«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ հարցազրույցը «ԱրմԻնֆո» լրատվական գործակալությանը (17.02.2012):
– Պարոն Տոնոյան, 2010 թվականին համաձայնագիր է ստորագրվել Հայաստանում հայ-ռուսական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկություններ ստեղծելու վերաբերյալ: Իրականացման ո՞ր փուլում է գտնվում այդ համաձայնագիրը:
– Ինչպես հասկանում եմ, Դուք նկատի ունեք Հայաստանի տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման և տեխնիկական սպասարկման համատեղ ձեռնարկությունների և սերտիֆիկացված սերվիսային կենտրոնների ստեղծման բնագավառում համագործակցության հարցերի շուրջ փոխըմբռնման հուշագիրը` ստորագրված երկու երկրների միջև 2010 թ. օգոստոսի 20-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան պետական այցի ընթացքում:
Վերոհիշյալ փաստաթղթի շրջանակներում հայ և ռուս մասնագետները քննարկում են Հայաստանի տարածքում վերանորոգման, տեխնիկական սպասարկման և արդիականացման տարածաշրջանային սերտիֆիկացված կենտրոնների ստեղծման հարցերը. զրահատանկային տեխնիկայի, սպառազինությունների և դրանց շարժիչների, ռուսական արտադրության ՀՕՊ միջոցների, տարբեր տեսակի ուղղաթիռների, «ՈւԱԶ» ավտոմեքենաների:
Օրակարգում է նաև «Պաշտպանական համակարգեր» Միջպետական ֆինանսա-արդյունաբերական խմբի (ՄՖԱԽ) ընդլայնման հարցը` վերջինիս կազմում Հայաստանի արդյունաբերության մի քանի ձեռնարկությունների ներառման հաշվին: «Այսօր Հայաստանում «Մետէքսիմ» ՍՊԸ և «Կամազ» ՓԲԸ հիմքի վրա արդեն ստեղծվել և գործում է «Կամազ-Արմենիա» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը: Ինչ վերաբերում է այլ ուղղություններին, ապա այստեղ աշխատանքը դեռ շարունակվում է:
Ի դեպ, ընթացիկ տարվա մարտի 14-15-ը Երևանում տեղի կունենա Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՀԱՊԿ ՌՏՀՄՀ) հայկական և ռուսական ազգային հատվածների և ՌՏՀՄՀ-ին առընթեր Գործարար խորհրդի համատեղ նիստը` Հուշագրի իրականացման ընթացքը քննարկելու, կատարված աշխատանքների միջանկյալ արդյունքներն ամփոփելու, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետագա ինտեգրման հեռանկարները քննարկելու նպատակով:
– Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է սրվել, ինչն ուղեկցվում է մարտական գործողությունների սկսման հավանականության մեծացմամբ, որոնք կներառեն ողջ տարածաշրջանը: Արդյոք քննարկումնե՞ր են անցկացվում պաշտպանության նախարարությունում, և մշակվու՞մ են այդ դեպքում գործողությունների հնարավոր սցենարներ:
– Դուք հռետորական հարց տվեցիք, այսինքն` պատասխանը հենց հարցի մեջ է: Ըստ էության, դրա համար էլ գոյություն ունի պաշտպանական գերատեսչությունը, որպեսզի հետևի առնվազն իր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությանը, վերլուծություն և կանխատեսում անի: Հաշվի առնելով նոր խնդիրները` թելադրված ստեղծված իրավիճակով, մեր կողմից ինտենսիվորեն ուսումնասիրվում են տարածաշրջանում գործողությունների զարգացման հնարավոր և առավել հավանական սցենարները: Հայկական կողմն առաջին հերթին պետք է անի դիվանագիտական ճակատում իրենից կախված ամեն բան` Իրանի շուրջ առճակատման սրացումը կանխելու նպատակով: Բացի այդ, առաջին պլան են մղվում Հայաստանի անվտանգության ուժեղացման, այն սկզբունքորեն նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտության հարցերը: Մեր երկրի մարտունակության ապահովման կարևոր պայմաններից մեկը ուսումնական հարցերի գործնական մշակումն է` կապված հնարավոր ագրեսիային դիմագրավմանը ՀՀ զինված ուժերի և պետական կառավարման մարմինների նախապատրաստության հետ, և դա իրականացվում է պլանային զինավարժությունների ընթացքում` առավելագույնս մոտեցված ռազմաքաղաքական իրողություններին:
– Հայաստանը հաջողությամբ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ IPAP և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրերի շրջանակներում, և Ռուսաստանի հետ` ՀԱՊԿ շրջանակներում: Ձեր կարծիքով, որքա՞ն հաջող են համադրվում արևմտյան և ռուսական բանակային ստանդարտները ՀՀ զինված ուժերում` հաշվի առնելով գլոբալ աշխարհաքաղաքականությունում միտումների փոփոխությունը:
– Հայաստանը հավասարակշռված ռազմական համագործակցություն է ծավալում ինչպես Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ: Անշուշտ, այդ ուղղություններից յուրաքանչյուրի շրջանակներում մենք ձգտում ենք անձնակազմերի միջև փոխգործակցության կարողության ձեռքբերման, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում օպերատիվ համատեղելիության: Ինչ վերաբերում է արևմտյան և ռուսական ռազմական ստանդարտների համադրմանը, ապա կարող եմ հավաստիացնել, որ դրանց տարբերությունն այնքան էլ մեծ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից, և արհեստավարժ ռազմական մասնագետներն ի վիճակի են այդ երկու համակարգերի համատեղելի տարրեր հայտնաբերել:
Գաղտնիք չէ, որ Հայաստանը չի տիրապետում ո՛չ լայնարձակ տարածքի, ո՛չ մարդկային մեծ ռեսուրսների, ո՛չ հզոր արդյունաբերական և տեխնոլոգիական բազայի, ո՛չ հսկայական ֆինանսական հնարավորությունների, որպեսզի կուրորեն պատճենի այս կամ այն երկրի կամ ռազմական կազմակերպության ռազմական ստանդարտները: Հետևաբար, մենք ձգտում ենք օգտագործել ռազմարվեստի, ռազմական կրթության և ուսուցման, մարտական և օպերատիվ նախապատրաստության լավագույն գաղափարները և մտահղացումները, որոնք գոյություն ունեն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ՆԱՏՕ-ի երկրներում` համադրելով դրանք ՀՀ զինված ուժերում, առավելագույնս մոտեցնելով մեր իրողություններին:
Գլոբալ աշխարհաքաղաքականությունում միտումների առնչությամբ ասեմ, որ այժմ բոլորի շուրթերից հնչող «գլոբալիզացիա» բառը լիովին կիրառելի է նաև ռազմական ոլորտում. տեխնոլոգիաների զարգացման և տեղեկատվական հոսքի ներկայիս պայմաններում այս կամ այն երկրում ցանկացած կառուցողական լուծում և նորարարություն վաղ թե ուշ փոխառվում է նաև այլ երկրների կողմից: Որպես օրինակ` կարող եմ նշել Ռուսաստանում արհեստավարժ սերժանտական կազմի բարեփոխումները, երբ օգտագործվել են ՆԱՏՕ-ի երկրների առաջատար գաղափարները կամ Միացյալ Նահանգների կողմից աֆղանական կառավարական բանակի կարիքների համար ռուսական Մի-17 ուղղաթիռների գնումը, որոնք հոյակապ դրսևորել են իրենց նման պայմաններում շահագործման ժամանակ:
– Վերջերս Չինաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրվեց: Ի՞նչ բնագավառներ է շոշափում այդ համագործակցությունը` հաշվի առնելով Հայաստանի կողմից չինական սպառազինություն գնելու վերաբերյալ տեղեկատվությունը:
– Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Չինաստանը մեծ հեղինակություն է վայելում սպառազինության և ռազմական տեխնիկայի համաշխարհային շուկայում: Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում գլխավոր չափանիշը «գին-որակ» սկզբունքն է, իսկ ինչ վերաբերում է չինական սպառազինությանը, ապա այն հետ չի մնում արևմտյանից, իսկ հաճախ նաև հուսալիության, արդյունավետության և մարտական հզորության որոշ ցուցանիշներով առաջ անցնում նրանցից: Եվ դա այն դեպքում, երբ գներն զգալիորեն ցածր են մնում համաշխարհային գներից: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ 2004 թվականից սկսած`Չինաստանը պարբերաբար անհատույց ռազմատեխնիկական օգնություն է ցուցաբերում Հայաստանին, ինչը շատ արժեքավոր է մեզ համար:
– Բանակաշինությունը ենթադրում է զինված ուժերի մշտական արդիականացում և նոր տեխնոլոգիաների ու մեթոդաբանության ներդրում: Ի՞նչ առաջընթաց ունի պաշտպանության նախարարությունն այդ ուղղությամբ:
– Անշուշտ, զինված ուժերի մշտական արդիականացումը ռազմաշինության կարևոր տարրերից մեկն է, ընթացիկ և հետագա մարտահրավերներին համարժեք արձագանքելու միակ հնարավորությունը: Արդիականացումն իրականացվում է երկու` միմյանց փոխլրացնող ուղղությամբ: Առաջինը մեր դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցությունն է, արդիականացման երկրորդ բաղադրիչը կենտրոնացված է անցած տարի գործի դրված «Հայաստանի ԶՈւ զարգացման ծրագրի» վրա: Ծրագիրը նախատեսում է պաշտպանության բոլոր ոլորտներում մասշտաբային բարեփոխումներ` նպատակաուղղված մեր զինված ուժերի արդյունավետության զգալի բարձրացմանը, նորարարական լուծումների կիրառմամբ, երբ միևնույն արդյունքը ձեռք է բերվում պակաս ծախսերի գնով: Բարեփոխումների գլխավոր ուղղություններից մեկը Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն է: Այստեղ մենք ձգտում ենք դաշնակիցների և գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ սեփական մասնագետների առաջատար փորձի հաշվին ստեղծել արդյունաբերական ներուժ, որը կարող է ապահովել առավելագույն ինքնաբավություն հայկական բանակի սպառազինությունների և ռազմական տեխնիկայի կարիքների ապահովման հարցում:
– Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին զուգահեռ Ռուսաստանը բավականին հաջող զբաղվում է Ադրբեջանին զենքի մատակարարումներով: Արդյոք ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակիցների գործողությունները համաձայնեցվո՞ւմ են Երևանի հետ:
– Սպառազինության ցանկացած մատակարարում Ռուսաստանն իրականացնում է` բացառապես արտահանման վերահսկողությանն առնչվող իր ներքին օրենսդրության համաձայն: Նույն կերպ են վարվում նաև ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցները, Դուք միանգամայն ճիշտ նշեցիք, որ Ռուսաստանը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված մեծ ջանք է գործադրում, և քաջատեղյակ է Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին:
Բայցի այդ, պետք չէ մոռանալ, որ Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական ռազմակայանը, ինչը միշտ պայմանավորված է եղել մեր պետությունների ռազմաքաղաքական շահերով: Համաձայն նորացված պայմանագրա-իրավական դաշտի, ռազմակայանը, Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից բացի, Հայաստանի զինված ուժերի հետ միասին ապահովում է նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:
– Ռազմական բյուջեի ավելացմանը զուգահեռ` Ադրբեջանը զարգացնում է սեփական պաշտպանական արդյունաբերությունը: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ պաշտպանության նախարարությունը սպառազինությունների պարիտետը պահպանելու համար:
– Սպառազինությունների պարիտետի պահպանման համար մեր երկիրը նաև ակտիվ ռազմատեխնիկական համագործակցություն է ծավալում, ամենից առաջ` Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և այլ երկրների հետ, բազմակողմ ձևաչափով` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, ինչը մեր պետության արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական գործունեության անքակտելի մասն է կազմում: Այսօր գոյություն ունեցող օրենսդրությունը թույլ է տալիս սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումներ իրականացնել ՀԱՊԿ երկրներ` արտոնյալ պայմաններով կամ անհատույց հիմունքով:
Միաժամանակ, ինչպես արդեն ասել եմ, Հայաստանում կատարվել են ռազմական տեխնոլոգիաների նմուշների բազմաթիվ մշակումներ պաշտպանության նախարարության կարիքների համար, որոնցից շատերն արտադրվում են սերիայով, ներդրվել կամ շահագործվում են զորքերում: Հայկական որոշ մշակումներ ներկայացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսներում:
Չեմ ցանկանում մեր հարցազրույցն օգտագործել որպես գովազդ, սակայն Հայաստանում կատարված առավել հետաքրքիր որոշ մշակումներ մենք կարող ենք նույնիսկ օգտագործման նպատակով խորհուրդ տալ մեր դաշնակիցներին ու գործընկերներին:
Հարցազրույցը վարեց ԱՇՈՏ ՍԱՖԱՐՅԱՆԸ
Խորագիր՝ #07 (923) 23.02.2012 – 29.02.2012, Ազգային բանակ, Ռազմաքաղաքական