Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ



Եվրամիության արտգործնախարար Կատրին Էշթոնը միջազգային վեց միջնորդների` Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի անունից Թեհրանին առաջարկել է վերսկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

Իր հերթին, Թեհրանը, որպես «բարի կամքի ու թափանցիկության» դրսևորում, համաձայնել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը Փարչինի փակ միջուկային կենտրոն, ինչը հրաժարվել էր անել մեկ ամիս առաջ: Վաշինգտոնը և որոշ արևմտյան պետություններ պնդում են, որ այնտեղ իրականացվում են ռազմական նշանակության միջուկային գաղտնի հետազոտություններ:

Գրեթե միաժամանակ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Թեհրանի միջուկային ծրագրի նկատմամբ ՄԱԳԱՏԷ-ի լիակատար վերահսկողության սահմանման դեպքում Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցների վերացման հարցը:

Իսկ Չինաստանի արտգործնախարարն ընդհանրապես անընդունելի է համարել Իրանի նկատմամբ ցանկացած պատժամիջոցների կիրառումը, պնդելով, որ առճակատման փոխարեն անհրաժեշտ է երկխոսություն սկսել Թեհրանի հետ՝ միաժամանակ հավաստելով, որ Պեկինը դեմ է Մերձավոր Արևելքի ցանկացած պետության, այդ թվում նաև Իրանի միջուկային տերություն դառնալուն:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


07/03/2012