ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ. ԲԱԶՄԱԴԱՐՅԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ
Երկու հնագույն ժողովուրդներ` հայերը և չինացիները, ծանոթ են եղել միմյանց դեռևս հնագույն ժամանակներից: Երբ ասում ենք Չինաստան, իսկույն պատկերացնում ենք Չինական մեծ պարիսպը, մետաքսը, ճենապակին, լապտերներն ու հովհարները: Մարդկությունը պարտական է այս ժողովրդին թղթի, վառոդի, կողմնացույցի և տպագրական գործի գյուտերի համար:
Պատմական աղբյուրներում վկայություններ են պահպանվել այն մասին, որ դեռևս մեր թվարկությունից առաջ հայերը առևտուր անելու նպատակով ուղևորվում էին Չինաստան` այնտեղից բերելով չինական մետաքս ու ճենապակի, իսկ Հայաստանից տանում էին դեղաբույսեր, բնական ու հանքային ներկեր և իհարկե՝ որդան կարմիր, որով ներկում էին չինական ու հնդկական մետաքսի լավագույն տեսակները: Առանձին հետազոտողներ նշում են, որ մ.թ.ա. 4-րդ դարում արդեն ձևավորվել էին հայ-չինական հարաբերությունները:
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
«Հայաստան» բառը չինարեն հնչում է «Յա-մեյ-նի-յա», որի հիերոգլիֆները նշանակում են «Ասիայի գեղեցիկ միանձնուհի»:
Հայերենում կա «չնաշխարհիկ» բառը, որը նշանակում է շատ գեղեցիկ, հոյակապ, հիասքանչ: Իսկ բառացի` չինական աշխարհից բերված:
Որոշակի կապեր են եղել միջնադարյան հայկական և չինական գեղանկարչությունների միջև: Կիլիկիայի դպրոցի մանրանկարներում հանդիպում են չինական վիշապների, առյուծաշների պատկերներ, իսկ Վասպուրականի գեղանկարչությունում՝ չինական կենցաղային առարկաների պատկերներ:
Հայկական պատմական աղբյուրներում, լեգենդներում, հեքիաթներում Չինաստանն անվանվում է չեների երկիր, Չինումաչին, Ճենաստան, իսկ չինացիներն էլ` ճենազն, ազգ չենաց կամ ազգ սինեացվոց:
«Սասնա ծռեր» էպոսում Սասունցի Դավթին սպանում է չինական աչքերով աղջիկը` նրա սեփական դուստրը Չմշկիկ Սուլթանից, որը, հնարավոր է, որ չինուհի էր: Նույն էպոսում Խանդութի թշնամին էր Չինաստանի թագավորը: Ի դեպ, Խանդութի աչքերը համեմատվում են չինական բաժակի հետ, որը վկայում է Հայաստանում չինական ապրանքների առկայության մասին: Րաֆֆու «Սամվել» վեպում գլխավոր հերոսը ներկայացվում է չինական արտաքինով:
Իրենց աշխատություններում Չինաստանի մասին են գրել հայ պատմիչներ Մովսես Խորենացին, Անանիա Շիրակացին, Կիլիկիայի թագավոր Հեթումը: Նրանց աշխատություններում տրվում է Չեների երկրի, նրա բնության, մշակույթի, այնտեղ բնակվող ժողովուրդների, նրանց ավանդույթների ու սովորությունների մանրամասն նկարագրությունը: Մովսես Խորենացին ճենաց ազգը նկարագրում է որպես «աշխարհիս երեսին ապրող բոլոր ազգերից ամենախաղաղասերը», իսկ Անանիա Շիրակացին էլ ասում է, որ «նրանց նախնիների հիմնական գաղափարն այն էր, որ մարդուն առաջին հերթին անհրաժեշտ է հանգստություն և խաղաղություն: Հրաժարվելով պատերազմներից, չինացիներն այնպիսի ազդեցություն են ձեռք բերել, որը չունեն եվրոպացիները: Այն ժամանակ, երբ Չինաստանում երեխաները ծնվում են կյանքի համար, Եվրոպայում երեխաները կարծես թե ծնվում են սրի տակ մեռնելու համար»:
Հայ-չինական հարաբերությունների հետաքրքրական պահերից մեկը Մամիկոնյան և Օրբելյան իշխանական տոհմերի չինական ծագման մասին լեգենդներն են, որի մասին են վկայում Խորենացին, Փավստոս Բուզանդը և Ստեփանոս Օրբելյանը:
Մովսես Խորենացու «Հայոց պատմության» Երկրորդ գրքի ՁԱ գլխում կարդում ենք, թե որտեղից և ինչպես է ծագել Մամիկոնյանների ցեղը. «…Ասում են, որ սրա [Շապուհի] ժամանակ է Հայաստան եկել Մամիկոնյանների ցեղի նախնին, արևելյան հյուսիսային քաջատոհմիկ և գլխավոր աշխարհից, Ճենաստանից, որ ես բոլոր հյուսիսային ազգերի մեջ առաջինն եմ համարում»:
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ
Գտնվելով Մետաքսի մեծ ճանապարհին՝ Հայաստանը դարերով եղել է տարանցիկ առևտրի կենտրոն: Մ.թ.ա. 160-ական թվականներին Չինաստան հասած հայ վաճառականները բերում էին և Հայաստանում վաճառում մետաքս և այլ բազմազան ապրանքներ:
Հան դինաստիայի Վու Տի կայսեր օրոք (մ.թ.ա. 140-80) եղել են մետաքսի, նեֆրիտ կիսաթանկարժեք քարի և այլ ապրանքների առևտրով զբաղվող հայ վաճառականներ: Անգլիացի պատմաբան Գ.Ջ.Ուելսը, չինական աղբյուրներին հղում կատարելով, նշում է, որ հայերը Հայաստանի ու Հռոմի ոսկին փոխում էին նեֆրիտի հետ: Վաղ միջնադարյան հայ-չինական տնտեսական կապերի մասին են վկայում Գառնիի, Դվինի, Անիի, Ամբերդ ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերված չինական ճենապակին, սելադոնիտը: Քարավանային ճանապարհով Հայաստան էին հասնում ոսկե և արծաթե թելերով ասեղնագործված բազմազան չինական ապրանքներ: Իսկ 9-րդ դարում՝ Աշոտ Բագրատունի թագավորի օրոք, նույնիսկ հովիվներն էին մետաքսե թիկնոց կրում:
Հայերի դերը նկատելի է 16-18-րդ դդ. չինական առևտրում, որոնք սեփական նավեր ու գործարաններ ունեին: 17-րդ դ.-ում հայերի` Չինաստանի հետ առևտրում մեծ տեղ էին զբաղեցնում մետաքսի հումքը, թանկարժեք կտորեղենը, ավելի քիչ` փղոսկրը, թանկարժեք քարերը, դեղերը, խունկը: Չինաստանի հայ վաճառականները անգլիացիների հետ հավասար իրավունքներ ունեին, ինչն ամրագրված էր 1688թ., Հնդկաստանի Սուրաթ քաղաքում անգլիական Արևելահնդկական ընկերության հետ կնքած առևտրային պայմանագրում: Հայերն իրավունք ունեին Չինաստան բերել և այնտեղից ապրանք տանել ինչպես սեփական, այնպես էլ հնդկական ու անգլիական նավերով, ընդ որում՝ ազատված լինելով մաքսավճարից: Մակաոյում, Կանտոնում և Շանհայում կային հայկական առևտրային գաղութներ, որոնք ունեին իրենց սեփական նավերը: Ի դեպ, ինչպես հայկական հագուստը ցամաքում, այնպես էլ հայկական դրոշը ծովում (խաչ բռնած գառնուկ) անվտանգության յուրահատուկ երաշխիք էին ծառայում Չինաստանի և այլ երկրների նավահանգիստներում:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂՈՒԹՆԵՐԸ
Առաջին հայկական գաղութները Չինաստանում սկսել են կազմավորվել 13-րդ դարի սկզբին` մոնղոլների` Հայաստան կատարած առաջին արշավանքից հետո, երբ հայ գերիների մի մասին բնակեցնում են Չինաստանի հյուսիսային շրջաններում: Այնուհետև հայերը շարժվում են դեպի երկրի խորքերը, հասնում մինչև Խաղաղ օվկիանոս և հիմնավորվում Կանտոն քաղաքում:
Հայերը լավ են իմացել Հնդկաստան և Չինաստան տանող ճանապարհները, տիրապետել են տեղի լեզվին, քաջածանոթ են եղել տեղաբնակների սովորույթներին և նիստուկացին: Այդ պատճառով շատ եվրոպացիներ հայերին վարձում էին որպես ուղեկցորդ և թարգմանիչ` այդ երկրները մուտք գործելու համար:
Ակադեմիկոս Հր. Աճառյանը նշում է, որ 17-18-րդ դարերում հայերը, օգտվելով չինական իշխանությունների հովանավորությունից և բնակչության համակրանքից, բարձր դիրքի են հասնում երկրի տարբեր շրջաններում ու միլիոններ դիզում: Հայերն ունեին առևտրանավեր, խանութներ, պահեստներ, հիմնել են առևտրային տներ: Աճառյանը գրում է. «Հայտնի է, որ Չինաստանը միշտ իր դռները փակ է պահել օտարերկրացիների, մանավանդ քրիստոնյաների առջև: Սակայն հայը բացառություն էր և օգտվում էր բացարձակ ազատությունից: Հայ վաճառականն այնքան սովորական երևույթ էր Չինաստանում, որ ճիզվիտ քարոզիչները, երկրում ազատ ելումուտ ունենալու նպատակով, հագնում էին հայ վաճառականի տարազ: Այսպես, օրինակ, ճիզվիտ քարոզիչ Հ.Կոես Բենետը 1603թ. հայ անունով և հայկական հագուստով մտավ Չինաստան»:
19-րդ դ. վերջին Ռուսաստանը սկսում է կառուցել Արևելաչինական կամ Հեռավորարևելյան երկաթուղին, և շատ հայեր Ռուսաստանից տեղափոխվում են Չինաստան: Հայկական գաղութները դառնում են բազմամարդ և սկսում են ակտիվ կյանք վարել: Եթե երկրի հարավում հիմնականում բնակվում էին վաճառական հայերը, ապա արևելքում` մտավորականները և արհեստավորները:
20-րդ դ. առաջին կեսին հայեր էին ապրում Մանջուրիայում, Խարբինում, Հոնգկոնգում, Շանհայում, Մակաոյում, Չանչունում: Խարբինում բնակվում էր շուրջ 400 հայ ընտանիք, հիմնականում՝ Սյունիքից և Ղարաբաղից: Գործում էր հայկական եկեղեցին, «Արծիվ» ընկերությունը, Հայ կանանց միությունը, Ուսանող երիտասարդության միությունը: Խարբինի առողջապահության ղեկավարն էր Ստեփան Մուղդեցյանը, շաքարի և հացի գործարանների տերն էր Գևորգ Աբգարը:
Մանջուրիայում բնակվում էր շուրջ 300 հայ ընտանիք: Այնտեղ էր գտնվում Սիբիրի և Հեռավոր Արևելքի բոլոր հայերի Կենտրոնական կոմիտեն: Չանչունում ապրում էր 70 ընտանիք, Շանհայում` 10-ը: Արխիվային նյութերը վկայում են նաև, որ «Հոնգկոնգում շատ հայեր բարձր դիրք էին գրավում հասարակության մեջ: Պարսկահայ Սեթը Հոնգկոնգի դատավորի և նահանգապետի պաշտոն էր զբաղեցնում»:
Ամենաանվանի չինահայը եղել է Հովհաննես Ղազարյանը, որն ավելի հայտնի է Ջոն Լազար անունով, ծնվել է 1778թ. Մակաո քաղաքում, վաճառականի ընտանիքում: Մանուկ հասակից նա չինարենին տիրապետելու մեծ ընդունակություններ է ցուցաբերել: Զբաղվել է լուսավորչական աշխատանքով: 1805թ. Սիրանպուրի միսիոներների խնդրանքով նա ձեռնամուխ է լինում Աստվածաշնչի չինարեն թարգմանությանը անգլերենից: Չինագետների կարծիքով, նրա թարգմանությունն ամենահաջողն ու լավագույնն է:
20-րդ դ. սկզբին «Հոնգկոնգի ամենաերևելի հայն» էր համարվում Խաչիկ Աստվածատրյանը` Փոլ Չաթերը (Չաթերը` Աստվածատուրի անգլերեն տարբերակն է): Նա ղեկավարել է Հոնգկոնգի հաշտարար դատարանը, եղել է գեներալ-նահանգապետի խորհրդականը, գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ, քաղաքի բոլոր բանկերի միջնորդը և ֆրանկ-մասոնական ժողովի նախագահը:
Անգլիայի թագավորը 1902թ. նրան ասպետի տիտղոս է շնորհում: Փոլ Չաթերի ծրագրով ու միջոցներով են կառուցվել Հոնգկոնգի նավահանգիստը` 11 մթերանոցներով, տեղի համալսարանի ժամացույցի աշտարակը, այլ շենքեր: Հոնգկոնգում նրա անունով երկու փողոց կա` Աստվածատրյան և Սըր Փ. Չաթեր: Փոլ Չաթերի մահից հետո նրա մարմարե պալատը վերածվել է թանգարանի: Փոլ Չաթերին է պարտական նաև հնդկահայ գաղութի Կալկաթայի Մարդասիրաց վարժարանը, որը մինչև այսօր գոյատևում է նրա օգնության շնորհիվ:
Խորհրդային վարչակարգի շրջանում Հայաստանը թեեւ սահմանափակ, բայցեւ մշակութային հարաբերություններ ուներ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Ռուսերեն թարգմանությունից չինարեն են թարգմանվել և հրատարակվել «Հայկական ժողովրդական հեքիաթները» (1949թ.), «Հայկական պատմվածքները» (1955թ.), «Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսը (1957թ.), Չարենցի պոեմներից մեկը (1958թ.): Ցավոք սրտի, չինական գրականությունն էլ է շատ քիչ թարգմանվել հայերեն, այն էլ` ռուսերենից:
Չինաստանն առաջին պետություններից է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը, որով հիմք դրվեց հայ-չինական հարաբերությունների նոր փուլին: Չինաստանը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական ոլորտներում: Նա մեր ռազմավարական գործընկերն է, և մենք է՛լ ավելի պետք է սերտացնենք մեր հարաբերությունները այս հզոր և հեռանկարային երկրի հետ:
ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական