Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾՆ ՆԺԴԵՀԻ ՊԱՏԳԱՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ



«Դատապարտելի է ամեն մի դպրոց, եկեղեցի, կուսակցություն, որը արիադավան չի դարձնում մարդուն որպես անհատ և հավաքականություն»։
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Եկեք-հասկանա՛նք, մեզ պատժողը թուրքը չէր, այլ մեր տկարությունը թուրքի միջոցով։ Մեզ մի նոր սերունդ է պետք, որը աշխարհը և իրերը տեսնի, սիրի իր ճակատագրին հրամայել գիտցողի կամքի աչքերով. ահա՛ Երևանի Գագիկ Ստեփանյանի անվ. N135 դպրոցի մանկավարժական խորհրդի (տնօրեն Գարեգին Ներսիսյան) հավատամքը։

Այսօր, երբ պարտված Ադրբեջանը նավթառյուծի դիմակ հագած` անզոր նապաստակի ծղրտոցով գարշահոտություն է սփռում տարածաշրջանում և սպառնում պատերազմով, հայերիս համար առավել քան երբեք հրամայական է դարձել սերնդի հայեցի դաստիարակությունը։ «Օր, ժամ, վայրկյան առաջ հայոց բառարաններից սրբենք հայրենասեր և հայրենասիրություն սնամեջ բառերը – պատգամել է Մեծն Նժդեհը և շարունակել -Հայրենիքին խոր պաշտամունք ունեցող հայրենապաշտներ են պետք, որպիսին դառնում են միայն ցեղը դավանողները»։

Փետրվարի 13-ին լրացավ Արցախյան ազատամարտի մարտական գործողությունների հերոս, «Մարտական խաչ» շքանշանների ասպետ, բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Գագիկ Ստեփանյանի (Հեթանոս Գագո) 45-ամյակը։

Դպրոցը իր փառապանծ սանի հոբելյանին կազմակերպել էր հուշ-երեկո։ Աշակերտները հանդիսատեսին մեծագույն հաճույք պատճառեցին իրենց բոցաշունչ ասմունքով։ Ներկայացրին հերոսի մարտական ուղին ու խոսեցին նրա սխրանքի մասին՝ հպարտանքի բազում հուզումնալից պահեր պարգևելով ներկաներին։ «Թեև Գագոն ընկավ,- հնչեցրեց հմուտ երիտասարդ մանկավարժ Քրիստինե Հարթենյանի սան, 8ա դասարանի աշակերտուհի Սոնան, և դողացին աղջնակի շուրթերը,- սակայն նրա առնական, հայկազուն տեսքը հառնում է մեր աչքերի առջև ամեն օր, մտնում մեր սրտերը ամեն ժամ։ Նրանք՝ Գագիկները, առյուծասիրտ հայորդիները, իրենց արյունով պահպանեցին Հայաստանը»։

Այնուհետեւ լեփ-լեցուն դահլիճը դղրդագին ծափերով դիմավորեց զինվորի մայր, վաստակաշատ ուսուցչուհի Սուսաննա Դանիելյանի 3-րդ դասարանի «Գագիկական» սաներին, որոնք կրծքին կրելով հերոսի նկարը, մանկական թովիչ ձայնով, բայց խրոխտ արտասանությամբ «Գագիկ Ստեփանյանին դասեցին նահատակված քաջերի շարքը» և երդվեցին՝ մեծանալ, զինվորագրվել հայոց հաղթանակած բանակին, ամուր պահել Հայաստանի սահմանները։

Միջոցառման վերջում ելույթ ունեցան ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը, ի դեպ, նույն դպրոցի շրջանավարտ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը և դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանը, որոնք իրենց ելույթներում նշեցին այսօր առավել քան երբեք մատաղ սերնդին ազգային ոգով դաստիարակության, կարգապահ զինվոր լինելու անհրաժեշտությունը, հայ անունը արժանապատիվ կրելու և հերոսների հիշատակը վառ պահելու կարևորությունը, հնչեցնելով խոնարհումի ու երախտիքի խոսքեր` ուղղված դահլիճում ներկա հերոսի մորը՝ 80-ամյա Նորա Ավագյանին։

Այնուհետև դպրոցի տնօրինությունը, մանկավարժները, աշակերտները, մարտական ընկերները Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն Մելիք Գասպարյանի ղեկավարությամբ ծաղիկներ դրեցին Հեթանոս Գագոյի հուշարձանին։ Իր ելույթում պարոն Գասպարյանը նշեց. «Այս է ճանապարհը անմահության, այլ ելք չունենք, քան ներցեղային բարոյականով սերունդ դաստիարակելու, արևի տակ Հայն ու Հայաստանը պահելու համար»։

Առանձնակի ընդգծվեց նաև այն հանգամանքը, որ Գագիկ Ստեփանյանի անվան N135 դպրոցը հարգանքի տուրք է մատուցում ոչ միայն անմոռաց հերոսներին, այլև մշակութային կյանքի երախտավորներին և վաստակաշատ մանկավարժներին։ Վերջերս դպրոցը մեծ շուքով նշեց մեծահամբավ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակը, որտեղ ներկա էր նաև հոբելյարի որդին՝ Արա Բաբաջանյանը, իսկ փետրվարի 17-ին հարգանքի տուրք մատուցվեց նաև դպրոցի նախկին տնօրեն մեծարգո Յաշա Դադասյանին, որին է պատկանում դպրոցը իր արժանահիշատակ սանի՝ Գագիկ Ստեփանյանի անունով անվանակոչելու նախաձեռնությունը։ Նախաձեռնություն, որ ուներ մեկ նպատակ՝ հերոսի անունով ու գործերով դաստիարակել մատաղ սերունդը։ Եվ որքա՜ն ճիշտ է ասել մեծն Նժդեհը. «Մեռի՛ր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ»։

ԲԱԳՐԱՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Բանակ և հասարակություն


14/03/2012