ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
1914Թ. ՆՈՅԵՄԲԵՐ, ՋՈՒԼՖԱ:
Առաջին աշխարհամարտի տարիներին, հրապուրված Անտանտի կեղծ խոստումներից` աշխարհասփյուռ հայեր եկան կովկասյան ճակատ եւ Կիլիկիա։ Որպես կամավորներ եկան նաեւ մեծ թվով հայ մտավորականներ։ I կամավորական ջոկատի հրամանատար զորավար Անդրանիկը Ջուլֆայի կայարանում նկատեց հանրահայտ դերասան Վահրամ Փափազյանին։ Զորավարը իսկույն նրան հետ ուղարկեց Թիֆլիս, ասելով. «…Վահրա՛մ, քո տեղը թատրոնն է եւ ոչ կռվի դաշտը»։
♦♦♦
1914Թ. ՆՈՅԵՄԲԵՐ, ԻԳԴԻՐ:
II կամավորական ջոկատի հրամանատար Դրաստամատ Կանայանը (Դրո) դեպի Վան շարժվող կամավորների մեջ նկատեց նշանավոր երգիծաբան Լեռ Կամսարին։ «Ա՛յ տղա, քեզ որ մի բան պատահի, մեզ ով պիտի ծաղրի»,- ասաց Դրոն եւ երգիծաբանին հետ ուղարկեց Երեւան։
♦♦♦
1916Թ. ՄԱՐՏ, ԷՐԶՐՈՒՄ:
Կամավորական VI ջոկատի հրամանատար Հայկ Բժշկյանցը (Գայ) խնամքով պահպանում էր ուսանող Արտակ Դարբինյանին՝ հեռու պահելով նրան առաջավոր գծից։
…Այդ օրը Բժշկյանցը հարցաքննում էր երկու թուրք գերիների։ Ջահել թուրքը սիրահոժար պատասխանում էր, իսկ ահա տարեցը լռում էր։ Ավարտելով հարցաքննությունը, Բժշկյանցը դիմեց ռուսերենի թարգմանիչ Արտակին։
-Ուսանո՛ղ, տար սարի հետեւը էս խեղճերին եւ երկուսին էլ բաց թող։
…1940թ. հոկտեմբերի 29, Վաշինգտոն:
Թուրքիայի ազգային տոնի (հանրապետության հռչակման) առթիվ ընդունելություն է թուրքական դեսպանատանը։ ԽՍՀՄ դեսպանության զինվորական կցորդ Արտակ Դարբինյանին է մոտենում թուրք ալպեյը (փոխգնդապետը)։
-Պարոն գնդապետ, Դուք կռվե՞լ եք Կովկասյան ճակատում։
-Այո՛, պատիվ եմ ունեցել կռվելու հայկական VI կամավորական ջոկատում,- պատասխանում է գնդապետ Արտակ Դարբինյանը։
-Ալլահը վկա, մենք հանդիպել ենք,- բացականչում է թուրք սպան։ -Մինչեւ այսօր ես պատմում եմ իմ փրկվելու պատմությունը, եւ ոչ ոք չի հավատում, բացի իմ մեծ հորից։ Մենք ձեր արյունը շատ պղտորեցինք…
(Զինվորական կցորդ Արտակ Դարբինյանը ամենակարեւոր օղակն էր ԱՄՆ-ից ատոմային ռումբի գաղտնիքը ձեռք բերելու գործում)։
ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ
Խորագիր՝ #08 (924) 01.03.2012 – 07.03.2012, Պատմության էջերից