ Երվանդ Երվանդյանը, պարտադիր ժամկետային ծառայությունից հետո կրկին վերադարձել է բանակ և պայմանագրային կարգով ծառայում է գնդապետ Գ. Աբգարյանի հրամանատարությամբ գործող զորամասում, իսկ փոքրը՝ Տիգրանը, այս աշնանն է զորակոչվել և տանկի նշանառու-օպերատորի մասնագիտություն է սովորում համազորային ուսումնական զորամասում։
ԿԱՅԱՆԻ ՄՈՏ
Ռադիոլոկացիոն կայանը կարևոր նշանակություն ունի ՀՕՊ զորքերի մարտական խնդիրների կատարման գործում։ Ուսումնական զորամասում կայանի ապագա օպերատորներին ընտրում են բծախնդրությամբ, առկա տվյալների և հարցազրույցի արդյունքներով։ Դասակի հրամանատար կապիտան Դավիթ Կարապետյանն ասաց, որ մինչ այժմ հիմնականում անցկացվել են տեսական պարապմունքներ, և տեխնիկայի հետ անմիջական ծառայությունը, շփումը նոր է սկսվել։
-Այժմ սովորեցնում ենք կայանի գործարկման և աշխատանքի դադարեցման կարգը, ծանոթացնում ենք սարքավորումներին,- ասաց նա։
Երբ կուրսանտներին հարցրինք, թե ովքեր են բանակ եկել ուսումն ընդմիջելով, պարզվեց, որ ճնշող մեծամասնությունը բուհերի, մյուսներն էլ քոլեջների սովորողներ են։
-Կուրսանտ Արշակ Հովհաննիսյան, սովորում եմ հայկական պետական ճարտարագիտական համալսարանում,- ներկայացնում է նորակոչիկ զինվորը։
-Կուրսանտ Հակոբ Գալոյան, Շիրակի մարզ, սովորում եմ Երևանի պետական համալսարանում։
-Կուրսանտ Արեգ Խաչատրյան՝ Գորիսի պետական համալսարանից եմ։
-Կուրսանտ Դավիթ Ծատուրյան՝ Հայբուսակի քոլեջ:
ԼՍԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
Զորամասի հրամանատար գնդապետ Մ. Մհերյանն առաջարկեց լինել բոլոր լսարաններում և անձամբ տեսնել ամեն ինչ։ Մայոր Ռևիկ Խաչատրյանի ենթակայությամբ գործող ԴԶՀՀ մարտկոցում տեխնիկական պատրաստության ժամ էր։
-Կուրսանտներին սովորեցնում ենք համալիրի կառուցվածքը, մարտական աշխատանքի առանձնահատկությունները։ Տղաները մատուցվող նյութն ընկալում, սովորում են շատ լավ։ Ընդհանրապես, այս վերջին զորակոչի ընթացքում մեր համալրումը շատ հաջող է։ Կուրսանտների կրթական մակարդակը բարձր է, նրանք շատ պարտաճանաչ են ու կարգապահ,- ասաց մարտկոցի հրամանատարը։ Վերջինիս թույլտվությամբ ծանոթացանք կուրսանտների հետ։
-Կուրսանտ Դավիթ Շիրոյան, սովորում եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
-Համազասպ Հակոբյան, կառավարման ակադեմիայի ուսանող եմ։
-Սիփան Անտոնյան, Քարակերտ գյուղից եմ, սովորում եմ ԵՊՀ իրանագիտության բաժնում։ Այստեղ ինձ լավ եմ զգում, արդեն գրեթե ամեն ինչ գիտեմ «Իգլայի» մասին, վարժասարքով էլ կրակել եմ։
-Ես էլ Մարզպետ Քոչարյանն եմ, սովորում եմ պետական տնտեսագիտական համալսարանում։
Այնուհետև մեր ընտրությամբ ԴԶՀՀ-ի նշանակությունը և կառուցվածքը պարզաբանեցին կուրսանտներ Վահե Հովհաննիսյանը և Գևորգ Մնացականյանը։ Նրանց լիարժեք պատասխաններից խանդավառված` մնում էր միայն մաղթել հետագա ծառայական հաջողություններ։
ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԴԱՍԱԿՈՒՄ
Մայոր Ա. Բալայանի մարտկոցում կուրսանտները հաջողությամբ էին նշագրում, պատասխանելով հրամանատարի հարցերին, վերլուծում օդային իրադրությունը, իհարկե, պայմանականորեն։
-Մարտական զորամասերում պլանշետավարի աշխատանքը շատ կարևոր է, նրանք պետք է լինեն լավ հաշվարկողներ, ունենան գծագրելու շնորհք, մարտական հերթապահությունը կրելու համար բավարար ֆիզիկական պատրաստություն,- պարզաբանեց ավագ լեյտենանտը։
Իրենց ձեռք բերած հմտությունները ցուցադրեցին կուրսանտներ Մարգար Ավետիսյանը, Արտաշես Մկրտչյանը, Սուրիկ Հակոբյանը, Արթուր Գրիգորյանը։ Նրանք բոլորն էլ բարձրագույն ուսումնական հաստատություններից զորակոչված տղաներ են։
ՀՕՊ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ
Կապիտան Ա. Մելքոնյանը զորամասի լավագույն մասնագետներից է։ Լսարանում դասը վարում էր կապիտան Արմեն Դավթյանը։ Դարձյալ շատ էին բուհական ուսումը զինվորական ծառայությամբ ընդմիջած կուրսանտները՝ Ռուբեն Սիմոնյան, Նահապետ Քոսյան, Միշա Կարապետյան, Նարեկ Ավետիսյան, Դերենիկ Ոսկանյան, Հովհաննես Հովհաննիսյան…
Կապիտան Արմեն Դավթյանը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում։ Ավարտել է Գյումրիի N 44 միջնակարգ դպրոցը և ընդունվել ՌԴ ակադեմիա։ Ավարտել է ուսումը և վերադառնալով` ծառայության նշանակվել այս զորամասում։
-Սիրում եմ աշխատել զինվորական ծառայության առաջին քայլերն անող կուրսանտների հետ։ Ինձ լավ եմ զգում` տեսնելով, թե ինչպես են առաջադիմում, յուրացնում բարդ տեխնիկայի շահագործման նրբությունները։ Իրոք, ճիշտ են ասում՝ խելացի, գիտելիքներով հարուստ և ընդունակ տղաներն այս անգամ շատ են և եղանակ են ստեղծում։ Հույս ունեմ, որ դասակը բարձր գնահատականներով կավարտի ուսումնական փուլը,- ասաց կապիտանը։
ՎԱՇՏԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ
Ֆիզպատրաստության պետ կապիտան Զարզանդ Ալեքսանյանի ղեկավարությամբ մարտկոցի դասակներից մեկի կուրսանտները ձգումներ էին կատարում։ Կուրսանտների մեջ կային նաև սպորտով զբաղվողներ։ Ս. Անտոնյանն ասաց, որ պարապել է բռնցքամարտով և քիք-բոքսինգով, Ա. Տերտերյանը՝ բազկամարտով, Լ. Մուրադյանը՝ ըմբշամարտով։
ՄԱՅՈՐ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրամանատարի տեղակալը գոհ է իրականացվող աշխատանքներից.
-Բավականին հաջող ենք սկսել այս փուլը։ Լսարանները տաքացվում են, և ոչ մի պարապմունք բաց չի թողնվում։ Գնալով շատանալու են գործնական պարապմունքները, իսկ որոշ ստորաբաժանումների համար էլ նախատեսված են փորձաշրջաններ։ Առաջադրանքները շատ լավ են կատարում մարտկոցի հրամանատար կապիտան Է. Հարութունյանը, կապիտան Ա. Մելքոնյանը եւ այլք: Նրանք, ինչպես նաև զորամասի ողջ անձնակազմը, անում են հնարավորը, որպեսզի ՀՕՊ զորքերը համալրվեն որակյալ մասնագետներով։
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Այս գծով հրամանատարի տեղակալը փոխգնդապետ Վահե Մախսուդյանն է, զորամասի փորձառու սպաներից մեկը։
-Այս տարվա անցած ժամանակաշրջանը, իրոք, բովանդակալից էր։ Ամանորից, Սուրբ Ծննդյան տոներից հետո սկսեցինք նախապատրաստվել ազգային բանակի հոբելյանական՝ 20-ամյա տարեդարձի տոնակատարությանը։ Կազմակերպեցինք բազմաթիվ միջոցառումներ, տոնական համերգներ տարբեր դպրոցների կոլեկտիվների մասնակցությամբ։ Առավել լավ ենք համագործակցում Պերճ Պռոշյանի անվան դպրոցի հետ, որի տնօրեն տիկին Նունե Մովսիսյանը բոլոր միջոցառումներին հրավիրում է մեր զինծառայողներին։
Հունվարի 27-ին զորամաս այցելեցին մարզպետը, մարզի բոլոր ղեկավար աշխատողները։ Շնորհավորանքներից, պարգևատրումներից հետո համերգ տվեց մեր կուրսանտների «Քասախ» պարային համույթը` դպրոցների աշակերտների մասնակցությամբ։ Լավ ենք համագործակցում նաև քահանա տեր Եղիշեի հետ։ Նա մշտապես այցելում է մեզ, շաբաթ կամ կիրակի օրերին էլ մենք ենք այցելում, կուրսանտների հետ հաճախում եկեղեցի, մասնակցում եկեղեցական տոներին, ծեսերին։ Նշել ենք Ս. Սարգսի տոնը, Տեառնընդառաջը։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան