Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ



Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյան մարտի 27-ին Սեուլում մասնակցել է Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովին: Հանրապետության ղեկավարը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով: Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի կազմակերպիչներին և անձամբ Նախագահ Լի Մյուն-Բակին` գլոբալ անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող այդ կարևոր հավաքը հյուրընկալելու համար: Հանրապետության ղեկավարը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շարունակական ջանքերը 2010թ. Վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր:

«Միջուկային անվտանգությունը եղել և մնում է Հայաստանի համար առաջնային կարևորության խնդիր: Ցանկալի արդյունքներ գրանցելու նպատակով մենք հետևողականորեն և պատրաստակամորեն աջակցել և իրականացրել ենք առաջարկվող ծրագրերը, կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել վերահսկողության գործուն մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով, ընդունվել է նոր օրենք Երկակի նշանակության ապրանքների, այդ թվում միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահանման, տարանցման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին:

Հանրապետության ղեկավարը նշել է նաև, որ ՄԱԿ-ի Միջտարածաշրջանային հանցավորության և արդարադատության հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ և աջակցությամբ Հայաստանն իրականացնում է կադրերի վերապատրաստման և մաքսային տեխնիկական հագեցման ծրագիր: Նախագահի խոսքով, Հայաստանի Հանրապետությունն ըստ ամենայնի նպաստում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացմանը:

«Վաշինգտոնի գագաթնաժողովում բոլորս խիստ կարևորեցինք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնական դերը միջուկային անվտանգության և ռադիոակտիվ նյութերի պահպանման և հսկման գործում: Հայաստանը, որպես միջուկային էներգիայի արտադրող, գործակալության հետ զարգացնում է համակողմանի փոխգործակցություն: Հայաստանի ատոմակայանի անվտանգ շահագործումը և նրա անվտանգության մակարդակի բարձրացումը, նրա ֆիզիկական պաշտպանության, ինչպես նաև բարձր ակտիվության աշխատած վառելիքի պահպանումն ու հսկումը մեր կառավարության առաջնային խնդիրներից է: Այս գործում մենք խստագույնս պահպանում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ այդ սերնդի միջուկային կայանների համար առաջարկվող միջազգային նորմերի պահանջները:

Հայկական ատոմակայանի շահագործման լիակատար համապատասխանությունը այդ նորմերին հաստատել է նաև ԱԷՄԳ կողմից անցյալ տարի անցկացված ՕՍԱՐՏ առաքելությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել ԱԷՄԳ-ին, Ռուսաստանի Դաշնությանը, Եվրամիությանը և այն բոլոր երկրներին, կազմակերպություններին և մասնագետներին, որոնք համագործակցում և աջակցում են Հայաստանի Հանրապետությանը այս կարևոր գործում:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայկական ատոմակայանի մասին Սեուլյան գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ներկայացրած ապատեղեկատվությանը. «Իսկ Ադրբեջանի նախագահի՝ Հայկական ատոմակայանի մասին այստեղ հնչեցրած բացահայտ ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում, որովհետև Հայաստանի մասին հերյուրանքներ տարածելը Ադրբեջանում վաղուց արդեն դարձել է գործելաոճ: Ընդ որում, ամենաբարձր ամբիոններից խեղված են ներկայացվում ոչ միայն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող ամեն ինչ, այլև միջազգային հանրության՝ մեր և ձեր կողմից ընդունված փաստաթղթերը: Նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Լեռնային Ղարաբաղի խնդրով հայտնի բանաձևերն են խեղաթյուրում, մոռանալով, որ իրենք են սկսել ռազմական գործողություններ, իրենք են հրաժարվել դադարեցնել դրանք, իրենք են, որ հիմա ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում և հրաժարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել միջազգային իրավունքի հիման վրա»,-նշել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարի խոսքով, Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ողբերգություններից հետո շատերն են վերապահումներով մոտենում միջուկային էներգիայի ապագայի խնդիրներին: Որոշ հատուկ դեպքերում, ինչպիսին Հայաստանի դեպքն է, ըստ Նախագահ Սարգսյանի, քիչ այլընտրանք կա` ապահովելու համար մեր ժողովրդի կայուն զարգացումն ու կենսամակարդակի բարելավումը:
Սերժ Սարգսյանի մոտեցմամբ, տեղին կլիներ էներգետիկ` այդ թվում նաև միջուկային էներգիայի անվտանգության ապահովման հարցերը դիտարկել հարակից խնդիրների հետ ամբողջության մեջ: Նախագահը ոչ պակաս կարևոր է համարել էներգետիկ ռեսուրսները չարամիտ քաղաքական կապիտալի վերածելու դեմ պայքարը: Դրա հետևանքները, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, ծանր են հատկապես այն երկրների համար, որոնք զուրկ են էներգիայի բնական պաշարներից և ստիպված են էներգետիկ անկախության ուղիներ փնտրել: «Հայաստանի չորս անմիջական հարևաններից երկուսը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, երկու տասնամյակ շարունակ շրջափակման մեջ են պահում մեր երկիրը՝ ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, այլընտրանք չթողնելով նաև էներգետիկ անկախության ուղիների ընտրության հարցում»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը ելույթի ավարտին վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը միջուկային նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև մեր երկրի վճռականությունը աջակցելու ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


27/03/2012