Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՍԱԼԻ ԿԱՄՈՒՐՋ



Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասն այն ամուր կամուրջն է, որը թիկունքը կապում է առաջնագծի հետ, ապահովում է մարտական զորամասերի անխափան գործունեությունը։ Բարեբախտաբար, այդ կամուրջը շատ ամուր է և մշտապես կատարելագործվելով, ամրանալով՝ ամբողջությամբ կատարում է առաջադրվող խնդիրները։ Պլանային աշխատանքները, հրամանները ժամանակին և բարձր որակով կատարելու համար 2011թ. զորամասը ճանաչվեց լավագույնը և վերջին չորս տարիների ընթացքում երրորդ անգամ պարգևատրվեց պատվադրոշով։

Կասկածից վեր է, որ հերթական ձեռքբերումը հրամանատարի և ողջ անձնակազմի ցուցաբերած ծառայողական կարգապահության ու քրտնաջան աշխատանքի արդյունքն է։

ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԵՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

-Զորամասը կազմավորվել է 1992թ. ստեղծված` վաշտի բազայի վրա,- ասում է զորամասի հրամանատար գնդապետ Ա. Պետրոսյանը:- Առանց նման ստորաբաժանման անհնար էր մարտական գործողությունների շրջանից դուրս բերել վնասված տեխնիկան, վերանորոգել ու կրկին շարք վերադարձնել։ Այդ վաշտը պատերազմի ընթացքում շատ լավ է կատարել բոլոր աշխատանքները։ Բանակի կայացման հետ, բնականաբար, մեծանում են աշխատանքների ծավալները, և 1994թ. հուլիսին կազմավորվում է զորամասը։ Բոլոր միջոցառումները՝ զորավարժություններ, հավաքներ և այլն, իրականացվում են մեր ստորաբաժանումների ուժերով։ Մեքենաների սպասարկման ու շահագործման բնագավառում որևէ խնդիր չկա։ Ապահովվածությունը պահեստամասերով, քսայուղերով և այլն, շատ բարձր է։ Ունենք շատ լավ արհեստանոց բարձրակարգ վարպետներով։ Մեծ ուշադրություն ենք դարձնում անձնակազմերի, զինակոչիկների տեղափոխման խնդրին։ Երթուղի դուրս գալուց առաջ ստուգվում է մեքենաների վիճակը, հրահանգավորվում են վարորդները։

Անցած ուսումնական տարին բավական ծանրաբեռնված էր։ Հանրապետության անկախության քսանամյակին նվիրված զորահանդեսի առթիվ աշխատանքները կրկնապատկվել էին։ Զորահանդեսի ժամանակ բոլորը տեսան, թե ինչպես են մեր քարշակները տանում ծանր զրահատեխնիկան։ Զորահանդեսից հետո էլ տարեվերջին կատարվեցին ամփոփիչ հսկողական ստուգումներ, որոնց արդյունքում զորամասն արժանացավ «լավ» գնահատականի։ Ասեմ, որ այս տարվա համար նույնպես մեծածավալ աշխատանքներ են նախատեսված։ Մասնակցելու ենք մի շարք զորավարժությունների, այդ թվում՝ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման ստորաբաժանումների զորավարժությանը, որն անցկացվելու է մեր երկրում։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Գնդապետ Ա. Պետրոսյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում։ Ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվել է գյուղատնտեսական ինստիտուտ։ 1984-86թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ավարտել է ուսումը և աշխատել, մասնակցել հանրապետության սահմանների պաշտպանությանը։ 1992թ. ծառայության անցնելով ազգային բանակում, Ա. Պետրոսյանը բազմաթիվ մարտական գործողությունների է մասնակցել Արցախի տարբեր հատվածներում՝ Շահումյանում, Մարտակերտում, Հադրութում։ Երեք անգամ վիրավորվել է, ապաքինվել ու շարք վերադարձել։ 2000թ. գործուղվել է սովորելու Մոսկվայի համազորային ակադեմիայում։ Վերադառնալով՝ գնդապետ Ա. Պետրոսյանը զբաղեցրել է զորամիավորման հրամանատարի տեղակալի պաշտոնը, իսկ 2007թ. մարտից այս զորամասի հրամանատարն է։ Ամուսնացած է, ունի երկու աղջիկ։ Գնդապետ Ա. Պետրոսյանը պարգևատրվել է «Արիության», «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի և այլ մեդալներով։

ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՏԱԿ

Այս պատասխանատու ստորաբաժանման հրամանատարը փոխգնդապետ Վ. Եղիազարյանն է։ Նա ծնվել է Նախիջևանում։ Հետագայում նրանց ընտանիքը տեղափոխվել է Վեդի։ 1977թ. ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Երկու տարի սովորելուց հետո թողել է ուսումը և զորակոչվել բանակ։ 1984թ. մինչ 1993թ. նա ծառայել է ոստիկանության համակարգում։ 1993թ. ծառայության է անցել պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։

Փոխգնդապետ Վ. Եղիազարյանը պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով, բազմաթիվ այլ պարգևներով։

-Մեր գումարտակը համալրված է ավտոբուսներով։ Մենք ենք կատարում զինակոչիկների փոխադրումները։ Միաժամանակ ապահովում ենք զորավարժությունների, դաշտային պարապմունքների ընթացքում անհրաժեշտ, գործնական փորձաշրջան մեկնողների, քննական, ինչպես նաև զորամասերում ստուգումներ անցկացնող հանձնաժողովների անդամների ու մասնակիցների փոխադրումները։ Ապահովում ենք միջոցառումների՝ համերգների և այլ արարողությունների անցկացումը, ծնողների այցելությունները զորամասեր, հանգստյան ժամանակաշրջանում փոխադրումներ «Լեռնային Հայաստան» առողջարանական կենտրոն։ Իրականացնում ենք արտասահմանյան հյուրերի տեղաշարժը ներկայացուցչական մեքենաներով։ Ավտոբուսները թարմացվում են պլանային կարգով, և բարձրորակ սպասարկման շնորհիվ մշտապես պահպանվում են սարքին վիճակում։ ՀՊՊ պարապմունքների ընթացքում սպասարկման կուլտուրային վերաբերող բոլոր հարցերին մեծ ուշադրություն է դարձնում զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Կ. Կարապետյանը։

♦♦♦

Զորամասի ընդարձակ տարածքի պահպանությունն իրականացնում է ռազմականացված պահակախումբը։

♦♦♦

Անձնակազմերի տեղափոխման գումարտակի տարածքում, իրենց ավտոբուսների մոտ հանդիպեցինք վարորդների` շարքային պայմանագրայիններ Անանիա Կարապետյանին, Գագիկ Ավետիսյանին, Արթուր Հարությունյանին, Արմեն Աբրահամյանին, Մանվել Մկրտչյանին։ Այստեղ էին նաև գումարտակի հրամանատարի տեղակալ Ս. Սարգսյանը, վաշտերի հրամանատարներ, կապիտաններ Հ. Առաքելյանը և Ա. Մուրադյանը։

-Ես ծառայում եմ 1992 թվականից, եթե պայմանները լավ չլինեին, այսքան երկար չէի ծառայի,- ասաց Ա. Կարապետյանը։

-Արդեն երրորդ տարին է, ինչ այստեղ եմ, չեմ դժգոհում, աշխատավարձը շատ չի, բայց բավարարում է,- ասաց էջմիածինցի Գագիկ Ավետիսյանը։

ՏԱՐՀԱՆՄԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ

Փոխգնդապետ Բ. Սաֆարյանը տարհանման գումարտակի հրամանատարն է։ Նա ծնունդով Նոյեմբերյանից է, ծնվել է Ոսկեվան գյուղում։ Ավարտելով դպրոցը, ընդունվել է Աբովյանի ավտոճանապարհային տեխնիկում։ 1988թ. մեկնել է բանակ։ Զորացրվելուց հետո՝ 1991թ., աշխատել է ոստիկանության համակարգում, իսկ 1997թ. տեղափոխվել է բանակ։ Պարգևատրվել է «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի և «ՀՀ ԶՈՒ քսանամյակի» մեդալներով, ամուսնացած է, ունի երկու երեխա, որդին՝ Վարդան Սաֆարյանը, բանակ է զորակոչվել ՀՊՃՀ երրորդ կուրսից և ծառայում է սահմանամերձ զորամասերից մեկում։

Փոխգնդապետ Բ. Սաֆարյանը հպարտությամբ նշում է, որ եղել է ՀՀ անկախության քսանամյակին նվիրված զորահանդեսի ռազմական տեխնիկայի շարժի պատասխանատուն։ Ներկայացնելով գումարտակը՝ ասաց.

-Առաջադրանքները կատարում ենք տարհանող ծանր քարշակների միջոցով։ Աշխատանքը բավականին շատ է։ Զորավարժությունների և դաշտային պարապմունքների համար ծանր զրահատեխնիկան տեղափոխում ենք ուսումնական կետեր, բերում ենք պլանային նորոգումների, ապա հետ տանում։ Այն պահից, երբ տեխնիկան բարձվում է քարշակին, արդեն իսկ նրա պատասխանատուն մենք ենք։ Երբեմն հարկ է լինում ուղեկցման համար դիմել ռազմական ոստիկանության օգնությանը։ Ունենք շատ լավ վարորդներ, որոնցից հատկապես ուզում եմ առանձնացնել կրտսեր սերժանտ Անդոկ Ղազարյանին, շարքայիններ Գևորգ Այվազյանին և Վահան Խաչատրյանին։ Աշխատողները և ծառայողները գոհ են։

«ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴԻԿ ԵՆ»

Փոխգնդապետ Ա. Հովհաննիսյանը գումարտակի հրամանատարն է։ Ծնվել է Երևանում, սովորել է Կիրովի անվան N12 միջնակարգ դպրոցում։ 1980թ. ընդունվել է մեքենաշինական տեխնիկում, իսկ 1982-84թթ. ծառայել է բանակում։ Զորացրվելուց հետո ավարտել է ուսումը և աշխատել տաքսամոտորային պարկում։ 1992թ. ծառայության է անցել ազգային բանակում։ Ամուսնացած է, ունի մեկ տղա և մեկ աղջիկ։ Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի և այլ մեդալներով։ Մասնակցել է «Կիլիկիա» նավի տեղափոխմանը Բաթումի և հետագայում էլ այնտեղից Հայաստան բերելու ծանր աշխատանքին։

-Գումարտակը համալրված է հզոր բեռնատարներով, որոնք մշտապես սարքին վիճակում են։ Միշտ ունենում ենք հերթապահ խմբեր, որովհետև ամեն րոպե կարող ենք առաջադրանք ստանալ։ Կարևորն այն է, որ աշխատողները հրաշալի մարդիկ են, և իրավիճակն ինչպիսին էլ լինի, պատրաստ են կատարելու մարտական խնդիրները։ Շատ-շատ գոհ եմ պայմանագրային սերժանտ Կորյուն Գրիգորյանից, շարքայիններ Շավարշ Գրիգորյանից, Համլետ Մաթևոսյանից, սերժանտ Հայկ Հովհաննիսյանից, եֆրեյտոր Ռուդիկ Խաչատրյանից, շարքային Խոդետա Կշտոևից, մյուսներից։

♦♦♦

Մեքենաների մոտ տեխնիկ ենթասպա Նվեր Աբրահամյանն աշխատանքային հարցեր էր քննարկում վարորդներ Համլետ Մաթևոսյանի, Շավարշ Գրիգորյանի, Ռոբերտ Մխիթարյանի և Խոդետա Կշտոևի հետ։ Տղաների տրամադրությունը բարձր էր, ասացին, որ անհանգստացնող հարցեր, խնդիրներ չկան։

-Մենք այնպիսի տեղ ենք ծառայում, որ բոլոր հարցերն անմիջապես լուծվում են։ Դա մեծ առավելություն է, մնում է, որ մենք մեր գործը լավ անենք, երկար ճանապարհները գնանք ու հետ գանք անփորձանք,- ասաց ոդետան։

♦♦♦

Ենթասպա Նվեր Աբրահամյանն Այգեկ գյուղից է, երեսունհինգ տարեկան է։ Պարտադիր ժամկետային ծառայությունը կատարելուց հետո նախ ծառայության է անցել ՀՕՊ զորամասում, այնուհետև տեղափոխվել է այստեղ։ Սովորել է ենթասպաների դպրոցում։ Նա տեխնիկայից շատ լավ է հասկանում և գումարտակի լավագույն զինծառայողներից է։

♦♦♦

Զորամասում գովեստի խոսքեր ասացին նաև ՎՔՆ պահեստապետ ենթասպա Վարուժան Սարգսյանի մասին։

-Պահեստապետն էլ եմ ես, լիցքավորողն էլ։ Ինձ համար գիշեր-ցերեկ գոյություն չունի, միշտ այստեղ եմ, որովհետև ամեն րոպե կարող է վառելանյութ բաց թողնելու, մեքենա լիցքավորելու խնդիր առաջանալ։

Եղանք նաև վերանորոգման արհեստանոցում։ Արհեստանոցի պետ ենթասպա Աշոտ Դուրգարյանը ներկայացրեց աշխատողներին՝ վարպետներ Վահե Նահապետյանին, Գարիկ Սարգսյանին, Դավիթ Հունանյանին, Վիտյա Հակոբյանին, Մանվել Աբգարյանին և ցույց տվեց արհեստանոցի հնարավորությունները։

♦♦♦

Զորամասն ունի նաև շատ լավ կահավորված տեղեկատվության սենյակ և մասնագիտական լսարան, որտեղ նախատեսված մասնագիտական պարապմունքն էր սկսել հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գ. Խնկոյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #08 (924) 01.03.2012 – 07.03.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/03/2012