ՆՍՏԻՐ ԿՈՂՔԻՍ, ՏՂԱՍ…
Նստիր կողքիս, տղա՛ս. այնքա՜ն բան կա քեզ պատմելու…
Գարուն է… Իմ ու քո եղանակը…
1975թ. մարտի 14-ին դու ծնվեցիր, և մենք քեզ անվանակոչեցինք Էդուարդ։ Հպարտ ու ազնիվ դաստիարակեցինք քեզ։ Քո կարմիր-կանաչ երազների մեջ կար կանաչ-կարմիր հայրենիք…
Գարուն է… Մարտի 14-ը, քո ծննդյան օրը… Ո՞ւր են քո ծաղիկները։ Ես տեսնում եմ այն կարմիր ժապավենով աղջկան, որի հետ դու շատ էիր խաղում։ Սա քո մանկությունն է, իմ կարոտած երիտասարդությունը։ Ախր ո՞ւր է այդ աղջնակը… Ես ինչպե՞ս կորցնեմ քո մանկության հեքիաթը, ինչպե՞ս քեզ կորցրի…
Գարուն է… Քո ծննդյան օրը…
Ե՛կ, նստիր կողքիս, զավա՛կս, այնպես եմ ուզում գրկել քեզ… Գարուն է… Աշխարհը հիանում է լուսաբացներով։ Իսկ ինձ համար էլի ցուրտ է, տեսնես ո՞ւր է կորել արևը։ Թող քեզ հետ գար, տղա՛ս…
Հիշո՞ւմ ես, 1993-ի ցուրտ նոյեմբերը։ Քեզանից լուր ստացանք Վարդենիսի շրջանից։ Ընդամենը 18 տարեկան` մասնակցեցիր կռիվներին։ Հետո քեզնից էլ լուր չեղավ։ Սարսափում էի, բայց և հպարտանում էի քեզանով՝ զինվոր-որդովս։ Հետո իմացանք՝ 1994-ի հունվարի 22-ին կտրվել էր կյանքիդ թելը։ 40 օր փնտրում էինք քեզ, իսկ դու արդեն հավերժ ննջում էիր լեռան լանջին։ Եվ քեզ գործածս տաք հագուստով ճանաչեցի… Բայց չէ՞ որ բաժանվելիս դու ասացիր՝ ցտեսություն, և ոչ թե՝ մնաս բարով։
Գարուն է… Ես առա քո սիրած ծաղիկներն ու դրեցի տանը՝ գրասեղանիդ, որի վրա քո մատնահետքերն են, քո դհոլն է և մեծ լուսանկարդ… Ծաղիկները լուռ չեն։ Նրանց շշուկի մեջ քո անցած օրերն են… Նրանք էլ են ասես բողոքում պատերազմի դեմ…
Բակում քո անունով հուշաղբյուր են կառուցել։ Ամեն օր, մի աղջիկ ծաղիկներ է դնում… Նա ո՞վ է, տղաս…
Որդի՛ս, թող ոչ մի մայր այլևս սև չհագնի…
Թող հանգիստ լինեն քո սահմանները, Հայաստա՛ն աշխարհ։ Չէ՞ որ որդիս՝ Էդուարդը, զոհվեց այդ սահմանների համար։
Գարուն է… Եվ քո՛ եղանակը, զավա՛կս… որդի՛ս…
Մենք, ծնողներդ՝ Սիմա Դեմիրճյանը, հայրդ՝ Էռնեստ Կյուրեղյանը, քույրերդ՝ Աննան, Սաթենիկը, եղբայրդ՝ Խորենը, շնորհավորում ենք քո ծննդյան օրը, գլուխներս խոնարհում և՛ քո, և՛ բոլոր զոհվածների շիրիմների առաջ…
Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Հոգևոր-մշակութային