ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՃԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ
Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին հայտարարել է, որ Ադրբեջանում պաշտպանությանն ուղղված ծախսերին հատկացվող գումարների ավելացմանը զուգահեռ շատանում է զինծառայողների մահերի թիվը:
Սումերենլին «Բիզիմ յոլ» թերթին հայտնել է, որ 2012 թ-ի առաջին երեք ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն արդեն 19 զինծառայողի կորուստ են ունեցել:
«Մեր անցկացրած մոնիթորինգի արդյունքներով` ընթացիկ տարվա առաջին 3 ամիսներին Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության բնագավառում 19 զինծառայող մահացել է, 34 հոգի էլ տարբեր պատճառներով վիրավորվել է: Կորուստներից միայն 2-ն են զոհվել հակառակորդի գնդակից, մնացած 17-ը մահացել են ոչ մարտական պայմաններում: Սարսափելին այն է, որ Ադրբեջանում անվտանգության եւ պաշտպանության բնագավառին հատկացվող ծախսերի աճի հետ աճում է նաեւ կորուստների թիվը: Ամենաշատ ծախսերն արվել են անցյալ տարի, ամենաշատ կորուստներն էլ գրանցվել են 2011-ին. մահացել է 95 զինծառայող: Այդ թիվը միայն մամուլում հայտնված տեղեկությունների հիման վրա է հաշվարկված», -ասել է նա:
Ռազմական փորձագետի կարծիքով` կորուստների պատճառը ադրբեջանական բանակում զինծառայողների սոցիալական դրության վատ վիճակն է եւ կանոնադրության խախտումները: «Սպայական եւ զինվորական անձնակազմի ցածր գիտելիքները, ուսում ստացած մարդկանց բանակից խուսափելը բերել է նրան, որ բանակում մակարդակը շատ ցածր է: Սպաները սոցիալական ծանր վիճակի պատճառով հարկադրված են անօրինական քայլերի դիմել եւ փող պահանջել զինվորներից: Վերջին 9 տարիներին ադրբեջանական բանակում մոտ 70 զինծառայողներ ինքնասպանության են դիմել: Հոգեբանական, կրոնական, բարոյական հարաբերությունները զորամասերում շատ ցածր մակարդակի վրա է: Քանի դեռ Ադրբեջանի բանակում կրոնա-բարոյական հակասությունները լուծված չեն, ինքնասպանություններն ու մահերն ավելանալաու են», -ընդգծել է փորձագետը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան