Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՔՈՆՆ Է, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՔՈՆԸ ԿԼԻՆԻ



Սպարապետ Վազգեն Սարգսյանի այս խոսքերը կարգախոս ընտրելով` Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողների եւ ռազմական ինստիտուտի կուրսանտների համատեղ ջանքերով նրա անունը կրող ռազմական ինստիտուտում նշվեց պետական ու ռազմական գործչի ծննդյան 53-ամյակը: Միջոցառմանը ներկա էին Ազգային հերոսի ծնողները: Ռազմահայրենասիրական երգերով ու կատարումներով, բեմականացված դրվագներով եւս մեկ անգամ ներկայացվեց Վազգեն Սարգսյանի կյանքը, հիշվեց ու կարեւորվեց նրա ավանդը թե՛ Արցախյան ազատամարտում կերտած հաղթանակի, թե՛ ազգային բանակի կազմավորման գործում:

Միջոցառման ընթացքում Վազգեն Սարգսյանը ներկայացվեց թե՛ որպես ստեղծագործող, թե՛ որպես ռազմական ու քաղաքական գործիչ, ում կյանքը նվիրումի բացառիկ օրինակ է: Գնդապետ Մեխակ Հակոբյանը իր բացման խոսքում նշեց, որ Սպարապետի ծննդյան տարեդարձը պետք է ուղեկցվի բարձր տրամադրությամբ, քանի որ նա միշտ մեզ հետ է, բայց ներկաների հուզմունքը անթաքույց էր: Ռազմական ինստիտուտի առաջին պետ գեներալ-մայոր Սերգեյ Մարտիրոսյանը պատմեց Սպարապետի մասին հիշողությունները. «Ինստիտուտի շինարարության տարիներին Վազգենն իր ոգեւորությամբ ու եռանդով վարակում էր շրջապատին, նա մեծ նշանակություն էր տալիս ռազմական ինստիտուտի կազմավորման գործընթացին` գիտակցելով զինվորական գործի գիտակ սպաներ ունենալու կարեւորությունը: Ինստիտուտում դասավանդում էր հանրապետության գիտական կորիզը, ընդունելության մրցույթն էլ աննախադեպ էր: Ավանդույթը պետք է շարունակվի»:

Կուրսանտ Վարդան Օսյանը դեռ դպրոցական տարիներից էր որոշել իրագործել «էս երկրի մասին մտածելու եւ 21-րդ դարը մերը դարձնելու» Սպարապետի պատգամը, ուստի ընդունվեց ռազմական ինստիտուտ. «Համազորային ֆակուլտետի երկրորդ կուրսի կուրսանտ եմ, ինձ համար պատիվ է լինել Սպարապետի զինվորը: Գոնե մեկ անգամ մեր կռիվը մինչեւ վերջ տանելու վճռականության նրա պատգամը կամ կոչը իմ ծառայության կարգախոսն է»:

Միջոցառումը եզրափակեցին հեղինակ կատարողներ Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Արսեն Գրիգորյանն ու Ալլա Լեւոնյանը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի

Խորագիր՝ #10 (926) 15.03.2012 – 21.03.2012, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն


21/03/2012