ԱՐՅՈՒՆԱԼԻ ՄԱՐՏԵՐ ՍԻՐԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Դամասկոսի կենտրոնական շրջաններից առավել ուժեղ պահպանվող ալ-Մեզեում, որտեղ տեղակայված է Սիրիայի անվտանգության ծառայության մի քանի օբյեկտ, ինչպես նաև զինվորական օդանավակայան, մարտի լույս 19-ի գիշերը դաժան մարտեր են սկսվել Բաշար Ասադին հավատարիմ կառավարական զորքերի և «Սիրիական ազատ բանակի» ստորաբաժանումների միջև:
Կողմերը լայնորեն կիրառում են նռնականետներ ու խոշոր տրամաչափի գնդացիրներ, իսկ ականատեսների պնդմամբ բախումների գոտի է բերվել նաև ծանր հրետանի: Կառավարական ուժերը շրջափակել են թաղամասը և անջատել փողոցային լուսավորությունը:
Մարտերը շարունակվում են նաև Իդլիբում. ապստամբները մարտերով նահանջում են դեպի սիրիա-թուրքական սահման: Հատկապես ծանր մարտեր են ընթանում Ջեբել էզ Զավիյա և Խիրբեթ Ջոուզ լեռնային շրջաններում: «Ազատ սիրիական բանակի» ներկայացուցիչը խոստովանել է կառավարական ուժերի ակնհայտ գերակշռությունը և հայտնել, որ իրենք, ըստ էության, կարողանում են միայն պարտիզանական պայքար մղել, իսկ բանակային ստորաբաժանումներն օգտագործում են անգամ ուղղաթիռներ:
Հաղորդվում է նաև Դեր-Զորում ընթացող մարտերի մասին:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան