ՀԱՄԲԵՐԱՏԱ՞Ր ԵՔ ԱՐԴՅՈՔ
Այս թեստը մշակել են հոգեբանական գիտությունների թեկնածուներ, Ա.Ի.Գերցենի անվան Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորներ Ե.Պ.Իլյինը և Ե.Կ.Ֆեշենկոն: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են բազմաթիվ թեստեր, որոնք, որպես հուսալի և ճշգրիտ մեթոդիկաներ, վաղուց է, ինչ ընդգրկված են ՌՊՄՀ-ի հոգեբանության լաբորատորիայի մեթոդների շարքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար և նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ, կամ, առավել ևս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:
2. Հիշեք, որ թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակորեն:
Տրված 18 պնդումներից յուրաքանչյուրին համաձայն լինելու դեպքում գրանցեք «այո», հակառակ դեպքում` «ոչ»:
1. Երբ որևէ բարդ աշխատանք կատարելիս հոգնում եմ, անմիջապես ընդհատում եմ այն:
2. Այնքան համբերություն չունեմ, որ մինչև վերջ կարդամ որևէ ձանձրալի պատմություն:
3. Տանել չեմ կարողանում երկար հերթերը և հաճախ եմ հեռանում` չսպասելով իմ հերթին:
4. Կարող եմ երկար դիմանալ ցավին, օրինակ` ատամնացավին:
5. Սովորաբար կարող եմ երկար դիմանալ ծարավին:
6. Ես չէի կարողանա դիմանալ երկարաժամկետ դիետաներին, օրինակ` նիհարելու կամ որևէ հիվանդությունից ձերբազատվելու համար:
7. Երբ ֆիզիկական վարժություններ եմ կատարում, շուտ եմ հոգնում և պատրաստ եմ հենց այդ պահին էլ դադարեցնել:
8. Ես հազվադեպ եմ թողնում ձանձրալի աշխատանքը` այն մինչև վերջ չհասցնելով:
9. Սովորաբար դժվարանում եմ ստիպել ինքս ինձ աշխատել, երբ չեմ կարող աշխատել:
10. Ես գործը կիսատ չեմ թողնում:
11. Ինձ դուր է գալիս այնպիսի ֆիզիկական աշխատանքը, որն իրականացնելու համար ես պետք է հաղթահարեմ ինքս ինձ:
12. Վստահորեն կարող եմ ասել, որ ես համբերատար մարդ եմ:
13. Չնայած հոգնածությանը, ես ամեն ինչ անում եմ` աշխատանքի իմ տեմպը պահպանելու համար:
14. Ես նյարդայնանում եմ, երբ կանգառում ստիպված եմ երկար սպասել տրանսպորտին, նույնիսկ եթե չեմ շտապում:
15. Ես համբերատար չեմ ինձ ցավ պատճառող ցանկացած գործոնի նկատմամբ:
16. Ես չեմ ուզում ինձ թուլակամ համարել, այդ պատճառով հաճախ եմ իմ ուժերը գերազանցող քայլեր անում:
17. Ես առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով` «Այսօրվա գործը վաղվան չեն թողնի»:
18. Կարծում եմ, որ մարդ չպետք է գերծանրաբեռնի իրեն:
Արդյունքների մեկնաբանում
Հետևյալ համարի պնդումներից յուրաքանչյուրի «այո» պատասխանը գնահատեք մեկ միավոր` 4, 5, 8, 10, 11 12, 13, 16, 17:
Հետևյալ համարի պնդումներից յուրաքանչյուրի «ոչ» պատասխանը գնահատեք մեկ միավոր` 1, 2, 3, 6, 7, 9, 14, 15, 18:
Գումարեք միավորները:
0-6 միավոր – Ձեր համբերատարությունը ցածր աստիճանի է: Սպասելն առհասարակ տանջալի է Ձեզ համար: Մի՛ մոռացեք, որ կյանքում գրեթե միշտ լավագույն բաները ձեռք են բերում այն մարդիկ, ովքեր օժտված են համբերատարությամբ և իրենց գործը մինչև վերջ հասցնելու ընդունակությամբ:
7-11 միավոր – Դուք օժտված եք միջին մակարդակի համբերատարությամբ: Հեշտությամբ եք հարմարվում աշխատանքին և մարդկանց: Սակայն երբեմն կարևոր չեք համարում նման որակի առկայությունը` ինչ-ինչ պատճառներով կորցնելով իրավիճակի վերահսկողությունը:
12 և ավելի միավոր – Օժտված եք մեծ համբերատարությամբ: Սա իհարկե գերազանց է, հատկապես շրջապատում խնդիրներ չեք ունենա բռնկունության կամ ավելորդ շտապողականության պատճառով: Սակայն երբեմն նման համբերատարության գինը ավելորդ էներգիա կորցնելն է, ինչը վնասում է Ձեզ: Հաշվի առեք սա:
ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Ռազմական