ԳՆԱՀԱՏԵՔ ՁԵՐ ԿԱՄՔԻ ՈՒԺԸ
Թեստը մշակել է հոգեբանական գիտությունների Միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ն.Ն.Աբոզովը 1997 թվականին: Նախատեսված է կամքի ուժի ընդհանուր բնութագիրն ու ի հայտ գալն ուսումնասիրելու համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար և նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ, կամ, առավել ևս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:
2. Հիշեք, որ թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակորեն:
Ստորև բերված 15 հարցից յուրաքանչյուրին անհրաժեշտ է պատասխանել «այո», «ոչ», «չգիտեմ» կամ «պատահում է»:
1. Կարո՞ղ եք ավարտին հասցնել այն աշխատանքը, որը Ձեզ համար անհետաքրքիր է (կարևոր չէ` ժամանակն ու իրավիճակը թույլ են տալիս կտրվել դրանից և ավելի ուշ շարունակել, թե ոչ):
2. Հեշտությա՞մբ եք հաղթահարում ներքին դիմադրությունը, երբ ստիպված եք լինում Ձեզ համար որևէ տհաճ բան անել (օրինակ` հերթապահել ազատ օրերին):
3. Երբ որևէ կոնֆլիկտային իրավիճակում եք հայտնվում, կարո՞ղ եք «Ձեզ հավաքել» և իրավիճակը քննել առավելագույնս անաչառ:
4. Կարո՞ղ եք պահել բժշկի նշանակած դիետան:
5. Կարո՞ղ եք առավոտյան սովորականից շուտ արթնանալ, եթե նախօրոք այդպես էիք որոշել:
6. Եթե որևէ դեպքի ականատեսն եք եղել (օրինակ` ավտովթարի կամ հրդեհի), կմնա՞ք տեղում, որպեսզի հետո վկայություն տաք:
7. Նամակներին անմիջապե՞ս եք պատասխանում:
8. Կարո՞ղ եք հեշտությամբ հաղթահարել Ձեր վախը, օրինակ, ինքնաթիռով թռչելուց կամ ատամնաբույժին այցելելուց և մեկնել օդանավակայան կամ նստել ատամնաբուժական բազկաթոռին:
9. Կընդունեի՞ք այն դեղահաբը, որը Ձեզ համար շատ տհաճ է, բայց որը բժիշկն է նշանակել:
10. Ձեր տված խոստումը կպահեի՞ք, եթե դրա իրագործումը Ձեզ համար դժվար է: Այսինքն` խոսքի՞ մարդ եք:
11. Առանց երկմտելու կմեկնեի՞ք Ձեզ անծանոթ որևէ քաղաք, եթե դա անհրաժեշտ է:
12. Խստորե՞ն եք հետևում օրվա Ձեր կարգացուցակին` արթնանալու, սնվելու և ընթացիկ գործերի հերթականությանը:
13.Դուք այնքա՞ն էլ չեք ընդունում աստվածաշնչյան պատվիրանները:
14. Անգամ ամենահետաքրքիր հեռուստահաղորդումը չի կարող Ձեզ ստիպել հետաձգելու կարևոր և շտապ աշխատանքի իրագործումը. այդպե՞ս է:
15. Կարո՞ղ եք պարզապես դադարել վիճելուց և լռել, որքան էլ Ձեզ համար տհաճ լինեն դիմացինի խոսքերը:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Յուրաքանչյուր «այո» պատասխան գնահատեք 2 միավոր,
«չգիտեմ» կամ «պատահում է»`1 միավոր, «ոչ»` 0 միավոր:
Գումարեք միավորները:
0-ից 12 միավոր – Ձեր կամքի ուժը թույլ է, ուստի Ձեզ հեշտ է որևէ բան համոզելը: Սակայն սեփական «թույլ կողմերն» իմանալն ու գիտակցելը մարդուն ավելի ուժեղ է դարձնում: Աշխատեք այս ուղղությամբ, կատարելագործեք Ձեր կամային որակները:
13-ից 21 միավոր – Կարելի է ասել, որ Դուք ունեք կամքի ուժի միջին մակարդակ: Տարբեր իրավիճակներում Դուք տարբեր կերպ եք Ձեզ դրսևորում` երբեմն ցուցաբերելով զիջողականություն, իսկ երբեմն էլ համառություն: Պետք է ասել, որ հենց նման ճկունությամբ ու տարբեր լինելու ունակությամբ եք Դուք կարողանում հաճելի լինել ինչպես աշխատանքում, այնպես էլ անմիջական շփման մեջ:
22-ից 30 միավոր – Դուք ունեք ուժեղ կամք: Սակայն մի՛ մոռացեք, որ առհասարակ շփման մեջ, ինչու չէ` նաև աշխատանքում, երբեմն հաջողության են բերում նաև զիջումներն ու դիմացինի հանդեպ զիջողական վերաբերմունքը:
ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #08 (924) 01.03.2012 – 07.03.2012, Ռազմական