Օ՜, ՀԱՅՐԵՆԻՔ ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ
Օ՜, հայրենիք որդեկորույս
Թող ինձ այսօր կին-զինվորիս,
Որ չի կորցրել հավատ ու հույս,
Լուռ խոնարհվել շիրմաց առջև քո զոհերի:
Թող իմ ափը դնեմ մեղմիկ,
Դեռ տնքացող կրծքին հողիդ,
Դառնամ շիրմաքար կենդանի
Բոլոր անթաղ զինվորներիդ:
Նրանց վերջին մրմունջը թաց
Վերցնեմ զգույշ իմ ափին տաք,
Տանեմ, հասցնեմ բոլոր նրանց,
Ովքեր որբ են, անհիշատակ:
Թող ես դառնամ սպեղանի
Քո վերքերին` դեռ մորմոքող,
Փարվեմ բոլոր անթաղներիդ,
Դառնամ նրանց քույր ամոքող:
Հող հայրենի, իմ տարաբախտ,
Թո՛ղ կրկին ինձ` զինվորիս` կին
Դառնամ ցավիդ հար զարկերակ
Ու ջերմացնեմ քո զոհերի լուսե հոգին…
1994թ.
ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ