ՎԿԱՅՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՇԱՐԺՄԱՆ ԳԵՐԻՆ
Երբ անսպասելիորեն մի քանի հայորդիներիս բռնեցին ու տարան Բաքվի բանտ, մտածեցինք, որ այստեղից այլևս հետ ճանապարհ չկա, որովհետև ամեն օր դաժանաբար ծեծում, խոշտանգում եւ անարգում էին բոլորիս։
Այդպիսի հերթական ծեծի ժամանակ, հանկարծ ինձ տանջողներից մեկը տեսավ վզիցս կախված հասարակ մետաղյա Խաչը, ուզեց պոկել, որ անարգի, բայց, երբ փորձեց, չկարողացավ. չնայած որ մի բարակ շղթայով էր կախված։ Մի քանի անգամ փորձեց ու չկարողանալով՝ թողեց, որ ինքս հանեմ։ Ես էլ Խաչս հենց շղթայից հանեցի, իսկույն բերանս խոթեցի, որպեսզի կուլ տամ, որ մուսուլմաննրը չանարգեն մեր Տիրոջ նշանը։ Այդ տեսնելով՝ կատաղեց ու ավելի դաժանաբար սկսեց ինձ հարվածել ու միաժամանակ հայհոյել մեր կրոնն ու Վազգեն կաթողիկոսին։ Չդիմանալով այդ հարվածներին՝ ես ուշակորույս եղա։ Երբ ուշքի եկա, արդեն խուց էին տարել ու սառը ջուր լցրել վրաս։ Ընդարմացած լեզվովս մի կերպ ստուգեցի ուռած, արյունլվա եղած բերանս, որ տեսնեմ՝ ատամներս տեղում են, թե չէ, և հանկարծ հուրախություն ինձ, զգացի, որ Խաչը թշիս տակ է մնացել։ Հանեցի ու ջնջխված ու արյունլվա շուրթերով մի կերպ համբուրեցի այն, ներքուստ կարծես զգալով, որ այս մուսուլմանական դժոխքում փրկությանս միակ հույսս Տիրոջ Խաչն է լինելու։
Ու այդպես էլ եղավ. միշտ հերթական անգամ տանջելու տանելիս, նորից այն դնում էի բերանս, որը ինձ զարմանալի քաջություն և ուժ էր տալիս այդ դաժան խոշտանգումների ժամանակ։
Ավարտվեց այս բոլորը նրանով, որ ինձ մի քանի ամիս հետո հրաշքով ազատեցին՝ ինչ-որ մի ռազմագերու հետ փոխանակելով։ Ու երբ Շուշիի կռիվների ժամանակ մենք մտանք գրավված քաղաքը, այնտեղ ընկած վիրավորների մեջ այդ ինձ ծեծող ադրեջանցուն ճանաչեցի, որն ինձ տեսնելով՝ գթություն էր խնդրում։ Ես, որպես քրիստոնյա ու Խաչ կրող, պետք է տարբերվեի նրանից ու չթողեցի, որ տղաները շանսատակ անեին նրան, այլ մինչև շտաբ տանելով, հանձնեցի զինվորական ղեկավարությանը, որովհետև Քրիստոսի Խաչը ավելի վեհ է ու Աստվածային, քան Մուհամմեդի կիսալուսինը, ինչում ես ինքս իմ անձնական փորձությունով համոզվեցի։
Խորագիր՝ #11 (927) 22.03.2012 – 28.03.2012, Հոգևոր-մշակութային