Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ



Ադրբեջանում համակարգային ճգնաժամ է սկսվում

Որոշ վերլուծաբաններ հայ-ադրբեջանական սահմանին դիպուկահարների պատերազմի թեժացումը կապում են Իրանի նկատմամբ Արևմուտքի ճնշման հետ. ինչքան լարվում են Արեւմուտք-Իրան հարաբերությունները, այնքան ավելի լկտի ու հանդուգն է պահում իրեն Ադրբեջանը, ինչը դրսևորվում է նաև ադրբեջանական դիպուկահարների ակտիվությամբ:

Ըստ իս` Ադրբեջանի դիպուկահարների ակտիվությունը ուղիղ համեմատական է մեր հասարակության արձագանքին. ինչքան ցավոտ է արձագանքը, այնքան ավելի շատ են մեր կողմ արձակված կրակոցները:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա նրա նկատմամբ Արևմուտքի ճնշումը տարածվում է նաև Ադրբեջանի վրա. չէ՞ որ Արևմուտքը պետք է ձգտի ձեռք բերել Ադրբեջանի լիակատար աջակցությունն ընդդեմ Իրանի: Առանց լրացուցիչ ճնշման, այսպես ասած` հոժար կամքով Ալիևը Իրանի դեմ չի գործի, վերջիվերջո` այդ երկրների «քաշային կարգերը» միանգամայն տարբեր են: Եւ որպեսզի Ալիևը գործիք դառնա Արևմուտքի ձեռքին, նրան պետք է մի լավ վախեցնել: Ինչպես առիթ ենք ունեցել նշելու, վախեցնելու միջոցներից մեկը երկրում հակաիշխանական ընդվզում առաջացնելն է, ինչը բավականին մեծ մասշտաբով իրականացվեց Գուբա քաղաքում: Սակայն կան Արևմուտքի կողմից ճնշման այլ վկայություններ ևս:

Այսպես, ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթն օրերս գզրոցից հանեց «Dooney and Bourke» ընկերության հիմնադիր Ֆրեդերիկ Բուրկեի և չեխ գործարար Վիկտոր Կոժենինի՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին տված խոշոր չափերի կաշառքի պատմությունը: Հոդվածում ապացուցված է համարվում այն, որ Ադրբեջանի պաշտոնյաներին տրվելիք միլիոնավոր դոլարների կաշառքը ճամպրուկներով և չեչեն զինյալների պահպանությամբ հատուկ ինքնաթիռով հասցվել է Բաքու:

Միևնույն ժամանակ Կառնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ «Իլհամ Ալիևը լեգիտիմ է ածխաջրածիններից ստացվող բավականին մեծ շահույթի հաշվին միայն»: Իսկ կանադական «Global Research» հետազոտական ընկերությունը Ադրբեջանի վերաբերյալ վերլուծական հոդվածում մեջբերել է 2009թ. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական ուղերձը, որով Իլհամ Ալիևին համեմատել են հանցագործ մաֆիայի պարագլխի հետ: Հոդվածում մեջբերվում է նաև ադրբեջանցի ընդդիմադիր Ազիմ Մոլլազադեի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանն ստանում է իր նավթի եկամուտների հազիվ 10-ը տոկոսը, իսկ երկրի բնակչության 42 տոկոսն ապրում է աղքատության սահմանագծից էլ ցածր և որևէ կերպ չի օգտվում նավթային եկամուտներից:

Դե իսկ «Եվրատեսիլի» հետ կապված` Ադրբեջանի մասին քանի քննադատական հոդված և հաղորդում հրապարակեցին աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցները, արդեն դժվար է հաշվելը: Այս ամենը Ադրբեջանի նկատմամբ Արևմուտքի ճնշման վկայությունն է:

Մեծանում է նաև Իրանի ճնշումը: Երկու երկրների հարաբերություններում լարվածությունն աճում է, ինչի վկայությունն են անցյալ շաբաթ երկու տասնյակից ավելի «իրանցի լրտեսների» ձերբակալությունները Ադրբեջանում, այդ առթիվ Իրանի բողոքի նոտան և այն, որ Ադրբեջանը որոշել է Իրանի հյուսիսում անջատողականություն քարոզող հեռուստաալիք ստեղծել` ի պատասխան իրանական «Սահար» հեռուստաալիքի հակաադրբեջանական քարոզչության:

Ադրբեջանցի քաղաքագետ Արասթուն Օրուջլուի կարծիքով, այս ամենը ուղեկցվում է երկրի կառավարման համակարգի փլուզմամբ, արտաքին քաղաքականության ճգնաժամով, կոռուպցիայի և անօրինականության մասշտաբների աճով և վկայում է նաև Ադրբեջանի իշխանական համակարգի ճգնաժամը: Հենց միայն այն, որ Ադրբեջանը մարտի 7-15-ը դադարեցրել էր գազի մատակարարումը Ռուսաստան և փորձում էր վերացնել վթարի հետևանքները, և այն, որ փետրվարին էլ ստիպված էր եղել դադարեցնել գազի մատակարարումը Թուրքիա և Վրաստան, վկայում է, որ համապատասխան ենթակառուցվածքներն Ադրբեջանում սոսկալի վիճակում են: Եւ դա` վիթխարի եկամուտների պայմաններում: Ուրեմն` կոռուպցիա, ուրեմն` յուրացումներ, ոչ արդյունավետ կառավարում և պարզապես անպատասխանատու վերաբերմունք` բոլոր օղակներում:

Ա.Օրուջլուն չի բացառում, որ Ադրբեջանի իշխանավորներից ոմանք Իրանի հետ դիմակայությունը փորձում են օգտագործել առանց ժողովրդավարական բարեփոխումների Արևմուտքի աջակցությունը ստանալու համար: Այսինքն` «Մենք Իրանի դեմ ենք գնում, դուք էլ աչք փակեք մեր բռնատիրության վրա»: «Սակայն դժվար չէ գլխի ընկնել, թե ինչ գին է ստիպված լինելու վճարել Ադրբեջանը իրադարձությունների այդօրինակ զարգացման դեպքում»,- ասում է Ա.Օրուջլուն:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #12 (928) 29.03.2012 – 4.04.2012, Ռազմաքաղաքական


04/04/2012