Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ, ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻՆ ԵՎ ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆԸ



Շուշիի ազատագրման նախօրեին «Նիկոլ Դուման» ջոկատում էին հյուրընկալվել արտասահմանյան լրագրող աղջիկներ՝ ֆրանսուհի Սյուզին եւ ամերիկուհի Ջյուդին։ Եկել էին իրենց աչքով տեսնելու Արցախը, ծանոթանալու արցախյան խնդրին ու ճշմարտությունը պատմելու աշխարհին։ Մեկ ամիս մնալով ջոկատի կազմում, նրանք դարձել էին ջոկատի մտերիմները։ Այդ կենսուրախ աղջիկները սիրեցին Արցախը, նրա հիասքանչ բնությունը, մարդկանց։ Արցախն էլ նրանց սիրեց։

…Հատկապես հրապուրիչ էր 20-ամյա Ջյուդին, ծովն ու քամին հիշեցնող նրա մազերը, փխրուն կազմվածքն… ու նաեւ ամերիկյան նուրբ ու ամուր զրահաբաճկոնը։ Ջյուդին սիրահարվել էր Միքայելին։ Ընկերների նուրբ ակնարկներին 24-ամյա ազատամարտիկը թախծոտ ժպտում էր ու լռում։

-Մքո, աղջիկ քեզ համար կմարի…,- պապենական իր բարբառով սրամտում էր քյավառցի Վարդանը։

-Ես եկել եմ Արցախը պաշտպանելու,- բորբոքված պատասխանում էր Միքայելը։

…1992թ. մայիսի 8-ին հակառակորդը Աբդալ գյուղի մոտից փորձեց հարձակում ծավալել Ստեփանակերտի եւ Շուշիի ուղղությամբ։ Ծանր մարտեր էին։ Հրամանատարի հրամանով Միքայելն աղջիկներին ուղեկցեց անտառ ու ետ եկավ՝ շարունակելու կռիվը։ Գրոհը ետ մղվեց։ Թշնամու նահանջը վերածվեց փախուստի։ Տղաները սկսեցին հետապնդել ու հանկարծ հակառակորդի վիրավոր սպան մոտ տարածությունից կրակեց Միքայելի վրա։ Սայթաքելուց, թե հարվածի թափից ընկած Միքայելը բարձրացավ տեղից ու սկսեց թափ տալ վրայի փոշին։ Գնդակը դիպել էր… Ջյուդիի նվիրած զրահաբաճկոնին…

Մարտակերտի շրջանում մղվող մարտերից մեկի ժամանակ Միքայելը զրկվեց զույգ ոտքից։ Բուժվելու եւ պրոթեզավորվելու համար Միքայելին առաջարկեցին մեկնել արտասահման։

-Ես ի՞նչ գործ ունեմ արտասահմանում։ Ինձ տարեք Ղարաբաղ, նստեցրեք մի բլրի վրա, տվեք նշանառուի հրացանս, ու ես իմ գործը կանեմ,□ թախանձագին խնդրում էր ազատամարտիկը։

ԱՐՏԱԿՆ ՈՒ ՍՐԽԱՎԵՆԴԻ ՇՈՒՆԸ

1992թ. դժվարին ամառն էր։ Շատերի հետ Մարտակերտի շրջանից նահանջում էր նաեւ «Նիկոլ Դուման» ջոկատը։ Սրխավենդ ադրբեջանաբնակ գյուղի մոտ թեժ մարտեր էին, այրվում էին գյուղերի տները։ Հրամայված էր ապահովել բնակիչների նահանջը։ Կրակի գծից հաջողությամբ դուրս բերվեցին կանայք, երեխաները, ծերերը։ Ռումբերի պայթյունի, կրակոցների մեջ մարդկանց ձայները խեղդվում էին։ Մի պահ դադարեց ռմբակոծությունը։ Ու ճիշտ այդ պահին լսվեց շան կաղկանձը, այնքան ողբերգական, այնքան հստակ։ Տղաները կանգ առան։ Այրվում էր գյուղի մեծ տներից մեկը, բռնկվել էր խոտի դեզը, հրդեհը մոտենում էր դեզի մոտ գտնվող շան բնին։ Շղթայակապ շունը ոչ մի կերպ չէր կարողանում պոկվել… հրամանատարը դեռ չէր հասցրել որեւէ հրաման արձակել, երբ տեղից պոկվեց երեւանցի Արտակը։ Գնում էր փրկելու շանը… թշնամու շանը։ Քիչ անց վերադարձավ Արտակը… Հետեւից մի հսկա գամփռ։ Ոչ ոք չփորձեց շանը հեռացնել։ Շունը հետեւեց ջոկատին ու չհեռացավ Արտակից։ Ամենուրեք նրա հետ էր, պառկում էր ոտքերի տակ, հսկում նրան… քնած ժամանակ։ Ու ինքը քնում էր այն ժամանակ, երբ Արտակն էր արթուն։ Գնում էր հերթապահության Արտակի հետ միասին։

-Ամենաապահովն Արտակի հերթապահությունն է, բացառված է թշնամու հանկարծակի որեւէ գործողություն մեր դիրքերի վրա,□ ասում էին տղաները։

…Ու այդպես ամիսներ շարունակ, մինչեւ Կիչան գյուղի մարտերը։

Դեպի դիմացի բարձունքը վազող Արտակի վրա նետվեց շունն ու… տապալեց նրան։ Նույն պահին պայթեց թշնամու ականանետից արձակված ականը։ Արտակը փրկվեց, իսկ շան մարմինը բզկտվել էր բեկորներից…

ԲՌՈՒՆՑՔՎԱԾ ՈԳԻ

1985թ., Բուդապեշտ։ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում հանդիպում են հայ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը եւ թուրք Այկաչը։

Տրիբունաներում գտնվող իր մեծաքանակ հայրենակիցների աջակցությունից ոգեւորված Այկաչը դիմում էր բուռն գրոհների։ Մոլեգնած թուրք հանդիսականը ժամանակ առ ժամանակ բացականչում էր. «Թալեաթ փաշա, Թալեաթ փաշա»։

Եղեռնի 70-ամյակը նշող ժողովրդի համար հայ ժողովրդի դահճի անունը նշելը պատահական չէր։ Բեռլինում հայ վրիժառուի կողմից գնդակահարված 1943թ. Թուրքիային հանձնված Թալեաթի դիակը 1981թ. մարտի 15-ին ամենամեծ պատիվներով հողին էր հանձնվել Ստամբուլի ազգային հերոսների դամբարանում։

Ու հանկարծ թուրքերը լռեցին։ Մեկ ակնթարթ պահանջվեց հայ բռնցքամարտիկից, որ նրա ուժգին հարվածից Այկաչը հայտնվի ռինգի հատակին։ Տիրեց լռություն, ու լռության մեջ հայերենով հնչեց. «Կեցցե՛ Սամսոնը, կեցցե՛ Հայաստանը» ու հետո նույնը կրկնվեց թուրքերենով։

ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ

Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Պատմության էջերից


18/04/2012