Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԻՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԱԺՊԻՏՆԵՐ



Ինչու թույլ տամ՝ մարդս խանդի,

Որ մի օր տա տունս քանդի…

♦♦♦

Հայ կինը ոչնչից սարքում է սեղան,

Հենց դրանից էր, որ սովից չմեռան։

♦♦♦

Ասում է՝ էնքան լավ աղջիկ ունեմ,

Ձեռքս չի բռնում ամուսնացնեմ։

♦♦♦

Կինս շատ է վատացել, առաջվանը չէ,

Ախր, նա մի տեղ արդեն զոքանչ է…

♦♦♦

Կինը հոտավետ ծաղիկ է նրբին,

Կնոջը նույնիսկ ծաղկով չեն խփի…

♦♦♦

-Ամուսնուդ շատ ես խեղճացրել, մեր սիրուն։

-Ես տղամարդկանց էդ տեսակն եմ սիրում։

♦♦♦

-Հիմար խելքս ասա, որ քեզ առա։

-Դե որ սխալվել ես, տեղդ տազ արա…

♦♦♦

Ո՞նց իմացար՝ գործդ աջ է։

-Վրաս էնքան շուն է հաչել…

♦♦♦

Ժողովրդական երգեր երգեց՝ պորտը բաց,

Ժողովրդի փակ բերանը բաց մնաց։

♦♦♦

-Իմ օդային համբույրները քեզ հասա՞ն։

-Տո, դրա փոխարեն ինձ մի ջան ասա։

♦♦♦

Հիմա դա գաղտնիք չէ, կարող եմ ասել՝

Երբ կինս քնած է, տան տերը ես եմ։

♦♦♦

-Հարևան ջան, կյանքս դառն է, ի՞նչ կասես։

-Լավ կլինի մեղրեցու հետ պսակվես։

♦♦♦

-Սիրուն ջան, ես քո ջանին մեռնեմ։

-Չէ, որ մեռար, ես ո՞ւմն առնեմ։

♦♦♦

-Աղջիկդ քո շատ ծույլ ու անբան է։

-Բա դա մոր երեսին ասելու բա՞ն է…

♦♦♦

-Տեսնեմ՝ էդ մերդ ինձ խի՞ չի հավանում։

-Իրեն մամա ասա, ոչ թե զոքանչ խանում։

♦♦♦

-Քո սիրով դու ինձ խենթացրիր։

-Լավ է, դու տեղից ըտենց էիր…

♦♦♦

Դու որ այդքան սիրուն ես՝ առանց խմել,

Բա՞ որ գնամ մի երկու թաս գինի խմեմ…

♦♦♦

Որ սերդ տան մեջ աճի, ամրանա,

Կնոջդ լավ պահիր, որ տատիկ դառնա։

♦♦♦

Դու իմ սիրտը մտար քո գժության պահին,

Բայց որ սիրտ ես մտել, քեզ կարգին պահիր։

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Հոգևոր-մշակութային


14/03/2012