Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ



Ռուսաստանի Դաշնությունում 1993թ. գործող զորացրված սպաների միավորման` «Մեգապիր» կազմակերպության հիման վրա 2011թ. մարտի 18-ին կազմավորվել է նոր կազմակերպություն՝ զորացրված սպաների միջազգային խորհրդակցական խորհուրդ (ԶՍՄԽԽ), որի նախագահն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ ցամաքային զորքերի գլխավոր քաղաքական վարչության ավագ տեսուչ գնդապետ Ալեքսանդր Նիկոլայի Կանշինը։ Նա աշխատում է ՌԴ հանրային խորհրդում և պաշտպանության նախարարության հասարակական կապերի խորհրդում։ ԶՍՄԽԽ միավորման մեջ ընդգրկված է 200-ից ավելի ներկայացուցիչ ՌԴ կազմի մեջ մտնող բոլոր հանրապետություններից, երկրամասերից, մարզերից, կազմակերպությունն ունի մեկ միլիոնից ավելի անդամ, տնօրենների խորհուրդ՝ կազմված 40 նշանավոր մարշալներից, գեներալներից, գիտնականներից, հիմնադրամ, որն օգնում է զոհվածների ընտանիքների երեխաներին, հաշմանդամներին և առավել կարիքավորներին։

ԶՍՄԽԽ-ի կազմում ընդգրկված են 16 պետությունների ներկայացուցիչներ` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Էստոնիա (Էստոնիան ներկայանում է երկու կազմակերպությունով), Լատվիա, Լեհաստան, Սլովակիա, Տաջիկստան, Իսպանիա, Նորվեգիա, Ադրբեջան։ Կազմակերպության գործունեությամբ հետաքրքրված են նաև Հունգարիան, Եգիպտոսը, Չինաստանը, Ավստրիան, Ուկրաինան, Իտալիան, Անգլիան, Ամերիկան և այլ երկրներ, որոնք ծանոթանում են այդ նորաստեղծ միջազգային կառույցի աշխատանքին և գործունեությանը։

ԶՍՄԽԽ-ը քաղաքական նպատակներ չի հետապնդում, իր հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով զորացրված և պաշտոնաթող սպաների խնդիրների ուսումնասիրության ու լուծման ուղիներ փնտրելու վրա, աշխատանքի, ինչպես նաև զբաղվածության, սոցիալական հարցերի և «ժողովրդական դիվանագիտության», որպեսզի զորացրված սպաների մասնագիտական և մտավոր ներուժն ու կարողությունները օգտագործվեն ի նպաստ ժողովրդավարական հասարակության զարգացման։ Բոլոր երկրներում սպաներն ունեն համարյա նույն խնդիրները, սակայն դրանք լուծվում են տարբեր ճանապարհներով, ուստի հետաքրքիր է և ցանկալի յուրացնել լավագույն փորձը։

Ելնելով տարբեր երկրների, միավորումների սպաների փորձից, ՀՀ վետերանների միավորումում քննարկվել են մեր երկրում նման խնդիրների լուծման ուղիները։ Նշվել է, որ 2011թ. սոցապնախարարությունը տնտեսել է 18 մլրդ դրամ, սակայն այդ գումարից ոչ մի վետերան՝ պատերազմի մասնակից, օգնություն չի ստացել: Այլ օրինակ. Արցախյան պատերազմից հետո զորացրված 16 գորիսցի սպաներ 2003թ. ուզում էին Որոտան գետի ափին ստեղծել ֆերմերային տնտեսություն և որպեսզի բանկից վարկ ստանան, պետք է իրենց տները՝ տնամերձով հանդերձ, գրավ դնեին, ուստի խնդրում են օգնել, սակայն բանկերը անհրաժեշտ գումարը խոստանում են տալ միայն մեկ տարով: Մինչդեռ հորթերը մինչև 350-400 կգ քաշը մեծացնելու և Կապանի մսի գործարանին հանձնելու համար անհրաժեշտ է առնվազն 3-4 տարի։ Շատերը հեռացան սահմանամերձ շրջանից, մյուսները հարմարվեցին գյուղատնտեսական բնագավառի այլ աշխատանքների։ Նման օրինակները, ցավով եմ նշում, եղել են նաև Վարդենիսի, Նոյեմբերյանի, Տավուշի և այլ սահմանամերձ շրջաններում։

Ցավոք, այսօր չեն գործում երբեմնի կապերը խորհրդային նախկին հանրապետությունների միջև: Օրինակ` 89-րդ հայկական հրաձգային Թամանյան եռակի Կարմրադրոշ դիվիզիայի դրոշը կամ դրա կրկնօրինակը մինչ օրս չկա Մոսկվայի ԶՈՒ թանգարանում՝ ի թիվս այլ զորամիավորումների դրոշների: Հաղթական մարշալների շարքում չկա նաև մեր մեծ հայրենասեր Հովհ. Ք. Բաղրամյանի նկարը։ Էլի՞ շարունակեմ` Երևանում Գայի անվան Սպայի տնից մնացել են միայն հիշողությունները՝ ձմեռային և ամառային դահլիճներ` հարուստ գրադարան-ընթերցասրահով, թանգարան (7-րդ գվարդիական բանակի), տասնյակ գեղարվեստական և ստեղծագործ խմբեր, վետերանների պատմագիտական խորհուրդ, համերգներ, ցուցադրություններ, մրցույթներ, հանդիպումներ և այլն` այն ամենը, ինչը համախմբում և բարձրացնում էր ժողովրդի, երիտասարդության ռազմահայրենասիրական ոգին։ Նման կենտրոններ պետք է գործեն բոլոր մարզկենտրոններում և սահմանամերձ շրջաններում։

Մոսկվայում բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում եղած ժամանակ գործընկերներիս հետ զրույցի թեման հանկարծ դարձավ հիասքանչ կառույցի «ազգությամբ մոլդովացի» գլխավոր ճարտարապետը։ Ես ստիպված էի միջամտել և ապացուցել, որ Կարո Սիմոնի Հալաբյանը ազգությամբ հայ է…

ԶՍՄԽԽ-ի հաջորդ նիստը կայանալու է ս.թ. մայիսի 23-25-ը, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։ Օրակարգում նախատեսված են հուշարձաններին ծաղկեպսակներ դնելը, «Սպայական ավանդույթները որպես «Ժողովրդական դիվանագիտության» միջոց` հանուն խաղաղության» թեմայով զեկուցման (Ա. Ն. Կանշին) ունկնդրում և քննարկում, պարգևատրումներ, նոր անդամների ընդունում, էքսկուրսիա և այլ հետաքրքիր միջոցառումներ։ Այդ նիստին ՀՀ կողմից մասնակցելու է նաև վետերանների միավորման հանձնաժողովի նախագահը՝ հոդվածի հեղինակը։

ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Բանակ և հասարակություն


18/04/2012