Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԱՏՈԼԻ ՍԵՐԴՅՈՒԿՈՎԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ



ՌԴ պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է պատասխանելու հավանական սպառնալիքներին, սակայն աստիճանաբար մեծանում է Ռուսաստանի` տարբեր զինված բախումներում ներքաշվելու վտանգը:

Նա հայտնել է, որ վերջին տասնամյակում ընդլայնվել է ՌԴ ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգների շրջանակը: Հայտնվել են տարածաշրջանային առաջնորդների դերին հավակնող ուժերի նոր բևեռներ և Ռուսաստանի համար լարվածության նոր օջախներ: Իսկ հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի ծավալումն իր հերթին խախտում է ուժերի ձևավորված հավասարակշռությունն ու ռազմավարական կայունությունը:

Անդրադառնալով պաշտպանության նախարարի հայտնած մտահոգություններին՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ անհրաժեշտ է 2020 թվականին երկրի պաշտպանական համալիրի զարգացմանը տրամադրել համախառն ներքին արտադրանքի առնվազն 2,8 տոկոսը. «Մեր երկրի, քաղաքացիների ու դաշնակիցների անվտանգությունը պահանջում է երաշխավորված պաշտպանություն, և մեր ռազմական հզորությունը պետք ունակ լինի այնքան արագ արձագանքելու ցանկացած սպառնալլիքի, որ աշխարհում ոչ մեկի մտքով չանցնի փորձելու նրա ամրությունը»:

Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ գործնականում ավարտվել են ՌԴ զինված ուժերի բարեփոխումները, և զորամասերի մեծ մասը պատրաստ է սեղմ ժամկետներում կատարելու իրենց մարտական խնդիրները, իսկ զինվորական օկրուգների նոր կառուցվածքի շնորհիվ բարձրացել է պլանավորման ու զորքերի գործողությունների ղեկավարման արդյունավետությունը: Վերջին երեք տարիների ընթացքում բանակը ստացել է առավելապես արդիական սպառազինություն, ինչի շնորհիվ վերջինիս տեսակարար կշիռը 10-ից հասել է 16 տոկոսի, իսկ ինքը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, մասնակցել է բոլոր առանցքային զորավարժություններին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


21/03/2012