Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ԲԱՅՑ Ո՛Չ ՕՏԱՐ ՀՈՂԻ ՎՐԱ



«Ապրել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել»:
«Ես կարդացի ցեղիս թողած աստվածային հետքերը երկրագնդի վրա, տեսա, համբուրեցի, պաշտեցի-ես դարձա ցեղակրոն»:
«Ինչ է կյանքը, եթե ոչ երկու ուժերի մեջ կատարված մի անմիտ և անխիղճ խաղ: Ուժեր, որոնցից մեկը ստեղծագործում է, շինում, իսկ մյուսը` կործանում, քանդում…»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Նրա անունն արտաբերելն անգամ բավական է, որ յուրաքանչյուրիս աչքի առաջ հառնի մարդկային հզոր կերպարանքը: Նա շատ վաղ տարիքից և ամբողջությամբ նվիրվել է ազգային խնդիրների լուծմանը, ուստի դժվարանում ենք առանձնացնել այն սահմանը, որը կբաժաներ նրա անձնականը ազգայինից` դրանք կարծես տարրալուծելով միմյանց մեջ: Նժդեհը 17 տարեկանից միանում է ազատագրական շարժմանը, նվիրվում ցարիզմի և սուլթանականության դեմ հեղափոխության գործին` ընդգծելով իր առաջնագույն նպատակը` պայքարել հանուն անկախ Հայաստանի և ծառայել Հայրենիքի բարօրությանը: Այս նպատակը կարմիր թելի նման անցնում է նրա ողջ կյանքի և գործունեության միջով:

Նժդեհի (Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան) ընտանիքն արմատներով Խոյից է: Դեռ մանկության տարիներից նրա մեջ սերմանվում է սերը դեպի Հայրենիքը, դեպի ուսումը և ճշմարտությունը: Նման որակների հոյակապ միաձուլումը նախադրյալ է ստեղծում «Նժդեհ-մեծության» ծննդյան համար: Նա ներկայանում է իր բոլոր ուժեղ կողմերով` մարդկային թուլությունն ու վախը համարելով երևույթներ, որոնք անհրաժեշտաբար պետք է հաղթահարվեն: Նա անգամ մահն է արհամարհում. «Արի է նա, ով իր մեջ սպանել է իր կաշվի համար դողացող անասունը»:

Նրան մտահոգում էին մարդկային եսապաշտությունը, աշխարհաքաղաքացիությունը, փառամոլությունը, կուսակցամոլությունը, անմիաբանությունը` լինեն անձի, թե խմբի մակարդակներում: Նժդեհը կարևորել է իրեն նախորդող հայ մտավորականության դերը, նրա հայացքների վրա մեծ է այդ ժամանակաշրջանի հատկապես բանաստեղծների և պատմիչների ազդեցությունը, անգնահատելի է եղել նաև 20-րդ դարի 30-ական թվականների Հայկական ցեղային շարժման գաղափարական ականավոր գործիչներից մեկի` Հայկ Ասատրյանի ազդեցությունը:

Նժդեհը մեղվի ջանասիրությամբ տարբեր աղբյուրներից` հայկական և արտասահմանյան գրականության, փիլիսոփայության, հրապարակախոսության, տարբեր տեսակի «հումք» հավաքելով` ստեղծել է լիովին նոր «արդյունք»: Նրա ստեղծած «մեղրն» անգնահատելի է հենց դրանով: Իր գաղափարախոսությամբ նա ինքնաբավ է:

Բոլորիս հայտնի է Նժդեհի թողած ժառանգությունը, նրա ներդրումը հայությանը, և հատկապես Սյունիքի լեռնահայությանը օժանդակելու գործում: Այն պահին, երբ վճռվում էր հայոց ճակատագիրը, և երբ տիրում էր համատարած հուսալքություն, լսվում է նրա ռազմաշունչ, ամենափրկիչ ձայնը. «Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը»:

Մեր պատմությունը բազմաթիվ լիդերներ է կերտել, բայց նրանցից քչերն են, որ կարողացել են կողմնորոշվել և ճիշտ որոշումներ կայացնել օրհասական պահերին: Նժդեհը բավականին ճկուն մտածողություն ուներ և, ամենակարևորը, հիմնվում էր սեփական դատողությունների վրա. նրա անհատականության վառ արտահայտումն է այն, որ երբեմն նույնիսկ չէր հնազանդվում վերադաս իշխանություններին: Մասնավորապես, երբ Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությանը, Նժդեհը մերժեց և դրա փոխարեն սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակչությանը: Եւ դա միակ դեպքը չէր, երբ նա բացառապես ինքնուրույն էր գործում:

Նժդեհի հոգեբանական ուժեղ կերպարի կարևոր բաղադրիչ է նրա հռետորական տաղանդը. նրա ելույթների հմայքն ու ազդեցությունն այնքան մեծ են եղել, որ գրեթե բոլոր ելույթներից հետո շատերը, նույնիսկ երբեմն ողջ դահլիճը անդամագրվել է կամավորական ջոկատներին (օրինակ` 1917թ. հունիսի 1-ին Գյումրիի աշուղների համար նրա կարդացած դասախոսությունից հետո «տեղնուտեղը կազմակերպվեց «ՀՅԴ «Աշուղ» խումբը»):

Հոգեբանական տեսանկյունից դա կարելի է բացատրել որպես լայնատարած հուզական և վարքային վարակի ստեղծում: Հուզական վարակը տվյալ մարդու կամ մարդկանց խմբի կողմից հակվածությունն է սեփական դեմքի արտահայտության, ձայնային հակազդումների, դիրքերի և շարժումների ինքնաբերաբար նմանեցմանը մեկ այլ մարդու կամ մարդկանց խմբերի դեմքի արտահայտությանը, ձայնային հակազդումներին, դիրքերին և շարժումներին, որը տեղի է ունենում նրանց հուզական մերձեցման դաշտում: Շատ հեղինակների կարծիքով, հուզական վարակը կատարվում է գիտակցության սահմաններից դուրս, կարող է իրականանալ տարբեր միջոցներով և առաջ բերել հնարավորինս բազմազան գործողություններ և վարքագիծ: Փաստորեն, Նժդեհն իր ցեղաշունչ ազդեցությունն օգտագործելով` կարողանում էր ձևավորել հայի ուժեղ բռունցք մեկ նպատակի շուրջ, այն է` պայքարել հանուն Հայրենիքի բարօրության:

Մեջբերում ենք աղոթքը, որը բազմիցս է հնչել Նժդեհի շուրթերից և բազմիցս է ոգևորել օտար ափերում դեգերող հարյուրավոր հայերի.

«Լսիր, Տեր, հայրենազուրկ գաղթականն է քեզ կանչում,

Լսիր և մի տանիր զմեզ ի փորձություն` մեր սուրբ երկրեն դուրս,

Օտարի դռանը, օտարի հացով երկար մնալու,

Այլ բաց, Տեր, մեզ համար միշտ բաց պահիր

Բոլոր ճանապարհները դեպի Հայրենիք և մոտեցուր, Տեր,

Ոհ… Փութացուր երջանիկ օրը մեր դարձի: ԱՄԵՆ»:

1900-ական թվականներին եկավ մի ժամանակաշրջան, երբ գաղթահայության մեջ տիրող պարտվողական հոգեվիճակը, ներքին ճակատում մոլեգնող միջկուսակցական պառակտիչ կռիվները, դրան գումարած օտար այլասերիչ միջավայրը, մղել էին դրսի հայությանն իր նման ստորին վիճակին հնազանդորեն համակերպվելու` սպառնալով դարասզբի մեր պարտությունը վերջնական դարձնել: Այս վիճակից դուրս գալու մեկ ելք կար` հոգևոր-բարոյական վերանորոգում, որն էլ հնարավոր էր միայն սեփական (ցեղային) արժեքների ու ձգտումների վերհանման և դրանք վերապրելու ճանապարհով: Ահա այստեղ է, որ Նժդեհը հնչեցնում է Ցեղակրոնության խոսքը` «որպես կազդուրիչ կանչ»: «Առանց Նժդեհի ներշնչած ոգևորության, առանձ անոր մղիչ ուժին, առանց անոր առաքինող անձին հմայիչ ազդեցության, դժվար թե ամերիկահայ մեր նոր սերունդը կարողանար կազմակերպվիլ այսքան կարճ ժամանակի մեջ»,- խոստովանում է Ռուբեն Դարիբյանը (շարժումը ձևավորվել էր Ամերիկայում, քանի որ գաղթահայության ամենամեծ զանգվածն ապրում էր այնտեղ): Նժդեհին էր տրված միավորել ցեղային շունչը, ամփոփել Ցեղային միտքը ու հիմք դնել հայկականորեն հիմնավորված հայի էությանը:

Շատերն այն թյուր կարծիքին են, թե իբր Նժդեհը անաստվածության նոր շարժում ստեղծեց, կամ, ինչն ավելի անհեթեթ է, նոր կրոն: Բնավ: Նա հավատում էր Աստծու զորությանը և էական նշանակություն տալիս կրոնին. «հեռանալով կրոնից, մարդն անձնասպանորեն կտրում է իր հոգևոր զարկերակը»:

Նժդեհն իր բոլոր ռազմաքաղաքական գործերը` Ղարաքիլիսայի ճակատամարտից մինչև Ինքնավար Սյունիքի և Լեռնահայաստանի Հանրապետության կերտումը, կատարել է 33-ից 35 տարեկան հասակում, ինչը նրա բացառիկության վկայությունն է, ինչպես և այն, երբ իմանալով, որ խորհրդային զորքերը մտել են Բուլղարիա և պատրաստվում են իրեն բանտարկել, այնուամենայնիվ չի փախչում, և հատկապես այն, որ, դատապարտվելով 25 տարվա բանտարկության, անգամ բանտի խոնավ պատերի ներքո շարունակում է ծառայել Հայաստանի ամբողջացման գործին և այդ նպատակով նույնիսկ երկու անգամ ծրագիր է ներկայացնում խորհրդային իշխանություններին` նախ առաջարկելով Արևմտյան Հայաստանի միացումը Խորհրդայինին, իսկ երկրորդ անգամ` իր միջնորդությունը` ուղղված Դաշնակցության և խորհրդային իշխանությունների միջև համագործակցության հաստատմանը: Այս ամենը, սակայն, մնում է թղթի վրա: Տրամաբանության բոլոր կանոններով, Նժդեհը պետք է մահանար բանտարկության առաջին իսկ տարում, ինչին, ի դեպ, համառորեն ձգտում էին նրան տարիներ շարունակ հոգեբանական մահապատժի ենթարկած դահիճ-քննիչները: Բայց նա կարողացավ տանել բանտի 11 ծանր տարիները, որից 9 տարին, ի դեպ, նրան արգելված էր որևէ նամակագրական կապ իր մերձավորների հետ: Միմիայն հոգեկան վիթխարի ուժի և հզոր կամքի տեր մարդը կարող էր դիմանալ նման իրավիճակում և պահպանել հոգեկան անդորրը:

Նրա բանտակից ընկերը պատմում է, որ Նժդեհը, զգալով մոտալուտ մահը, խնդրել է իրեն բարձրացնել ձեռքերի վրա, որպեսզի «կարելի չլինի իր մահը օտար հողի վրա»: Այդպես էլ մահացել է` բանտակիցների ձեռքերին, բայց ոչ օտար հողի վրա` երազանքը չիրագործած. «Աստված, որքան կուզեի հանգչել Հայաստանում` նայելով Արարատին»…

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #08 (924) 01.03.2012 – 07.03.2012, Ճակատագրեր


07/03/2012